Զինվորների բուժզննումը անցնում է խախտումներով

Զինվորների բուժզննումը անցնում է խախտումներով

«Զորակոչերի ժամանակ ոչ թե գանգատների, այլ համալիր բժշկական զննության հիման վրա պետք է տրվի եզրակացություն: Սխալ է առաջնորդվել միայն տվյալ պահի առողջական վիճակի գնահատմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։



Նրա հավաստմամբ՝  զորակոչի ընթացքում տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։ « Բազմիցս նշվում է, որ ձեռք են առնվում միջոցներ բուժզննությունը պատշաճ իրականացնելու ուղղությամբ, բայց զինվորների, ինչպես նաև նրանց հարազատների կողմից բողոքները այլ բանի մասին են խոսում»։ Բայց սրան զուգահեռ՝  լինում են դեպքեր, որ հիվանդ երեխային զորակոչում են, իսկ ծնողները  վախից չեն բողոքում․«Նրանք վախենում են, որ հետագայում հնարավոր ճնշումների կարող են ենթարկվել իրենց երեխաները ծառայության ընթացքում»։  



 Ներկայացվեց 2013 թվականի ձմեռային եւ 2014 թվականի ամառային զորակոչերի ժամանակ արձանագրված խախտումներն ամփոփող զեկույցը։ «Զեկույցում ներկայացրել ենք դեպքեր, երբ զորակոչիկին 3-րդ անգամ տարկետումից հետո ծառայությունից ազատելու փոխարեն 4-րդ անգամ են տալիս տարկետում, ինչն օրենքի խախտում է»,-ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ այս զորակոչի ընթացքում իրենց դիմել է 26 հոգի, որից 23-ը կապված է եղել բուժզննության հետ։ «11-ի դեպքում խնդիրը կարգավորվել է բանավոր ընթացակարգով, իսկ 15-ը իրավական լուծում են ստացել, որից մեկը առողջական խնդիրների պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից։ Բժիշկ-փորձագետ Վարդան Համբարձումյանին էլ մտահոգում է այն , որ զինվորական հանձնաժողովները հաշվի չեն առնում այլ բուժզննման արդյունքներ․ «Զինվորը մի շարք այլ հիվանդանոցներում բուժզննում է անցնում, իսկ հանձնաժողովը հաշվի չի առնում այդ ամենը, որը ևս օրենքի խախտում է»։ Բժիշկ-փորձագետը տեղեկացրեց, որ մինչ օրս չկարգավորված է մնում նաև հոմոսեքսուալ զորակոչիկների հարցը: «Եթե զորակոչիկը հայտնում է իր` հոմոսեքսուալ լինելու մասին, ապա նրան ազատում են զինծառայությունից` որպես հիմնավորում նշելով, թե ունի սեռական կամ հոգեկան հիվանդություն, այնինչ, փորձագետի խոսքով, հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ»։