Մեկնածներն ու չմեկնածները

Մեկնածներն ու չմեկնածները

Շաբաթ օրը Փարիզից վերադարձած սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները լռություն են պահպանում, թե ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի վերաբերյալ: Նրանք որոշել են գործուղմանը չմասնակցած կոլեգաների հետ այսօր նիստ անել եւ ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը: Թեեւ արդեն թմբկահարվում է, թե հայեցակարգը դրական է գնահատվել:



Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը քննարկման էր հրավիրել մասնագիտական հանձնաժողովի ողջ կազմին, սակայն 9 հոգանոց հանձնաժողովից սեպտեմբերի 18-ին Փարիզ են մեկնել միայն հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Վարդան Պողոսյանը, Գրիգոր Մուրադյանը: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը (ում որդու հարսանիքն էր շաբաթ օրը), Սերժ Սարգսյանի օգնական Գեորգի Կուտոյանը եւ Գագիկ Ղազինյանը քննարկումներին չեն մեկնել: