Հիվանդը ստում է՝ հայտարարում են բժիշկները

Հիվանդը ստում է՝ հայտարարում են բժիշկները

«Ոտքի վիրահատությունից հետո հիվանդն իմացել է, որ հեպատիտ C ունի»․ այսպես էր վերնագրված օգոստոսի 25-ի մեր հրապարակումը, որում, պահպանելով բարեխիղճ լրագրության կանոնները, մենք զրուցել էինք եւ հիվանդի, եւ նրան բուժող բժիշկ Լեւոն Մանուկյանի հետ։ Հիվանդը՝ Երեւանի բնակիչ Գագիկ Չալյանը, դժգոհում էր «Վլադիմիր Ավագյան» ԲԿ-ից, որտեղ հունիսի վերջին վիրահատել է շաքարախտի հետեւանքով խցանված ձախ ոտքի անոթները։ Հիվանդը վստահեցնում է, որ նախավիրահատարանում, իր հերթին սպասելիս, ականատես է եղել, թե ինչպես են բժիշկները ոտքի վրա, հենց կողքի մահճակալին պառկած արյունահոսող կնոջն առաջին բուժօգնություն ցուցաբերում՝ տեսարան, որը նրան սարսափեցրել է այն աստիճանի, որ քիչ է մնացել հեռանա հիվանդանոցից, բայց բժիշկները նրան համոզել են վիրահատվել։



Հետվիրահատական շրջանում Գագիկ Չալյանի առողջությունը կտրուկ վատացել է, եւ նրա մոտ հայտնաբերել են հեպատիտ C վիրուսը։ Չալյանը վստահեցնում է, որ վարակումը տեղի է ունեցել հենց հիվանդանոցում, եւ որ նախնական հետազոտության ժամանակ նա չի ունեցել այս վարակը։ Իսկ բուժող բժիշկ Լեւոն Մանուկյանը նրան հայտնել է, որ վարակի մասին իրենք իմացել են նախքան վիրահատությունը։ «Ինչո՞ւ չեք ինձ ասել այդ մասին»․ հիվանդի այս հարցը մնացել է օդում։ Վիրահատությունից առաջ արված հետազոտության արդյունքները հրաժարվել են նրան ներկայացնել։ Չնայած մենք զրուցել էինք «Վլադիմիր Ավագյան» կենտրոնի բժշկի հետ, սակայն երեկ կենտրոնը կրկին պարզաբանում է ուղարկել այս դեպքի առիթով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․



«Գագիկ Չալյանը հունիսի 26-ին ընդունվել է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն՝ գանգատներով: Մինչ այդ, 17.06.2015թ., ամբուլատոր կարգով լաբորատոր հետազոտությունների արդյունքում հեպատիտ C-ի թեստային հետազոտությունը ցույց է տվել դրական արդյունք (սա նախնական հետազոտության արդյունք է, որը ՀՀ ԱՆ հրամանով կատարվում է բոլոր հիվանդներին, իսկ վերջնականը ցույց է տալիս միայն PCR հետազոտությունը (որը կատարելն առաջարկվել է հիվանդին ԲԿ բուժող բժշկի կողմից)): Դեպքի մասին, ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանի հավելված 1-ի, հաղորդվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երեւանի քաղաքային կենտրոն եւ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի թիվ 1 ենթակայան:



Հիվանդին վիրահատական միջամտությունը վերաբերում է էնդովասկուլյար (ներանոթային) միջամտություններին: Այդ վիրահատությունների ժամանակ մաշկի կտրվածքներ չեն կատարվում: Պունկցիոն անցքով (ասեղի միջոցով) անցկացվում է ուղեկցորդ լար, տեղադրվում է, այսպես կոչված, իտրոդյուսեր, որի միջոցով, լարի վրայով անոթի խցանման տեղ է հասցվում անոթը լայնացնող բալոն, վերջինս փչվում է, լայնացնում անոթի լուսանցքը, որից հետո այդ շրջանում տեղադրվում է ստենտ: Բալոնը, ուղեկցորդ լարը եւ իտրոդյուսերը հեռացվում են: Բոլոր վերը նշված նյութերը մեկանգամյա օգտագործման են, որոնք, օգտագործումից հետո, չեզոքացվում են: Փաստում ենք, որ այդ նյութերը կրկնակի օգտագործել տեխնիկապես հնարավոր չէ, եւ, հետեւաբար, չի կարող փոխանցել որեւէ հիվանդություն, այդ թվում՝ նաեւ հեպատիտ C: Ինչ վերաբերում է վիրահատարանի նախասրահում այլ հիվանդ ընդունելուն, դա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ վիրահատարանների նախասրահները նախատեսված չեն բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Իսկ վիրահատարանները նախատեսված են մեկ հիվանդ վիրահատելու համար: Մեկ անգամ եւս հաստատում ենք հոդվածում հիվանդի բժիշկ Լեւոն Մանուկյանի միտքն առ այն, որ այս վիրահատության համար հեպատիտ C-ն հակացուցում չէ, իսկ վիրահատությունը չանելու պարագայում հիվանդը դատապարտված էր կորցնելու ձախ ոտքը:



Տեղեկացնում ենք Ձեզ, որ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, հեպատիտ C-ն ունի գաղտնի շրջան, որը տեւում է երկու շաբաթից մինչեւ վեց ամիս: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պարզ է դառնում, որ հիվանդը չէր կարող այդ ժամանակաընթացքում վարակվել հեպատիտ C-ով: Տիկին Օհանյան, խնդրում ենք Ձեզ հրապարակել այս պարզաբանումը, որպեսզի հասարակության մեջ ձեւավորված թյուր կարծիքը բժշկական կենտրոնի մասին վերանա, եւ մեր կենտրոնը վերականգնի իր բարի համբավը»։



ՀԳ․ Ստանալով այս պարզաբանումը, ԲԿ-ին իրավական աջակցություն ցուցաբերող փաստաբան Լիանա Բալյանին խնդրեցինք տրամադրել մեզ այն փաստաթուղթը Գագիկ Չալյանի ստորագրությամբ, որից երեւում է, որ Առողջապահական պետական տեսչությունից եւ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնից բացի, իրենք վիրահատություն կատարելուց առաջ նաեւ հիվանդին են տեղեկացրել, որ վերջինիս մոտ հեպատիտ C են հայտնաբերել։ Նման փաստաթուղթ մեզ չներկայացվեց։ ԲԿ-ի պարզաբանման մեջ կա պնդում, որ «նման վիրահատությունների ժամանակ մաշկի կտրվածքներ չեն կատարվում»։ Բայց հեպատիտ C-ով կարելի է վարակվել մաշկի փոքր վերքի դեպքում անգամ, օրինակ, ոտքի մազածածկույթն աղտոտված ածելիով սափրելիս։ Ի դեպ, Չալյանի ոտքին կար նման արյունոտ վնասվածք, որը նա ստացել էր վիրահատությանը նախապատրաստելու ընթացքում։ Այնուամենայնիվ, մենք չենք ցանկանում վնասել Վլադիմիր Ավագյանի անվան կենտրոնի գործարար համբավը, մանավանդ, որ գործով զբաղվում են իրավապահները։ Երեկ ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացանք, որ վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ Իսկ մենք կհետեւենք հարուցված գործի նախաքննության ընթացքին։