Գերագույն հրամանատարը պետք է մեկը լինի՝ թե խաղաղ պայմաններում, թե պատերազմի ժամանակ

Գերագույն հրամանատարը պետք է մեկը լինի՝ թե խաղաղ պայմաններում, թե պատերազմի ժամանակ

Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը եւ հրապարակել այն։ Այս տարբերակում, սակայն, մեծ փոփոխություններ չկան նախորդ՝ հրապարակված տարբերակի համեմատ։ «Զինված ուժերի» եւ «ռազմական դրության» վերաբերյալ գլուխներում ամրագրված է մասնավորապես այն, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է, իսկ խաղաղ պայմաններում՝ պաշտպանության նախարարը, ինչը հարուցել էր ներկայիս նախարար Սեյրան Օհանյանի դժգոհությունը: Օհանյանն իր անվան շուրջ բարձրացած աղմուկից հետո, թերեւս, հաշտվել է այն մտքի հետ, որ խորհրդարանական երկրի վարչապետ դառնալու առումով իր շանսերը խիստ փոքրացել են, այդ պատճառով էլ, թերեւս, պայքարում է պաշտպանության նախարարի դիրքերը չթուլացնելու համար: Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան այն մասին, որ Օհանյանը մասնավոր շրջանակներում խիզախել է՝ ասելով, որ դեմ է այս բարեփոխումներին:



Հարցի վերաբերյալ Օհանյանը շաբաթներ առաջ նաեւ հրապարակային դիրքորոշում է հայտնել՝ չթաքցնելով իր իրական վերաբերմունքը. «Մենք այն տեսակետին ենք, որ զինվորական հիերարխիան պետք է հստակ լինի, եւ այդ հստակության մեջ է զինվորականության միանձնյա ղեկավարման սկզբունքի հիմնական առկայությունը եւ նաեւ հաջողությունների գրավականը»։ Դիտարկմանը, թե հնարավո՞ր է փոփոխության ենթարկվի այս դրույթը, նախարարը պատասխանել էր, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել հանձնաժողովին, որը քննարկման փուլում է։ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ առաջարկների բովանդակության վերաբերյալ մեր հարցին չցանկացավ պատասխանել. «Պաշտպանության նախարարի խոսքին ավելացնելու ոչինչ չունենք»:



Մինչդեռ ասում են՝ նոր սահմանադրության սխեման գծելիս առաջին հերթին առաջնորդվել են անձերով՝ ելնելով իշխանության առաջին դեմքերի հավակնություններից ու կարողություններից: Այնպես որ, այս նախագծից հասկանալի է դառնում, որ Սեյրան Օհանյան-Պնախարարի իրավասությունները կրճատելու փորձ է արվել: Նոր սահմանադրության պարագայում Պնախարարը բանակի ղեկավարումն իրականացնելու է այն քաղաքականության շրջանակներում, որը որոշելու է Անվտանգության խորհուրդը: Այսինքն, ԱԺ իրավասությունների շրջանակն է մեծանում։



«Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո: Զինված ուժերի օգտագործման մասին որոշումն ընդունում է կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի օգտագործման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը եւ այդ մասին անհապաղ տեղեկացնում կառավարությանը»,- գրված է հոդված 154.1-ում:



«Անվտանգության խորհրդի կողմից սահմանվող պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում պաշտպանության նախարարն իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը»: Իսկ հանձնաժողովի կողմից հաստատված վերջնական տարբերակում ԱԱԽ-ն այլեւս վարչապետը չի գլխավորելու, ինչն ամրագրված էր նախնական տարբերակում: Բայց՝ «Զինված ուժերի օգտագործման մասին որոշումն ընդունում է կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի օգտագործման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը եւ այդ մասին անհապաղ տեղեկացնում կառավարությանը»:



ՎՆԱՍԱԿԱՐ, ԴԱՎԱԴԻՐ ՈՒ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ



Զինված ուժերի հրամանատարությունը կիսելու փաստը․ ռազմական դրության ժամանակ՝ վարչապետը, խաղաղ ժամանակ՝ Պնախարարը, բացասական գնահատականի է արժանանում համակարգի նախկին պաշտոնյաների եւ քաղաքական վերլուծաբանների կողմից:



ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը մեր զրույցում խիստ արտահայտվեց. «Շատ սխալ է, ահավոր սխալ»։ «Գերագույն հրամանատարը պետք է մեկը լինի՝ թե խաղաղ պայմաններում, թե պատերազմի ժամանակ, ու մինչեւ վերջ էլ նա ղեկավարի, ինչի՞ մասին է խոսքը: Մարդ չի կարա երկու հեր ունենա, մի կնիկ երկու մարդ չի կարա ունենա, տունը չի կարա երկու գլուխ ունենա, պիտի լինի մեկը, որ իմանա՝ ոնց է ղեկավարում տունը»: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ ասում է, որ ավելի «վնասարար, դավադիր ու դավաճանական» լուծում դժվար է պատկերացնել մի ժամանակահատվածում, երբ Արցախյան հիմնահարցի արդար կարգավորման հեռանկարը երբեք այսքան մշուշոտ ու անորոշ չի եղել, եւ օդում կախված է պատերազմի վերսկսման հեռանկարը։ «Մի՞թե վնասարարություն չէ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի առջեւ կանգնած երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար Գերագույն գլխավոր հրամանատարի անձնական պատասխանատվության տարրալուծումը տարբեր պաշտոնյաների միջեւ: Մի՞թե դավադրություն չէ ներկայիս հարաբերական խաղաղության օրոք երկրի պաշտպանունակության ու զինված ուժերի զարգացման համար պատասխանատվության եւ պատերազմի ընթացքում երկրի պաշտպանության համար պատասխանատվության արհեստական տարանջատումը»,- հռետորական հարց է հնչեցնում նա:



Հովհաննիսյանի խոսքով՝ պատերազմի ժամանակ հնձում ես այն, ինչը ցանել ես խաղաղության ժամանակ: «Գործող Սահմանադրությամբ ազգընտիր նախագահն իր լիազորությունների 5 տարիների ընթացքում ի պաշտոնե իրականացնում է Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները եւ բացառիկ անձնական պատասխանատվություն է կրում երկրի պաշտպանունակության ու զինված ուժերի զարգացման համար: Առաջարկվող չարեփոխումներով Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները դրվելու են վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի վրա, որը ոչ միայն չի ընտրվելու խրամատներում հայրենիքը պաշտպանող զինվորների, նրանց ծնողների ու կանանց կողմից, այլ խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ հավանական է, որ տարին մեկ փոխվի: Հարց է առաջանում՝ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության ձախողման դեպքում վարչապետերից կամ պաշտպանության նախարարներից ո՞ր մեկը պետք է անձնական պատասխանատվություն կրի: Հասկանալի է, որ առաջարկվող սահմանադրական չարեփոխումները կոչված են լղոզել, իմաստազրկել ու վերածել զավեշտի Հայաստանի եւ Արցախի պաշտպանության համար երկրի ղեկավարի անձնական պատասխանատվության հարցը»: