Մեկ գրում են, թե ուրան են գտել Սեւանում, մեկ՝ ոսկե ձկնիկ

Մեկ գրում են, թե ուրան են գտել Սեւանում, մեկ՝ ոսկե ձկնիկ

Շաբաթ եւ կիրակի օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր Սեւանա լճի մասին սենսացիոն մի հոդված, որը, իբր, վերցված էր World of Art անվանումով կայքէջից։ Հոդվածի հեղինակները ճշմարտանման ռեպորտաժ էին պատրաստել այն մասին, թե, իբր, հայ գիտնականները ոսկու չտեսնված պաշարներ են հայտնաբերել Սեւանա լճի տակ, որ հանքն այնքան հարուստ է, որ անգամ հասարակ քարերն են ոսկով լեցուն, եւ նույնիսկ մի ձկնիկ են հայտնաբերել ոսկյա թեփուկներով՝ իսկական ոսկե ձկնիկ։ Միամիտներին «կպցնելու» համար հեղինակը խտացրել էր գույները, թե, իբր, հանքարդյունահանողներն աշխարհի տարբեր անկյուններից իրենց կոտորում են, որ լիցենզիա ստանան, բայց մերոնք հետաձգում են արդյունահանումը։ Գոյություն չունեցող հայ գիտնականների եւ ինստիտուտների անուններ էին բերվում՝ գեոտեկտոլոգիական գիտությունների դոկտորների, նանոկիրառական կենտրոնների աշխատողների։ Որոշ լրատվական կայքեր տեղադրել էին այս լուրը, իսկ ՖԲ օգտատերերն արդեն աղմկում էին՝ մռայլ կանխատեսումներ եւ տագնապ սփռելով, նկարագրելով, թե ոնց է մեր կապուտաչյա գեղեցկուհու հերն անիծվելու, եթե մեր կոռումպացվածները փողի հոտն առնեն ու համաձայնեն արդյունահանում սկսել լճի հատակում։ Խաբեությունը բացահայտեց բնապահպան Ինգա Զարաֆյանը։ Նա նկատեց․ «Հայաստանում չկա նանոկիրառական քիմիայի կենտրոն, չկա այդպիսի մասնագիտություն՝ գեոտեկտոլոգիական գիտություններ, չկա ձկնարդյունաբերության ինստիտուտ։ Ես չգիտեմ նման հաստատություններ։ Հիմա էլ մեկնաբանություններ են գրում, թե այս հրապարակումն ապրիլմեկյան կատակ է եղել։ Ես չգիտեմ ով եւ ինչու է կատակում Սեւանի շուրջ։ Մեկ գրում են, թե ուրան են գտել Սեւանում, մեկ՝ ոսկե ձկնիկ, ինչ-որ մարդկանց հանգիստ չեն տալիս Օստապ Բենդերի դափնիները»։ Երեւի թե Սեւանն իրոք այնքան էլ հարմար թեմա չէ «էկոկատակների» համար, թեեւ, մեր մեջ ասած, վատ չէր լինի, որ ոսկե ձկնիկը լիներ եւ ամեն հայի համար երեքական ցանկություն կատարեր։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ