Ինչո՞ւ է ԱԺ-ն թաքցնում պատգամավորների այցն Արցախ

Ինչո՞ւ է ԱԺ-ն թաքցնում պատգամավորների այցն Արցախ

Ազգային ժողովի Եվրախորհրդարանի բարեկամական հանձնախմբի կամ, որ նույնն է՝ պառլամենտական համագործակցության խմբի մի շարք անդամներ երեկ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետություն: Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկնում են Արցախ՝ մի շարք հարցերի շուրջ իրենց արցախցի գործընկերների դիրքորոշումները ճշտելու, որպեսզի դրանք ներկայացնեն եկող շաբաթ կայանալիք Եվրանեսթի լիագումար նիստին ու PCC-ի (այդպես է կոչվում Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնախումբը՝ անգլերեն հապավումով) նիստին, որը նույնպես այս տարի Հայաստանում է կայանալու: Պողոսյանն ասաց, որ այցն ավելի շատ նվիրված է վերոնշյալ միջխորհրդարանական համագործակցության խմբի այցին, որը տեղի է ունենալու մարտի 19-25-ը, սակայն Ղարաբաղի իրենց գործընկերների դիրքորոշումները կներկայացվեն նաեւ մարտի 16-18-ին՝ ՀՀ Ազգային ժողովում կայանալիք Եվրանեսթի լիագումար նիստի ընթացքում:



Հարցին՝ կոնկրետ ի՞նչ դիրքորոշումներ են ճշտելու արցախցիներից, Պողոսյանն ասաց՝ կոնֆլիկտների լուծման, ձեւակերպումների մասին, սահմանային իրավիճակների խնդիրների վերաբերյալ եւ այլն: Պատվիրակության կազմում են Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Բոթոյանը, Լեւոն Դոխոլյանը, Մարգարիտ Եսայանը, Ստեփան Մարգարյանը, Էդմոն Մարուքյանը, Աղվան Վարդանյանը, Տաճատ Վարդապետյանն ու Նիկոլ Փաշինյանը: Թեւան Պողոսյանն ասաց, որ Լեւոն Դոխոլյանը, օրինակ, իրենց հետ չէ: Էդմոն Մարուքյանը նույնպես նրանց հետ չէ, քանի որ գտնվում է ԱՄՆ-ում: Չի մեկնել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մնացել է, որ մասնակցի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին: Հայ պատգամավորներն Արցախում կմնան մեկ օր եւ շաբաթ օրը կվերադառնան: Այստեղ ուշագրավ է այն, որ այս այցի մասին Ազգային ժողովի կայքում նշված չէ: Իսկ երբ փորձեցինք ԱԺ լրատվական վարչությունից ճշտել այս մասին, ասացին, որ իրենք նման տեղեկություն չունեն: Խորհուրդ տվեցին ճշտել ԱԺ կադրերի բաժնից, որտեղից էլ պատասխանեցին, որ իրենք եւս նման տեղեկություն չունեն. Ղարաբաղ կատարած վերջին այցը եղել է փետրվարին, առաջիկայում էլ այց նախատեսված չէ: Հարց է ծագում՝ փնթի աշխատա՞նքն է այս անտեղյակության պատճառը, թե՞ այցը գաղտնի պահելու ավելի խորքային պատճառ կա:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ