Բումերանգի եվրախաղեր

Բումերանգի եվրախաղեր

Հունիսի 12-ին Բաքվում ոչ միայն հաղթահանդես, նույնիսկ տոն չի լինի: Արդեն ակնհայտ է, որ Եվրամիության առաջատար ոչ մի երկրի առաջնորդ եվրոպական խաղերի բացմանը ներկա չի գտնվի: Իսկ ի՞նչ եվրոպական խաղեր, եթե Եվրոպան դրանք բոյկոտում է:
Խոսքը քաղաքական ամենաբարձր մակարդակով բոյկոտի մասին է, երբ Գերմանիայի կանցլերի գրասենյակը հայտարարում է, որ Անգելա Մերկելը չի պատրաստվում լինել Բաքվում, քանի որ Ադրբեջանում «քաղբանտարկյալներ կան»: Ամենայն հավանականությամբ, դա Եվրամիության կոնսոլիդացված վերաբերմունքն է Ալիեւի ռեժիմի նկատմամբ:



Բաքվի եվրոպական խաղերին առանձնակի շուք չի տա Թուրքիայի նախագահի ներկայությունը: Նույնիսկ եթե նրան տրվի գլխավոր ջահը վառելու պատիվը: Անցած կիրակի Էրդողանը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը եւ այլեւս «սուլթան Սուլեյման Ահեղ» չէ, այլ դռնեդուռ ընկած կուսակցապետ, որ երեկվա կատաղի հակառակորդներին թախանձում է «հանուն կայունության կոալիցիա կազմել»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Պուտինին, ապա վերջինս Բաքու կուղեւորվի Իտալիա այցից հետո, ուր մեկնում է, ըստ երեւույթին, տեղեկանալու, թե Մեծ յոթնյակն Ուկրաինայի եւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցերում ինչ պայմանավորվածությունների է եկել: 1998-ից ի վեր առաջին անգամ «այս աշխարհի հզորները» հավաքվել են առանց Ռուսաստանի նախագահի: Իսկ դա ինչ-որ բան նշանակում է: Մանավանդ որ հունիսի վերջին էլ Եվրամիությունը գագաթնաժողով է անցկացնելու:



Կարելի է ասել, որ Բաքվի եվրոպական խաղերը, արտահայտության բառացի եւ փոխաբերական իմաստով, լիովին ձախողվել են: ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնանկության շուրջ ադրբեջանական մամուլն այնպիսի վայնասուն էր բարձրացրել, որ առանց երկմտանքի կարելի է փաստել՝ Բաքվում վախեցած են, որ կարող է բացվել նաեւ եվրոպական խաղեր «հնարելու» եւ դրանք առաջինն Ադրբեջանում անցկացնելու որոշումների գաղտնիքը նույնպես:



Իսկ Արեւմուտքը սառնասրտորեն հասցնում է հերթական հարվածը՝ հունիսի 10-ին Բրյուսելում եւ Վաշինգտոնում կկայանան լսումներ «Բաքվի եվրոպական խաղերը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի լույսի ներքո» թեմայով:



Կասկածելու կարիք չկա. լսումների արդյունքները հերթական սառը ցնցուղը կլինեն Ալիեւի վարչախմբի գլխին: Եվրոպական խաղերը բոյկոտելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել նաեւ Ադրբեջանի ընդդիմությունը: Պաշտոնական մամուլը ծաղրել էր. «Այդ նվազ ձայնը հազիվ թե լսելի լինի Բալաջարիից (Բաքվի արվարձանից՝ Վ. Ա.) այն կողմ»:
Ալիեւի վարչախումբը, ինչպես միշտ, սխալվել էր: Ադրբեջանի հազարավոր քաղբանտարկյալների եւ միլիոնավոր իրավազուրկ քաղաքացիների ձայնն Արեւմուտքում լսելի է դարձել: Վարչախումբն իր լկտիության պատասխանն ստանում է բումերանգի էֆեկտով: Այնպես, որ իշխանական լրատվամիջոցներից մեկն իրավիճակը բնութագրել է. «Եվրոպան դեմքով կանգնած է նավթի, հետույքով՝ Ադրբեջանի ուղղությամբ»:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ