Բուհերի տարածքներն ուզում են վերցնե՞լ

Բուհերի տարածքներն ուզում են վերցնե՞լ

Կառավարությունը որոշել է օգտվել մայրաքաղաքի բուհերում ուսանողների թվի նվազման փաստից եւ կրճատել բուհերին հասանելիք տարածքներն ու հողակտորները։ Եվ այդ գործընթացին տանող ուղիներն են հարթեցվում, որոշ մասնագետներ իրենց հաշվարկների մասին են բարձրաձայնում, որ բուհերի տարածքներն արդեն մի քանի անգամ գերազանցում են նորմատիվային չափորոշիչներով մեկ ուսանողին բաժին հասնող քառակուսի մետր տարածքի հաշվարկներին։ Տեղեկություններ կան, որ առաջինը հարվածի տակ կարող է հայտնվել Ագրարային համալսարանը, որի տնօրինության տակ տարածքներ կան ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում։ Համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը, սակայն, վստահեցրեց, որ իրենց բուհը չի կարող այդ գործընթացի մեջ մտնել, բուհի համար դա «անհեթեթ» խոսակցություն է, Ագրարայինը բոլոր նորմատիվները պահպանում է եւ ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող տարածքներ չունի։ «Մենք ագրարային երկիր ենք, եւ մեր ուսանողությունը չի կարող պակասել։ Ընդհակառակը՝ ավելացել է, որովհետեւ, ուզեն թե չուզեն, ագրարային ոլորտը զարգանում է։ 12 հազար ուսանող ունենք, մայր բուհից հետո ամենաշատը մեզ մոտ է»,- ասաց նա։ «Ես ուրիշ բուհերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց ագրարային կրթությունը ենթադրում է եւ մեքենատրակտորային բազա, եւ այգիներ, եւ խոտհարք, եւ վարելահող, եւ խաղողի այգի, եւ այն, ինչ որ մենք ունենք մեր երկրում՝ կաթի արտադրամաս, շուտով նաեւ գինու կոմբինատ կունենանք։ Երեւի ինչ-որ ճարտարապետների որոշում է, ես չեմ կարող ասել, ստեղծագործ մարդիկ են երեւի, բայց նման մտքեր շատ ավելի հեշտ է ասելը, քան իրագործելը։ Այդ ամեն ինչը հարկավոր է բուհին, առանց դրա չենք կարող մենք մասնագետ պատրաստել»։
Արդյոք ուսանողների թվի պահպանման նպատակո՞վ է բուհն սկսել ընդունելություն կազմակերպել առանց քննությունների, հարցրինք Ագրարայինի պրոռեկտորին։ Էֆենդյանը խոստովանեց, որ մի քանի առարկաների դեպքում, իսկապես, ընդունելության քննություն չեն կազմակերպել․ «Կառավարությունն է դա միայն մեզ թույլատրել՝ բացառության կարգով։ Շատ տեղերում կա այդպիսի բան՝ հեշտացնել ընդունելությունը, բարդացնել ավարտելը։ Ուզում է սովորի՝ ի սեր Աստծո, թող գա, վճարովի հիմունքներով, առանց քննության սովորի»։
Պրոռեկտորն ընդդիմացավ նաեւ համալսարանը Գյումրի տեղափոխելու խոսակցություններին․ «Մենք Գյումրիում ունենք մեր մասնաճյուղը, բայց արդեն չորս տարի է՝ մի շենք չեն կարողանում տրամադրել։ Եթե 200 ուսանողի համար չեն կարողանում մեզ շենք տրամադրել, 12 հազարի համար ո՞նց են տրամադրելու»։