Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ռուսաստանի հայ փաստաբաններին

Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ռուսաստանի հայ փաստաբաններին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին: ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում:



Նախարարը ներկաների խնդրանքով անդրադարձել է երկօրյա աշխատանքային այցի նպատակներին, ներկայացրել արդյունքները՝ առանձնացնելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումներին:



Հովհաննես Մանուկյանը լսել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի քաղաքացիներին հուզող առավել կարեւոր խնդիրների վերաբերյալ ասոցիացիայի անդամների տեսակետները: Փաստաբանները ներկայացրել են Հայաստանի քաղաքացիների իրավական օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունները եւ ընթացիկ խնդիրները, մասնավորապես` ամուսնա-ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական կացության խնդիրներին առնչվող որոշ հարցեր:



Հանդիպմանը քննարկվել է նաեւ Ասոցիացիայի կողմից Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի իրավական սպասարկման աշխատանքը: Ներկաները նախարարին հավաստիացրել են, որ հայրենիքի իրավաբանների հետ կապերն ամրապնդելու, նոր գործընկերներ ձեռք բերելու , Հայաստանում եւ Ռուսաստանում գործարքների եւ ներդրումների իրավական սպասարկումն ապահովելու անհրաժեշտություն կա եւ պատրաստակամություն են հայտնել ցանկացած ձեւաչափով համագործակցել Հայաստանի համապատասխան մասնագետների հետ: Քննարկվել են նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպչական հարցերը: