Թևան Պողոսյանն ու Ալիկ Արզումանյանը ձախողել են Զարուհու օրինագծի քննարկումը

Թևան Պողոսյանն ու Ալիկ Արզումանյանը ձախողել են Զարուհու օրինագծի քննարկումը

«Ժառանգություն» կուսակցությունը չի դադարում զարմացնել մարդկանց: Մյուս կուսակցություններում եւս կան տարակարծություններ, սակայն այստեղ ճգնաժամը գնալով խորանում է: Խմբակցության անդամների միջեւ հակասությունը դրսեւորվել է նաեւ նոյեմբերի 2-ին՝ ԼՂՀ-ում արտագնա նիստի ժամանակ, երբ պետք է քննարկվեր Զարուհի Փոստանջյանի «ԼՂ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ԱԺ որոշման նախագիծը: Ըստ Փոստանջյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկումները միտումնավոր ձախողվել են: Նիստը փակ է անցել ոչ միայն լրագրողների, այլեւ մյուս պատգամավորների, ավելի կոնկրետ` ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանի համար, ում հրավիրել է Փոստանջյանը: Փակ քննարկման ժամանակ նախագիծը դրվել է քվեարկության, բայց դրական եզրակացություն չի ստացել: Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն «Ազատության» հետ զրույցում ասել է. «Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն ինչ արձագանք եւ հետեւանքներ կունենա՝ դա Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրավասությանը վերապահված խնդիր է: Մենք չենք խառնվում, մենք նման խնդիր չենք քննարկել»: Իսկ Փոստանջյանը գտնում է, որ Եվրասիական միությանն անդամակցության պայմաններում Հայաստանը պարտավոր է ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Դա հնարավորություն կտա նաեւ Ղարաբաղին ինքնուրույն գործելու՝ բանակցային սեղանի մոտ վերադառնալու: Փակ դռներին բախված ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց այն մասին, որ նիստը փակ անցկացնելուն կողմ են եղել հենց Զարուհի Փոստանջյանի գաղափարակիցները՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալիկ Արզումանյանը:



«Արզումանյանի առաջարկն է եղել դռնփակ անցկացնել, իսկ Պողոսյանն աջակցել է, որը շատ զարմանալի էր ինձ համար: Այսինքն, ԱԺ ընդդիմությունը, որ կարծում էի, թե խմբակցության էթիկայի առումով պիտի աջակցեր Փոստանջյանին, աջակցեցին հակառակ հարցում: Տիկին Փոստանջյանի հետ երեւի Պողոսյանը պետք է նախապես խմբակցության ներսում քննարկեին եւ մի որոշում կայացնեին, ոչ թե հասնեին Ղարաբաղ ու որոշեին այն դռնփակ անցկացնել: Ես երեկ շատ տխուր վայրկյաններ ապրեցի, որ տեսա ՀՀ քաղաքական դաշտում ինչ է կատարվում` չկա ընդդիմություն բառի բուն իմաստով, եւ կա ձախողված իշխանություն»: Ինչ վերաբերում է այն դռնփակ անցկացնելու պատճառին, Բադասյանն ասաց. «Ցանկացած հանձնաժողով իրավունք ունի փակ անցկացնելու եւ օգտվում է այդ իրավունքից, բայց կարող եմ մեկնաբանել, թե ինչու են արել այդպես: Իրենք պետք է ընդունեին մի որոշում, որը պետք է լիներ Արցախի շահերին հակասող, իսկ Արցախի շահերին հակասող որոշում ընդունելն ամոթալի է, այդ պատճառով էլ այն փակ են արել, այսինքն՝ օրինագծի քննարկման ձախողման ամոթալի որոշմանը չէին ուզում շատերը ներկա գտնվեին… Արցախ հասնելը ընդամենը շպար էր եւ քննարկվում էր միայն մի հանձնաժողովում, որի անդամների առնվազն 80 տոկոսը չի ճանաչում Արցախի հարցը, դա ցավալի է»: Բադասյանն ասաց, որ Փոստանջյանի նախագիծն իդեալական է, բայց ոչ արդիական, քանի որ եթե այդ օրինագիծն ընդունվեր, կբացահայտվեր Արցախի հարցի վերաբերյալ ՀՀ դիվանագիտության ողջ ձախողումը` Արցախը բանակցություններից դուրս թողնելը, Արցախը սուբյեկտից օբյեկտի վերածելը: