«Ապրող ծառ»

«Ապրող ծառ»

Երեւանի կենդանաբանական այգում շուրջ 500 դպրոցական մասնակցել է «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթին: Այգու մուտքը եղել է ազատ, ինչը բազմաթիվ այցելուների հնարավորություն է տվել դիտելու մրցութային աշխատանքները եւ պարզապես վայելելու տոնական մթնոլորտը:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երեւանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Ապրող ծառ» միջոցառումը սովորեցնում է տոներն անցկացնել՝ առանց բնությանը վնաս հասցնելու: Որոշակի կանոնների հետեւելով՝ մրցույթ-փառատոնի մասնակիցներն անձամբ պատրաստել են զարդարանքներ՝ կիրառելով արդեն իսկ օգտագործված անպիտան իրերը: Պոլիէթիլենային շշերն ու բաժակները, հին ձայնասկավառակները, ստվարաթուղթն ու թելերը, ընդեղենի կեղեւը եւ այլ նյութեր երեխաների ձեռքերով նոր շունչ են ստացել՝ վերածվելով բնապահպանական ինքնատիպ զարդարանքների:



«Կարեւոր է, որ մարդիկ շրջակա միջավայրի նկատմամբ ուշադիր լինեն վաղ տարիքից: Այս միջոցառումների միջոցով մենք ցանկանում ենք խրախուսել երեխաներին, որպեսզի նրանք մտածեն բնության եւ դրա պահպանության գործում իրենց դերի մասին»,- նշել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական-կրթական նախագծի շրջանակում իրականացված հերթական միջոցառման նպատակը երիտասարդ սերնդի շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորումն է:



Հատուկ նշանակություն ունի նաեւ մրցույթի խորագիրը՝ «Ապրող ծառ»: Ավելի վաղ` դեկտեմբերի սկզբին, հիմնադրամը քարոզարշավ էր սկսել՝ բոլորին կոչ անելով հատված եղեւնիների փոխարեն ավելի մատչելի գնով գնել կամ վարձակալել ապրո՛ղ ծառ. արմատները հողում սոճի կամ եղեւնի, որը տոներից հետո կարող է տնկվել ետնաբակում, նվիրաբերվել որեւէ կրթօջախի կամ վերադարձվել Երեւանի կենդանաբանական այգի:
Մրցույթի մասնակիցները գնահատվել եւ մրցանակներ են ստացել երեք` լավագույն «Էկո-տոնածառ, «Էկո-ձնեմարդ» եւ «Սուրբ ծննդյան» մսուր անվակարգերում: Որպես մրցանակ, տրվել են նաեւ բնության մասին գրքեր, կինոթատրոնի հրավիրատոմսեր, «Զու» ամսագրեր եւ այլն: «Կանաչ» եւ առողջ կենսակերպ խրախուսելու նպատակով Երեւանի կենդանաբանական այգին յուրաքանչյուր ամիս պատանի այցելուների համար անցկացնում է հեծանվի խաղարկություն, որի հաղթողն այս անգամ դարձել է 13-ամյա Նարինե Զախարյանը: