Իմ սրտով ո՞րն ա, օրենքի սրտով պիտի ըլնի

Իմ սրտով ո՞րն ա, օրենքի սրտով պիտի ըլնի

Հայաստանի Քննչական կոմիտեն նոր մեղադրանքներ է առաջադրել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն եւ Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով: Ըստ այդմ՝ մեղադրանք է առաջադրվել Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, ով առավելապես հայտնի է Աղալար անունով։ Երեկ հայտարարվեց, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ մարզպետի եղբայր՝ Աղալարի որդուն՝ Էյներ Խաչատրյանին։ Իսկ մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանն էլ փախուստի է դիմել եւ այժմ հետախուզվում է: Հիշեցնենք, որ Հարություն եւ Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների արդյունքում եղբայրները ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել, իսկ Հարությունը կորցրել է մեկ աչքի տեսողությունը։



Այս կապակցությամբ զրուցեցինք տուժող կողմի՝ Հարություն եւ Մուշեղ Զաքարյանների հոր՝ Գագիկ Զաքարյանի հետ, հասկանալու համար, թե արդյոք իրենց բավարարո՞ւմ են նախաքննության ընթացքն ու առաջադրված մեղադրանքները: Պարզվեց՝ Գագիկ Զաքարյանն այս պահին քննության ընթացքից գոհ է: «Բավարար է էնքանով, որ բացահայտվեն բոլոր մեղավորները: Այ, դրանով կբավարարվեմ»,- ասաց նա:



- Իսկ ովքե՞ր են բոլոր մեղավորները:



- Դե, ինչքան մարդ որ եղել է էնտեղ, Քննչական կոմիտեն գիտի:



- Այսինքն՝ բոլորը մասնակցե՞լ են այդ գործողություններին, Ձեր որդիների ծեծին:



- Անպայման:



- Իսկ նրանց մեջ հիմնական մեղավորներն ու մասնակիցները, ըստ Ձեզ, ովքե՞ր են. Սուրիկ Խաչատրյանի եղբայրը, եղբորորդինե՞րը, թե՞ այլ անձինք եւս:



- Քննությունն ինձ թվում ա՝ կպարզի, ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, ով ինչ աստիճանի մեղավորություն ունի, էն աստիճանի էլ թող պատասխան տա:



- Ձեր բողոքը հիմնականում ո՞ւմ է ուղղված:



- Իմ բողոքն ուղղված ա բոլորին, ովքեր որ ներկա են գտնվել, ովքեր որ կազմակերպել են:



- Սուրիկ Խաչատրյանի որդիները ե՞ւս ներկա են գտնվել, մասնակցե՞լ են դրան:



- Քննությունից արդեն երեւում ա, չէ՞, ովքեր են եղել… որոշակի երեւում ա, էս պահին եթե վեց հոգու մեղադրանք ա առաջադրված, վեցից հինգն իրա բարեկամներն են, մեկն էլ իրա վարորդի տղան ա:



- Ձեզ բավարարո՞ւմ է, Ձեր սրտո՞վ է քննության ընթացքը:



- Իմ սրտով ո՞րն ա, օրենքի սրտով պիտի ըլնի, ոչ թե իմ սրտով: Օրենքը ոնց գտնի ճիշտ, ինչին որ ես տեղյակ եմ, էդ նույն ուղղությամբ քննությունը տանի մինչեւ վերջ, բնականաբար, ես գոհ եմ ըլնելու:



- Քանի որ տուժող կողմը Դուք եք, ի վերջո, Ձեզ պետք է բավարարի, չէ՞…



- Իհարկե, իհարկե… ոչ թե միայն ինձ, այլեւ հասարակությանը, հայ ժողովրդին:



- Անձամբ Սուրիկ Խաչատրյանի պատասխանատվությունը Դուք այստեղ տեսնո՞ւմ եք:



- Քննությունը կպարզի:



- Իսկ հույս կա՞, որ մինչեւ վերջ լիարժեք քննություն կիրականացվի:



- Ես չեմ կասկածում:



- Վստահո՞ւմ եք ՀՀ արդարադատությանը:



- Իհարկե, իհարկե, եթե գնում ա գործը, արդեն հերթականությամբ գնում ա դեպի բացահայտում, ես չեմ կարա դժգոհ լինեմ: Վերջնական արդյունքում կերեւա:



- Պարզապես հասարակության մեջ թերահավատություն, կասկածներ կան, որ հնարավոր է գործը կոծկվի, կամ լիարժեք քննություն չիրականացվի: Ձեզ մոտ նո՞ւյնպես նման մտավախություն եղել է:



- Դե, հասարակության մոտ… չգիտեմ, չեմ կարա հասարակության անունից ես խոսամ: Էս պահին ինձ թվում ա, որ ինձ բավարարում ա: