Նրանք եղել են Բաղրամյանում, ուղղակի չեն ցանկացել բարձրախոս վերցնել

Նրանք եղել են Բաղրամյանում, ուղղակի չեն ցանկացել բարձրախոս վերցնել

Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ անցյալ տարի, էլեկտրաէներգիայի թանկացումից օրեր հետո «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հանրահավաք հրավիրեց Ազատության հրապարակում՝ «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» խորագրով։ Իսկ այս տարի, երբ բավականին հարմար առիթ էր ստեղծվել «փիառվելու» Բաղրամյան պողոտայում, ինչպես շատերն էին անում, ՕԵԿ-ի ղեկավարին չհանդիպեցինք այնտեղ։ Դե, երեւի հաշվի առավ Արմեն Աշոտյանի «փորձը»։ Թեեւ ՕԵԿ-ը, անշուշտ, կպատճառաբանի խիստ զբաղվածությունը․ Արթուր Բաղդասարյանը «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործերով է զբաղված։ Պարզվում է, որ նրա փոխարեն այս նոր միավորման անդամներն են եղել Բաղրամյանում։ «Մենք եղել ենք ժողովրդի մեջ եւ եղել ենք կենդանի պատում, բոլոր տեղերում մեզ կարելի էր նկատել, բայց մենք երբեւէ չենք ցանկացել միկրոֆոն վերցնել, ելույթ ունենալ, քաղաքական ուղղություն կամ ենթատեքստ հաղորդել քաղաքացիական պայքարին»,- տեղեկացնում է «Ազգային վերածնունդ» միավորման մամուլի պատասխանատու Վահե Մոսինյանը, ով ազդարարում է նաեւ, որ միավորումը նոր անդամ ունի՝ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ն է։ Դե, Սեւան Աղաջանյանին երեւի տեղը բերում եք՝ Եհովայի վկաների եւ տրանսվիստիտների դեմ «անողոք» պայքարից։ ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Արսեն Արզանյանն էլ, թվերն ի մի բերելով, տեղեկացնում է․ «Ունեինք 50 հասարակական կազմակերպություններ եւ 10 քաղաքական կուսակցություններ։ Այս պահին ունենք եւս 2 կուսակցության միավորում եւ 2 տասնյակից ավելի հասարակական կազմակերպության միավորում»։
Մի քանի հարց տվեցինք «Հայկական վերածնունդ» միավորման մամուլի հետ կապերի պատասխանատու Վահե Մոսինյանին։



- Նշեցիք, որ «Հայկական վերածնունդ» քաղաքական-հասարակական միավորման գաղափարը ձնագնդիկի էֆեկտ է ստացել, եւ բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպություններ միացել են ձեզ, բայց ձեզ միացած կուսակցությունները հանրության կողմից չճանաչված, խորհրդարանում չգտնվող կուսակցություններ են։



- Ճիշտ նկատեցիք, խորհրդարանական որեւէ կուսակցություն դեռեւս «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս չի կազմում։ Մենք այդ առթիվ բանակցություններ չենք էլ փորձել վարել։ Միավորման գաղափարը հայտնել ենք բազմիցս, եւ եթե նրանց համար ընդունելի կամ ընկալելի տարբերակ լիներ, կամ համագործակցության որեւէ քայլ նկատեինք, մենք, միանշանակ, կփորձեինք մեր հարաբերությունները սերտացնել այս ֆորմատով։



- Չե՞ք վախենում, որ «Հայկական վերածնունդն» այնքան էլ լուրջ չի ընդունվի հանրության կողմից։



- Դա որեւէ վախի զգացում չի առաջացնում։ Իրականում, եթե մտնում ես քաղաքական գործընթացների մեջ, դու պետք է չվախենաս, որովհետեւ հանդիպելու ես բազմաթիվ խոչընդոտների, բազմաթիվ խնդիրների։ Սակայն մենք ի սկզբանե այդ ամենը հաշվի ենք առել եւ հայտ ներկայացնելով՝ պատրաստ ենք պայքարել այս բոլոր խոչընդոտների եւ հակակշիռ ուժերի դեմ։



- Նշեցիք նաեւ, որ շարունակելու եք պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, հնարավո՞ր է, որ «Հայկական վերածնունդը» նույնպես դառնա առանձին պայքարող խումբ։



- «Հայկական վերածնունդը» երբեք չի մասնատում, հակառակը՝ միավորում է շատ ուժերի պայքարը։ Շարժումները բավականին մեծ թվով ձեւավորվում են, ճիշտ նկատեցիք։ Եթե հարցը քաղաքացիական հարթության մեջ ընթանա, եթե դրանք կրեն քաղաքացիական բնույթ, հնարավոր է, որ մենք միանանք, սակայն եթե որեւէ քաղաքական ենթատեքստ կրող միավորում լինի, մենք չեմ կարծում, որ կմիանանք։