Վերջապես դիմեցին ՍԴ

Վերջապես դիմեցին ՍԴ

Ազգային ժողովի ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը վիճարկում են Սահմանադրական դատարանում: Դիմումի տակ ստորագրել է 33 պատգամավոր: Հայ ազգային կոնգրեսից ստորագրել է միայն Նիկոլ Փաշինյանը, մյուսները նպատակահարմար չեն համարել այդ հարցով ՍԴ դիմելը, սակայն խոստացել են աջակցել նախաձեռնությանը: Դիմումի ներկայացումը նպատակ է հետապնդում բացառել Սահմանադրության պահանջների խախտումներով օրենքների ընդունումն ու կիրառումը եւ ստեղծել կոնկրետ իրավական հիմքեր՝ կենսաթոշակային ապահովության ոլորտում իրավակարգավորման բացերը վերացնելու համար:
Դիմումատուների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ամբողջ իրենց ծավալով հակասահմանադրական են եւ պահանջում են ճանաչել դրանք անվավեր: «Դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել այդ փոփոխությունները եւ դրանց հետ կապակցված այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքները: Ոչ թե օրենքները պետք է փոփոխության ենթարկվեն, այլ պետք է անվավեր ճանաչվեն այս նոր փոփոխությունները»,-ասաց Զեյնալյանը:



«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն անհամբեր սպասում էր այդ օրվան, թե երբ են պատգամավորները դիմելու Սահմանադրական դատարան, եւ ինչ ընթացք այն կստանա: Նրանք իրենց լռությունը կապում էին դրա հետ, որ դատարան դիմելու ուղղությամբ քննարկումներ են անցկացնում: Նախաձեռնության անդամները երեկ հայտարարություն են տարածել եւ դիմում են Սահմանադրական դատարանին առ այն, որ 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի փոփոխությունները որեւէ կերպ չեն բավարարում ՀՀ Սահմանադրական դատարանի ս.թ. ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման պահանջները. այդ փոփոխությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ հերթական վարչապետի եւ կառավարության հերթական կաբինետի արհեստավարժ աճպարարության արդյունք ընդամենը: «Նախորդ անգամ եղավ արդյունքը, եւ մենք տեսանք, որ Սահմանադրական դատարանն ակնհայտ հակասահմանադրական ճանաչեց: Բայց մենք խնդիր ունեցանք ոչ թե որոշման հետ, այլ որոշման կատարման: Չկա որեւէ մեխանիզմ, որով Սահմանադրական դատարանը կվերահսկի իր որոշումը: Այդ իսկ պատճառով էլ պատգամավորները հարկադրված էին եւս մեկ անգամ դիմել»,-ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը: Նրա խոսքով, Սահմանադրական դատարանին ուղղված իրենց հայտարարության մեջ առաջին հերթին անդրադարձել են տարիքային խտրականությանը: «Սահմանադրական դատարանը կասեցրեց հոդված 5-ը, որը վերաբերում էր տարիքային խտրականությանը: Փաստորեն, այդ կետը պահպանվել է նոր օրենքում: Երկրորդ սոցիալական վճարը չի կարող տարածվել պետականի վրա, իսկ մասնավորի վրա՝ ոչ, այստեղ խտրականությունը դրված է պետականի վրա»,-ասաց Խաժակյանը: Ըստ Սահմանադրական դատարանի, սոցիալական վճարը չպետք է միաձուլվեր եկամտահարկին, բայց կառավարությունը սա էլ չի շտկել, փոխարենը մտցրել է երկրորդ սոցիալական վճարը. «Ակնհայտորեն, կառավարությունը լուծեց օրենքն արագ գործադրելու խնդիրը: Իրականում այն չկարգավորեց»: 



Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Տիգրան Մարտիրոսյանն էլ նշեց, որ ՍԴ-ին լիազորություններ տրվեն, որպեսզի նա կարողանա իր որոշումների խախտման դեպքում պատասխանատվության ենթարկել խախտողներին. «Նվազագույնը պաշտոնից հեռացում պիտի կարողանա իրականացնել: Մնացած քրեական պատասխանատվությունն էլ արդեն դատական այլ մարմինների քննելիք հարցերն են, թե այդ որոշման արդյունքում ինչ վնասներ են կրել մարդիկ կամ կառույցները, կամ պետությունը, եւ դրան համարժեք պատժամիջոցներ կիրառվեն»: