«Հայասի գրուպի» դեմ վարույթ է հարուցվել, իսկ սթրիփ-ակումբը ծաղկում է

«Հայասի գրուպի» դեմ վարույթ է հարուցվել, իսկ սթրիփ-ակումբը ծաղկում է

Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ԲԲԸ-ի մեղքն ապացուցելու դեպքում ՏՄՊՊՀ-ն կարող է տուգանել ընկերությանը մի քանի հարյուր միլիոն դրամով: «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել՝ կապված Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության գործունեության հետ: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի քանի հոդվածներ: Առաջիկայում ՏՄՊՊՀ-ն կպարզի ընկերության գործունեության մեջ հնարավոր անբարեխիղճ մրցակցության առկայությունը»,- մեր հարցմանն ի պատասխան, հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։ Այսպիսով, հանձնաժողովը կպարզի, թե արդյոք կոնյակի արտադրությամբ զբաղվող «Հայասի գրուպ» ԲԲԸ-ն խախտե՞լ է բարեխիղճ մրցակցության կանոնները, շոտլանդական վիսկիի անվան տակ սպառողներին ինչ-որ անհասկանալի խմիչք հրամցնելով, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ մեր հրապարակումների կապակցությամբ «Հայասի գրուպի» տնօրեն Մ․Մուրադյանն ՕԵԿ-ի ոչ պաշտոնական կայքին՝ «Հարթակին» հայտնել էր, որ «Հայասին» վարկ ունի, սակայն կատարում է իր վարկային պարտավորությունները։ Ըստ նույն աղբյուրի, ընկերությունը շուտով դառնալու է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն։ Իսկ «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշի տակ խմիչք արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասի գրուպին», ինչն այս ընկերությունից կրկին ժխտում են, հայտարարելով, որ նման լուրերը նպատակ ունեն վարկաբեկելու Արթուր Բաղդասարյանին՝ որպես քաղաքական գործչի։



Քաղաքական գործիչը, որը խուսափում է իր անվան շահարկումներից, չպետք է «կեղտոտվի» բիզնեսով, որովհետեւ Հայաստանում, ինչպես հայտնի է, մաքուր բիզնես չկա։ Մյուս կողմից, քաղաքական գործիչը չպետք է աղքատ լինի, որ մարդիկ չասեն․ «Իր համար ի՞նչ է արել, որ ժողովրդի համար ինչ անի», եւ որ «շտատով» նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի նման, դատարկ դահլիճում նստած՝ ինքն իր հետ ասուլիս չանի։ Արթուր Բաղդասարյանին նրա հետ, իհարկե, չես համեմատի։ Նա եւ «Հայասի գրուպն» ունի, եւ «Իմպերիալ» շքեղ հյուրանոցն են նրա անվան հետ կապում, «Չեստերֆիլդի» ներմուծմամբ է զբաղվում, համալսարան ունի, հեռուստատեսություն։ Բայց այնպես է ստացվել, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող ձեռնարկությունները ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած։ Վերջերս փակվեց Բաղդասարյանի անվան հետ կապվող «Էլ Ջի էլեկտրոնիքս» կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի խանութների ցանցը։ Վերջին խանութը փակվեց մոտ մեկ ամիս առաջ։ Այն Բաղրամյանի վրա էր, ՍԱՍ սուպերմարկետի դիմաց, վերեւի հարկն էլ վարձով էր տրված «Լաբարնա» հուշանվերների վաճառքի սրահին։ Ֆրանսիական համալսարանում անցյալ տարվանից ֆինանսական պրոբլեմներ սկսվեցին, դասախոսների աշխատավարձերի ուշացումներ։ Նույն ճգնաժամը բացման օրվանից Հ3 հեռուստատեսությունում է, որը կրկին Արթուր Բաղդասարյանին է պատկանում։ Մարդկանց այստեղ գործի ընդունեցին, երեք-չորս ամսով աշխատեցրին եւ, մարելով նրանց էնտուզիազմը, տուն ուղարկեցին։



Դժվար է ասել, թե ինչով են պայմանավորված ՕԵԿ ղեկավարի բիզնես-անհաջողությունները։ Գուցե, իրո՞ք, պատճառն իշխանականից ընդդիմադիր դաշտ անցնելն է։ Չնայած, ասում են, Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող մի օբյեկտ կա, որը ծաղկում եւ բարգավաճում է։ Խոսքը Ջրվեժում, «Վան» ռեստորանի հարեւանությամբ գործող գիշերային սթրիփ-ակումբի մասին է։ Իհարկե, սա «Հայասի գրուպ» չէ, որը գոնե զբաղվածություն է ապահովում, հողագործներից բերք է գնում՝ այսպիսով նպաստելով գյուղացիական տնտեսությունների հարստացմանն ու գյուղմթերքի իրացմանը։ Սա շատ ավելի համեստ բիզնես էր, որը վերջին տարում զարգացավ, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայից «ներմուծված» աղջիկների շնորհիվ: Տվյալներ կան, որ Անվտանգության խորհրդին ժամանակին պատկանող մի քանի ծառայողական մեքենաներ օգտագործվում են ակումբի վիպ հաճախորդների եւ ուկրաինացի աղջիկների սպասարկման համար: Հավանաբար, այս մեքենաները ժամանակին դուրս են գրվել ԱԽ-ից։



ՀԳ․ ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը հերքեց մեր տեղեկությունները՝ վստահեցնելով, որ նշված սթրիփ-ակումբն Արթուր Բաղդասարյանին չի պատկանում։