Սերժ Սարգսյանը նախ փոխեց քաղաքական դաշտը, հետո կփոխի Սահմանադրությունը

Սերժ Սարգսյանը նախ փոխեց քաղաքական դաշտը, հետո կփոխի Սահմանադրությունը

Սահմանադրական փոփոխությունների ճանապարհին գլխավոր խոչընդոտին՝ Գագիկ Ծառուկյանին վերացնելուց հետո, թվում է, այլեւս ոչինչ չի խանգարում այդ փոփոխություններն իրականացնելուն: Հակասահմանադրական պլատֆորմով հանդես եկող բոլոր ուժերի համար կատարվածը լավ դաս եղավ: Անգամ նորահայտ ԲՀԿ-ն այլեւս կտրուկ դեմ չի արտահայտվում սահմանադրական փոփոխություններին: Ավելին՝ երեկ հյուրընկալվել էին նախագահական նստավայրում՝ քննարկելու նոր Սահմանադրության հայեցակարգը: Չնայած նախկինում ասում էին, որ քննարկելու ոչինչ չունեն: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ երեկվանից Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրի կոնսուլտացիաները մեկնարկել են: Դաշնակցականներն են բացումն արել օրեր առաջ, ովքեր այդ փոփոխությունների ակտիվ ջատագովն են: Ապա ԲՀԿ-ի ցուցակով խորհրդարան մտած ու ընդամենը մեկ ամիս առաջ իշխանափոխություն տենչացող ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, ով սահմանադրական փոփոխություններին կտրուկ դեմ արտահայտվողներից էր:



Հիշեցնենք, որ նա ասում էր՝ «երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, այդպիսով նաեւ չկա փոփոխությունների անհրաժեշտություն», բայց երեկ արդեն ընդդիմախոսը մոլորվել էր կոնկրետ դիրքորոշման հարցում եւ ասում էր, որ քննարկումներից հետո կասի իր տեսակետն այդ փաստաթղթի վերաբերյալ: Թերեւս անհրաժեշտ փոփոխությունն արդեն եղել է ռեժիմի դեմ նախկին մարտիկների հոգում ու մտքում, որից հետո Սահմանադրությունը փոխելը մեկ անգամ մեկ է: Նախագահականի հաջորդ «հյուրը» «ընդդիմադիր» դարձած ԲՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանին ամենից ակտիվ պախարակողների եռյակը՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Ստեփան Մարգարյան կազմով: Փորձեցինք հանդիպման մանրամասներին տեղեկանալ Միքայել Մելքումյանից: Նա տեղեկացրեց, որ հակիրճ է խոսելու, իսկ բովանդակային հատվածին չի անդրադառնալու: «Առանցքայինը սա էր, որ Հայաստանի նախագահը քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում սահմանադրական բարեփոխումների ընթացակարգերի վերաբերյալ, թե ինչպես դրանք անցկացվեն, ինչպիսի քննարկումներ կլինեն, վեկտորը որ ուղղությամբ տանենք, ընդհանրապես պարտադիր չի, որպեսզի մենք ունենանք մեկ տարբերակ, օրինակ եմ ասում: Կան մասնագիտական, քաղաքական գնահատականներ, այսինքն՝ կոնսուլտացիաներ են արվում»:



Մեր հարցին, թե հայտնեցի՞ն իրենց հայտնի դիրքորոշումը, որ այդ փոփոխության հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրմանն է միտված: «Չէ, չէ, ես ասում եմ՝ չէ, մենք բովանդակային քննարկում չէինք անում: Մեր երկրում Սահմանադրություն է քննարկվելու, մենք չենք կարող, չէ՞, անտարբեր լինել, պիտի մեր վերաբերմունքն ունենանք, մեր գործընթացի ձեւաչափն է քննարկվել, թե այդ փոփոխություններն ինչպես են քննարկվելու, երկրի անվտանգության, սոցիալական խնդիրների դեպքում, որ դեպքում՝ ինչպես: Չենք մտել բովանդակայինի մեջ, էդքան բան»: Իսկ ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը: Մելքումյանը հիշեց իր կուսակցի տարածած պաշտոնական հաղորդագրությունը. «Տեղավորվենք այսքանի մեջ, ես ասեցի, որ խոսքը գնում է ձեւաչափի, ոչ թե բովանդակային քննարկման մասին»: Իսկ իրենց կարծիքը փոխվե՞լ է բովանդակության մասին՝ դե՞մ են, թե՞ կողմ, ասաց. «Մնացածը, ինչ որ գրված է Վահան Բաբայանի տարածած հաղորդագրության մեջ, այդքանը»: Իսկ հաղորդագրության մեջ բովանդակության վերաբերյալ նշված է. ««Դեմ», «կողմ» խոսքերի հետեւից չընկնենք, ես հայտնում եմ մեր պաշտոնական դիրքորոշումը, որ ԲՀԿ-ն հաստատել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը»:



Ոնց որ չենք կարող հրաժարվել էլեկտրականությունից, այնպես էլ՝ իշխանությունից



Բաղրամյան 26-ում հյուրընկալվելու գայթակղությանը չէր դիմադրել եւս մեկ ընդդիմադիր ուժ՝ ՀՀՇ-ն, որը, սակայն, ի սկզբանե կողմ է եղել փոփոխություններին: Կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը մեզ հետ զրույցում նախ բացատրեց, թե ինչու են ընդունել ՀՀ նախագահի հրավերը. «Եկեք մի բան ֆիքսենք, կոնկրետ Հայաստանում կա գործող իշխանություն, անկախ նրանից, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը, այդ իշխանությունը գոյություն ունի, հիմա նույն ձեւով՝ ոնց որ չենք հրաժարվում էլեկտրականությունից, այլ բաներից, քանի որ այս իշխանության օրոք է, կարծում եմ՝ այն պրոցեսները, որ բնականոն ընթանում են, դրանից հրաժարվելու որեւէ անհրաժեշտություն չկա»: Քննարկել են իրենց առաջարկները, որը համընկնում է ՀՅԴ-ի, եռյակի նախկին առաջարկների հետ, այն է՝ անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ ընդդիմության ներկայացուցիչներին վերահսկողական մարմիններում լծակներ տալ: «Սերժ Սարգսյանն էլ իր մոտեցումները ներկայացրեց, ես կարծում եմ՝ արդարացված էր հանդիպումը, որեւէ մեկի նկատմամբ պարտավորություն չունենք, կոնկրետ մեր հայացքները նույնն են, որեւէ բան չի փոփոխվել, կյանքը շարունակվում է»: Սերժ Սարգսյանին հուրընկալվողների թվում էր նաեւ «ընդդիմադիր»՝ ՕԵԿ-ը, որը մինչ երեկ դեմ էր փոփոխություններին: Թե հանդիպումից հետո դիրքորոշումն ինչպիսին է, ՕԵԿ-ականները երեկ նախընտրում էին լռել: «Ազատ դեմոկրատները» եւս հանդիպել են: «Ժառանգություն» կուսակցությունը ցերեկը հայտարարում էր, որ դեռեւս հրավեր չեն ստացել՝ «Երբ հրավեր լինի, կքննարկենք եւ կպատասխանենք», իսկ մի քանի ժամ անց տեղեկացանք, որ Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբեն Հակոբյանը եւս եղել են նախագահականում: Հայ ազգային կոնգրեսը հրավեր չէր ստացել:



ՀԳ. Ի դեպ, հանդիպումների մասին պերճախոս պատմում են նախագահականի տարածած լուսանկարները, որոնցից երեւում է, թե ընդդիմադիրներն ինչ ակնածանք են տածում իրենց իսկ կողմից քարկոծվող Սերժ Սարգսյանի նկատմամբ, ինչքան գոհ ու երջանիկ են եւ ինչպես են մեկը մյուսից առաջ ընկնում նախագահի ձեռքը սեղմելու համար: