ԱՄՆ վետերանների միության նախագահն իր շենքի գլխին ֆազենդա է հայտնաբերել

ԱՄՆ վետերանների միության նախագահն իր շենքի գլխին ֆազենդա է հայտնաբերել

ԱՄՆ հայ վետերանների միության նախագահ Վիգեն Ղազարյանին, որը բնակվում է Գլենդելում, վերջերս հաջողվել էր համագործակցություն հաստատել անտուններին օգնող մի հարուստ ամերիկյան կազմակերպության հետ։ «Ինչո՞ւ օգնել մեքսիկացիներին, եթե կարելի է հայրենիքի չքավորների համար բարեգործական ճաշարան բացել»,- մտածել է, բարեգործը։ 13 տարի առաջ Րաֆֆու փողոցում նա շինություն էր գնել, «ազգային նպատակի ծառայեցնելու համար», եւ որոշել, որ վարձով տեղ չի վերցնելու եւ հենց իր շենքում էլ կերակրելու է անօթեւան ծերունիներին՝ օրը երեք անգամ, իսկ իր այս շենքի նկուղն էլ օգնություններ բաժանելու սենյակ է դարձնելու։ Ամերիկյան դոնորը դեմ չէր։ Ի վերջո, նրա համար ի՞նչ տարբերություն, թե որ ազգից կլինեն հովանավորյալ անտունները։ Կարեւորը՝ հաշվետվություններն անթերի լինեն։ Այսպես, լուսավոր հույսերով, ամերիկահայ Վիգեն Ղազարյանը գալիս է Երեւան եւ ի՞նչ տեսնում։ Շահումյանի երկրապահն իր նկուղի մուտքն է յուրացրել՝ պատուհանի տակ երկու մեքենա հող լցրել, փոսն ուղղել, սալիկ շարել։ «Բուդկա եմ դնում»,- ասել են նրան «երկրապահները»։ Սա դեռ ոչինչ։ Սփյուռքահայը տեսել է, որ իր շենքի տանիքի վրա էլ նոր բնակարան է կառուցվել, գեղեցիկ ծաղիկներ են տնկված։ Իսկական ֆազենդա։ Պարզում է՝ կողքի բարձրահարկ շենքի հարեւանը՝ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Արշակ Սվազյանը, օգտվելով իր բացակայությունից, քանդել է բնակարանի պատը, առաջ է գնացել, հասել է շենքին։ Ապա 70 քմ տարածքով տուն է սարքել շենքի վերեւում։ Մեր սփյուռքահայ բարեկամը գլուխը բռնում է։ Արագ փաստաբան է վարձում, մտնում է դատարան, պահանջում է քանդել իր համար անհասկանալի տերմինով անվանվող «ինքնակամ» շինությունը։ Դատավորներն արդար վճիռներ են կայացնում՝ քանդել Արշակ Սվազյանի ինքնակամ շինությունը, իսկ եթե նա չկատարի դատական ակտը, վճիռը կկայացնի հարկադիրը՝ պատասխանողի միջոցներով։ Թալինցին չի քանդում իր ֆազենդան։ Մեկ էլ մեր սփյուռքահայ բարեկամը, Գլենդելում նստած, զանգ է ստանում Հայաստանի ԴԱՀԿ-ից եւ խնդրանք՝ 3 մլն դրամ ուղարկել, որ ինքնակամ շինությունը քանդեն։ Բայց, մի րոպե՝ մտածում է սփյուռքահայը, չէ՞ որ դատարանը վճռել է պատասխանողի, այսինքն՝ թալինցու հաշվին քանդել նրա ֆազենդան։ «Ասի՝ ինչի՞ համար երեք մլն դրամ,-պատմում է նա՝ մի հատ հաշվարկեմ դոլարով՝ գալիս է 6-7 հազար դոլար։ Քանդելը ես կարող եմ մի 1000 դոլարով էլ իրականացնել։ Ամեն բանվորին 100-ական դոլար տամ, 5 րոպեում կքանդեն»։ «Բանն այն է,- բացատրում են հարկադիրում,- որ մենք չենք կարողանում գտնել թալինցուն, նա փախած է»։ Վիգեն Ղազարյանը, սակայն, համոզված է, որ թալինցին քաղաքում ազատ ման է գալիս։ Ի՞նչ անել։ ԴԱՀԿ-ից մեզ պատասխանեցին, որ նման դեպքում պետք է սպասել, մինչեւ պատասխանողը հայտնվի։ Չէ՞ որ ԴԱՀԿ-ի հաշվին չեն քանդելու շինությունը։ Այնուամենայնիվ, խոստացան հետաքրքրվել եւ առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել տվյալ գործով։