Նախագահը Գագոյին մի մուշտի է տվել, ուրիշ բան խո չի՛ արել…

Նախագահը Գագոյին մի մուշտի է տվել, ուրիշ բան խո չի՛ արել…

Ի՞նչ եք ձեզ կոտորում՝ նախագահն այսպես ասաց, այնպես ասաց Ծառուկյանին: Այդքանից հետո ո՞նց են նայելու իրար աչքերի մեջ:



Հենց այդ հարցին է պատասխանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարՎահրամ Բաղդասարյանը՝ Առաջին լրատվականի հետ զրուցելուց.



«Իսկ սա, ինչ ա եղել որ, փոքր ինտրիգներ են, ավելի մեծ հարցերի հետ կապված և պետք չի մատի փաթաթան սարքել՝ բա որ մենք ժամանակին հայհոյե՞լ ենք… »:




Վահրամ Բաղդասարյանը երևի հայհոյելն ու լուրջ կոմպրոմատներ ներկայացնելը շփոթում է իրար հետ:  



Ստացվում է, որ Հանրապետականի շրջանակներում գործող յուրաքանչյուր մեկը ամեն ինչ կարող է անել, ինչպես և անում են, թույլատրելի է: Իսկ հենց խախտում են կարմիր գիծը, սպասվում է կոմպրոմատների բացահայտում:



Հենց սա է պատճառը, որ Հայաստանում տիրում է անպատժելիության մթնոլորտ: Թույլատրություն նվաճած Հանրապետականներն անում են այն, ինչ մտքներովն անցնում է:



Իսկ ժողովուրդը, որ ոչ մեկի վրա հույս չի դնում, թիկունքը դարձնում է դեպի հայրենիք ու հայդե՜… Որովհետև առաջին հերթին արժեզրկվում է նախագահի խոսքը, ինստիտուտը ու պարզ գծագրվում, թե ով կարող է հետապնդման ենթարկվել, իսկ ով՝ ապահով ապրել:



Հանրահայտ նովելի նման, երբ կնոջը սպանելու համար մեղադրվող դրոգապան Յագորը նախնական քննության ժամանակ դատական քննչի հարցուփորձին պատասխանելով՝ ասում է.
- Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՛մ արել։
Մնում էր որ Վահրամն էլ այսպես ասի՝ նախագահը Գագոյին մի մուշտի է տվել, ուրիշ բան խո չի՛ արել…



Չնայած ԱԺ ՀՀԿ ղեկավարի ասածն ավելի վտանգավոր բան է:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ