Դրոգո` մեր ժամանակի միակ հերոսը

Դրոգո` մեր ժամանակի միակ հերոսը

Դրոգո՝ 20-րդ դարի ամենահետաքրքրական վեպերից մեկի՝ Դինո Բուցատիի «Թաթարական անապատի» գլխավոր հերոսը… Նա ծառայության է անցնում մի ամրոցում, որտեղ անվերջ թշնամու հարձակմանն են սպասում: Իսկ թշնամին այդքան էլ պարզ չէ, թե ով է: Անապատից այն կողմ թաթարների զորագո՞ւնդ, որի հետ ոչ ոք այդպես էլ հստակորեն չի առնչվել: Ինչեւէ, թշնամի ունենալու համար երեւակայություն ունենալն էլ բավարար է: Այստեղ աչքառուն ամրոցի ծառայությունն է, հպատակությունը բանակին եւ անձնազոհությունը հայրենիքին: Երիտասարդ Դրոգոն ամրոցում ծառայության է անցնում այդ ամենի բարձր գիտակցմամբ:
Ժամանակն անցնում է:



Անապատի կողմից թաթարներն այդպես էլ չեն երեւում, բայց աշտարակներից մերթընդմերթ լսվում են տագնապի սին ղողանջներ: Այդ ղողանջներն ամրոցի անձնակազմին հույս են ներշնչում, որ պատերազմը մոտ է, բախումը հակառակորդի զորքի հետ՝ անխուսափելի:
Ժամանակն անցնում է:



Զորացրվում են արդեն տարիքն առած սպաները, նրանց փոխարեն ծառայության են նշանակվում երիտասարդները: Ամրոցում Դրոգոն անցնում է ավելի բարձր, պատասխանատու պաշտոնավարության եւ դանդաղորեն ապրում իր երիտասարդությունը. ապրում է միջին տարիքը, ապրում է ողջ կյանքը: Զորացրվողների ետեւից Դրոգոն երանությամբ է նայում: Զորացրվելը դառնում է նրա կյանքի երազանքը:
Ամեն ինչ ավարտվում է նրա մարմնով:



Արդեն քայքայված ու հիվանդ սպային զորացրում են: Տունդարձի ճանապարհին իջեւանելով մի հյուրանոցում՝ Դրոգոն մահանում է…



«Նրան թվաց՝ ժամանակի վազքն ինչ-որ հրաշքով կանգ է առել...», «Ճանապարհն ավարտվեց. հիմա տեսնում էր իրեն մի ամայի, գորշ ծովափում, իսկ շուրջը չկար ոչ տուն, ոչ ծառ, ոչ մարդ՝ ինչպես անհիշելի ժամանակներում…»:
Դրոգոն, ամրոցը, երեւակայական եւ իրական թշնամին միշտ կրկնվում են, իսկ կյանքի ժամանակն անցնում է այդ ողբերգական կրկնության մեջ: Այսօր Հայաստանը, Հայաստանում ապրող հազարավոր մարդիկ այնքան մոտ են Դրոգոյին, եւ այնքան նման է նրանց կյանքն իտալացի սպայի կյանքին:



Երբ խոսում ես պետականաշինության մասին, ասում են՝ համբերեք, մի օրում չի ստեղծվում, ժամանակ է պետք:



Երբ խոսում ես Արցախի մասին, ասում են՝ համբերեք, սա ամենաբարդ հակամարտություններից մեկն է, ժամանակ է պետք:
Երբ խոսում ես քաղաքացի ձեւավորելու մասին, ասում են՝ արդեն ձեւավորվում է, բայց դրա համար ժամանակ է պետք, եւ, չգիտես ինչու, հիշեցնում են հույներին ու հռոմեացիներին:
Երբ խոսում ես երկրում տիրող անօրինականությունների, կառավարման վատ համակարգի մասին, ասում են՝ մենք նորանկախ պետություն ենք, ժամանակ է պետք, ամեն ինչ իր տեղը կգա…



«Ժամանակի» մասին խոսելիս ժամանակն անցնում է… Սա մեր մեջ բնակվող նողկալի կեղծիքն է, սուտը, որին ապավինել ենք բոլորս: Մենք հորինել ենք մի ժամանակ, որն անիվներից զուրկ է եւ ընդհանրապես գոյություն չունի: Ժամանակը երբեք չի գալիս, որովհետեւ հենց հիմա է ժամանակը, ուրիշ ժամանակ չի լինելու:



Հերի՛ք է այս սարսափելի խաբեությունը տարածել, սրանով եզրափակել սկսված խոսակցությունը:



Յուրաքանչյուր նմանօրինակ մտքի առաջ ես պատնեշելու եմ բոլոր ճանապարհները, ծեփելու եմ ականջներս, փակելու եմ աչքերս, հեռանալու եմ այս պոռնկացող ստապատումից, որի մեջ վախկոտի նման քողարկել ենք օրվա մեր անելիքը, կործանել ենք մեր ողջ կյանքը:



Եվ ես միշտ հիշելու եմ Դրոգոյին: