Չքվի՛ր աչքիցս. ոստիկանապետը՝ լրագրողին (տեսանյութ)

Չքվի՛ր աչքիցս. ոստիկանապետը՝ լրագրողին (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում կրքերը բորբոքվում են: Ոստիկանությունը, կարծես, մտադիր է Բաղրամյան պողոտան ազատել բոլոր ցուցարարներից:



Քիչ առաջ դարձյալ լրագրողներին է մոտեցել ՀՀ ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը, ում հանգստությունից ոչինչ չի մնացել: Լրագրողների հարցին, թե ինչպես է վարվելու ոստիկանությունը, եթե ցուցարարների մի մասը մնա Բաղրամյան պողոտայում, ոստիկանապետը արդեն զայրացած պատասխանել է՝ մնացողները կմաքրվեն:



Hraparak.am-ի  լրագրող Վահե Մակարյանի հարցին, թե ինչ մեթոդներով են պատրաստվում մաքրել պողոտան, Վլադիմիր Գասպարյանը կարճ պատասխան է տվել՝ ոստիկանական մեթոդներով:



Արդյոք հունիսի 22-23-ի գիշերվա նմա՞ն՝ հետաքրքրվել է լրագրողը:  Ավելի խիստ՝ պատասխանել է ոստիկանապետը: Դա սպառնալի՞ք է՝ շարունակել է հետաքրքրվել լրագրողը: Ոստիկանապետն այս հարցից վերջնականապես հունից դուրս է եկել և սկսել է գոռգոռալ. «Դու այս երկրի համար մի բան արա, նոր սպառնալիքից կխոսես»: Այնուհետև, ավելի բարձրացնելով տոնը, Վլադիմիր Գասպարյանը նորից է դիմել մեր լրագրողին՝ կրկնելով. «Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում, էս երկրի համար մի բան արա գոնե, ապրածդ կյանքը լեզուդ շաղ տալով չի, չքվի՛ր աչքիցս»։ Հետո շրջվեց գնալու, ապա նորից հետ եկավ ու կրկնեց․ «Այն մեթոդներով, որը օրենքը տվել է ինձ և շատ ավելի խիստ․․․ չքվի՛ր դե հիմա»։



Մեր լրագորողը ոստիկանապետի այդ պոռթկումը թողել է անպատասխան՝ չցանկանալով սրել առանց այն էլ լարված իրավիճակը: