Ալեքսեյ Լյուբիմովը՝ Երևանում

Ալեքսեյ Լյուբիմովը՝ Երևանում

«Երեւանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովին իր երեւանյան մենահամերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դաշնակահարի կատարմամբ կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի եւ Դեբյուսիի ստեղծագործություններից: Լյուբիմովը համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում: Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի եւ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, «Ռադիո Ֆրանս»-ի, Թորոնթոյի սիմֆոնիկ եւ Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Լյուբիմովն իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ Ռուսաստանում եւ այնտեղ հիմնադրել «Այլընտրանք» երաժշտական փառատոնը:



Այս տարի «Երեւանյան հեռանկարները» սկսվել են մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին նվիրված հինգ համերգներով: Իր հոբելյանական 15-րդ տարում «Երեւանյան հեռանկարները» Բրյուսելում ընդգրկվել եւ համարվել է Եվրոպայի առաջատար մեկ տասնյակ փառատոններից մեկը: