Երբ կհոգնեմ, կգազազեմ աշխարհից...

Երբ կհոգնեմ, կգազազեմ աշխարհից...

Մարտի 15-ին Արմավիրում ընտրություն է. համայնքը քաղաքապետ է ընտրելու: Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն ինքնառաջադրված 6 թեկնածուներ: Նրանցից 4-ը՝ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, նրա զարմիկն ու համատեղության կարգով քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանն ու ՏՏ ոլորտի մասնագետ Մանուկ Սիմոնյանը, ՀՀԿ-ականներ են: Իսկ Էդվարդ Վարդումյանն ու հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ սկանդալների սիրահար Արտակ Գեւորգյանը, անկուսակցականներ:



ՀՀԿ-ականներից յուրաքանչյուրը գրեթե համոզված էր, որ հարազատ կուսակցությունը հենց իրենց թեկնածությունն է պաշտպանելու: Չգիտես ինչու, նույն համոզմունքն ուներ նաեւ գործող քաղաքապետը, ով 2013 թվականի նախագահական ընտրությունից հետո քիչ էր մնում հրաժեշտ տար պաշտոնին, որովհետեւ Գյումրիից հետո Արմավիրը երկրորդ քաղաքն էր, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվեց: Եվ զարմանալի է, որ այսօր Ռուբեն Խլղաթյանը հարազատ կուսակցության հովանավորչությունն էր ակնկալում մինչեւ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը: Բայց եղավ այն, ինչ եղավ. ՀՀԿ-ն, որ ինքն էլ մի լավ օրի չէր ներքաղաքական խժդժությունների պատճառով, նույնիսկ ժամանակ չտրամադրեց կուսակիցներից որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելու օգտին որոշում կայացնելուն:



ՀՀԿ-ն Արմավիրի քաղաքապետի ընտրության ելքը, ամենայն հավանականությամբ, վստահել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Իսկ վերջինիս եւ գործող քաղաքապետի ոչ ջերմ հարաբերությունները, որ նկատելիորեն սառեցին հատկապես նախագահական ընտրություններից հետո, դժվար թե աշխատեն հօգուտ Խլղաթյանի: Ասել է թե՝ իրական պայքարն ընթանալու է ոչ թե գրանցված թեկնածուների, այլ մարզպետ Ղահրամանյանի, տվյալ դեպքում նրա ֆավորիտ թեկնածուներից մեկի՝ հավանաբար, մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանի եւ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի միջեւ:



Սա, թերեւս, գիտակցում է նաեւ Խլղաթյանը, բայց գրեթե համոզված է, որ քաղաքն իր օգտին է քվեարկելու: Ասում է՝ եւ ինքն է սիրում Արմավիրը, եւ արմավիրցին է իրեն սիրում: «Դրա համար էլ երեք ընտրություն անընդմեջ ինձ են ընտրել»: Բացառելով ընտրական կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումն իրենց քաղաքում, Խլղաթյանը համոզմունք հայտնեց, որ հերթական ընտրությունն էլ կիրականացվի առանց կեղծիքների: «Երեք ընտրություն եմ անցել, երեքն էլ դատարանով բողոքարկվել է: Բացվել են բոլոր 16 տեղամասերը, ու ոչ մի խախտում չեն գտել: Առանձնահատուկ մաքուր ընտրություն ենք անում»,-ասաց քաղաքապետը:



Հարցին, թե ՀՀԿ-ի աջակցությանը չարժանանալուց հետո չի՞ պատրաստվում ինքնաբացարկ հայտնել եւ զուր ռեսուրսներ չվատնել երիտասարդ թեկնածուների հետ պայքարում, Խլղաթյանը հեգնեց. «Կտեսնենք, թե երիտասարդներն ինչքան ձայն կհավաքեն, ես՝ ինչքան...»:
Երկար տարիներ քաղաքապետի պաշտոնում աշխատելով, Խլղաթյանը, իր իսկ ձեւակերպմամբ՝ ոչ լճացել է, ոչ էլ հոգնել: «Երբ կհոգնեմ, կգազազեմ աշխարհից..., ձեզ տեղյակ կպահեմ»,-ասաց կեսլուրջ-կեսկատակ:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ