Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն

Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Դեսպանը նախարարին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխանցել Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի հրավերը` հոկտեմբերի 28-ին Վարշավայում մասնակցելու Լեհաստանի «Հրեական թանգարանի» բացման արարողությանը:



Հ. Պողոսյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-լեհական մշակութային կապերը զգալի զարգացում են ապրել. կողմերը կայուն համագործակցում են թատրոնի, կինոյի, երաժշտարվեստի և գրականության ոլորտներում: Անդրադարձ է եղել 2014 թ. հունիսի 18-ին Սոպոտի պատկերասահում բացված Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել է հայ ծովանկարչի 43 ստեղծագործություն: Նույն թանգարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերին 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայազգի անվանի նկարիչ Թեոդոր Ակսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսը: Այդ առիթով ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հրավեր է ուղարկել լեհ գործընկերոջը` Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մ. Օմիլանովսկային: Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, կողմերը պայմանավորվել են երկուստեք աջակցել ցուցահանդեսի կայացմանը:



Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2015 թ-ին Լեհաստանում իրականացվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերին: Նախատեսված են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբերի, Հովեր սեպտետ համերգները, Թանգարային գիշեր ակցիան /շրջիկ ցուցահանդես, տեղեկատվական նյութերի տարածում, ֆիլմերի ցուցադրություն և «Հայկական հետքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես/, Քշիշտոֆ Պենդերեցկու` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակապելլա գործի ներկայացում: Անդրադառնալով «Գրական տապան» փառատոնին, Հ. Պողոսյանը տեղեկացրել է, որ այս տարի ևս մասնակցելու է լեհ գրող Յանուշ Վիշնևսկին, ում «Գրանդ» վերնագրով գիրքը թարգմանվել է հայերեն: Նախարարը դեսպանին հրավիրել է ներկա գտնվել գրքի շնորհանդեսին:



Զ. Ռաչինսկին և Հ. Պողոսյանը կարևորել են մշակույթի ոլորտում համագործակցության մասին միջկառավարական փաստաթղթի` «ՀՀ Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում 2014-2017 թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը և պայմանավորվել մինչև հոկտեմբեր ավարտել դրա լրամշակման աշխատանքները: