Ինչո՞վ եմ վատ այն մարդկանցից, ովքեր ստանում են պետպատվեր

Ինչո՞վ եմ վատ այն մարդկանցից, ովքեր ստանում են պետպատվեր

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն այն կարծիքին չէ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված՝ համատարած բոլոր թատրոնները պետք է անդրադառնան Ցեղասպանության թեմային: Չնայած մի քանի ներկայացումներ որոշ թատրոններում նախատեսված են, բայց կան թատրոններ, որոնք, անկախ ամեն ինչից, իրենց խաղացանկում ունեն Ցեղասպանության թեմային առնչվող ներկայացումներ:



Մեր այն հարցին, թե Ցեղասպանության պետական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվե՞լ են ինչ-որ ներկայացումներ, կամ եղե՞լ են կոնկրետ հատկացումներ թատրոններին, ՀԹԳՄ նախագահը նշեց, որ կոնկրետ տեղյակ չէ, գուցե 1-2 ներկայացում ֆինանսավորվում է, բայց, օրինակ, Պատանի հանդիսատեսի թատրոնի նախագիծը մերժվել է, սակայն կուզենար մերժումների դեպքում մի քիչ պարզություն լիներ, ու ասվեր, թե ինչու մերժվեց, ով էր դեմ եւ ինչու: «Չեմ կարծում, թե այդ հսկայական հանձնաժողովում բոլորը նստում կարդում են այդ պիեսները, այս դեպքում, կարծում եմ, 1-2 պաշտոնյայի լոբբինգն է աշխատում:



Ես կուզենայի մասնագիտական հանձնաժողով լիներ, եւ կոնկրետ ասեին, եթե մերժում են մի նախագիծ` ինչու, եթե մի նախագծի գումար են տալիս, դարձյալ ասեն` ինչու, թե չէ այսպես անհասկանալի վիճակում ենք: Կոնկրետ ես այլեւս ոչ մի նախագիծ չեմ ներկայացնելու, որովհետեւ մի 7-8 տարի արդեն կլինի, որ մեր թատրոնը պետպատվեր չի ստացել: Ես ուզում եմ հասկանամ, թե ես ինչով եմ վատ այն մարդկանցից, ովքեր ստանում են, ինչպե՞ս է դա որոշվում»,-նշեց Ղազանչյանը` ընդգծելով. կուզենար, որ թատրոնների ֆինանսավորումն ընդհանրապես մի քիչ տրամաբանական լիներ, եւ ինչու մի թատրոն, որի շենքն այդքան մեծ չէ, բայց որի կոլեկտիվը ոչ պակաս մեծ է, եւ նպատակներն էլ ոչ պակաս կարեւոր, պետք է պետպատվեր չստանա արդեն քանի տարի, եւ ինչքա՞ն կարելի է հին դեկորները դեմոնտաժել, նոր դեկորներ սարքել, 100 տարվա զգեստներն էլ հագնել ու դուրս գալ բեմ:



Հակոբ Ղազանչյանը վստահ է, որ թատրոն-պետություն փոխհարաբերությունը կարող է համակարգել թատրոնների մասին օրենքը, որին մի քանի տարի է արդեն, ինչ սպասում են թատերական գործիչները: Մի քանի անգամ արդեն քննարկումներ եղել են Թատերական գործիչների միությունում, նախարարությունում, ԱԺ-ում, ամեն անգամ թվում է, թե նախագիծը կընդունվի, բայց հանկարծ անհետանում է տեսադաշտից: Ղազանչյանը նշեց, որ իր շատ գործընկերների կարծիքով, եթե պետությունը ֆինանսավորում տա թատրոններին, ապա էլ օրենք պետք չէ, սակայն ինքը գտնում է, որ օրենքը պարտադիր է, որովհետեւ միայն ֆինանսական խնդիրները չեն:



Թատրոններում գլխավոր խնդիրը ստեղծագործական հարցերն են, շատ թատրոններում համակարգված չեն թատրոնի կառավարման սկզբունքները, այսինքն՝ գեղարվեստական ղեկավար-տնօրեն իրավասությունները. «Այսօրվա օրենքով գեղարվեստական ղեկավարներին նշանակում է թատրոնի տնօրենը, որը նույն հաջողությամբ կարող է առանց նախարարությանը տեղյակ պահելու ազատել գեղարվեստական ղեկավարին: Շատ թատրոններում գեղարվեստական ղեկավարները լիդեր են ընդամենը իրենց հեղինակության շնորհիվ եւ ոչ ավելին: Իրավաբանորեն որեւէ իրավունքներ նրանք չունեն, այս առումով օրենքը կարող էր համակարգել ոլորտը, որ գեղարվեստական ղեկավարները գոնե պետք է դառնան անձեռնմխելի մարդիկ թատրոնում, եւ նրանց պետք է նշանակի վերադաս մարմինը` կոնկրետ լիազորություններ նրան տրամադրելով»:



Ապա մեջբերեց Վրաստանի օրինակը, երբ անցած տարի Ազգային ժողովի մակարդակով մեր հարեւան երկիրն ընդունեց օրենք, որտեղ թատրոնի միանձնյա ղեկավարը համարվում է գեղարվեստական ղեկավարը, եւ նա էլ հենց ներկայացնում է տնօրենի թեկնածությունը, ում նշանակում է արդեն նախարարությունը: Ավելին` սուբյեկտիվ կողմը քչացնելու համար 3 հոգի են ներկայացնում նախարարությանը:
Ղազանչյանը նշեց, որ մեզանում թատրոններ կան, որոնց տնօրենները չեն ուզում գեղարվեստական ղեկավարներ լինեն, քանի որ վախենում են 2-րդ լիդերի ներկայությունից թատրոնում: Իսկ մարզերում տնօրենների մեծ մասը թատրոնի հետ կապ չունեցող մարդիկ են, մինչդեռ լավ գեղարվեստական ղեկավարը միայն կօգնի, որ տնօրենն ավելի հանգիստ ապրի:



Անդրադառնալով թատերական կրթությանը, ՀԹԳՄ նախագահը նկատեց, որ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ժամանակին մի կոպիտ սխալ թույլ տրվեց, որը ոչ միայն չուղղեցին, այլեւ զարգացրին. խոսքը վճարովի համակարգի մասին է, որը, ըստ նրա, պետք է բացառվի արվեստի բուհերում, ու թե վարձավճարը, թե դիմորդների քանակը պետք է ֆիքսված չլինեն, որովհետեւ մի տարի կարող են 15 լավ դիմորդներ լինել, մյուս տարի՝ 25: Նա պատմեց, որ ընդամենը երեկ իր մոտ մի տղա է գնացել աշխատանքի համար, որը հիվանդ է եղել եւ խոսակցական ապարատի խնդիր է ունեցել, բայց այդ տղային դիպլոմ եւ որակավորում են տվել, իսկ 2 տարի առաջ էլ մի աղջիկ իրեն ասել է՝ ուրեմն մեզ 4 տարի խաբե՞լ են. «Ես չեմ հասկանում՝ պարտադի՞ր է այդքան դասախոս աշխատավարձ ստանա, այդքան ժամ ծախսեն մարդկանց վրա, որոնցից բան դուրս չի գա հենց առաջին կուրսից, եւ արվում է միայն նրա համար, որ վճարունակ են, եւ ինստիտուտի բյուջեն փող է մտնում»:



Ինչ վերաբերում է դրամատուրգիային, ապա դրամատուրգիական դպրոցը դեռեւս Հայաստանում կայացած չէ: «Թատրոնը բարոյախոսության, փիլիսոփայական մտքեր չէ, այլ նախեւառաջ շարժում է, սյուժեի զարգացում, հստակ ֆաբուլա: Ինձ անընդհատ պիեսներ են բերում, որտեղ անընդհատ մտքեր, մտքեր, բայց այդ շարժումը, դինամիկան, որ պահանջում է դրամատուրգիան, ցավոք սրտի, չկա»,-նշեց նա, այնուհանդերձ տալով ժամանակակից դրամատուրգներից մի քանիսի անունները` Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան, Պերճ Զեյթունցյան: