«Ծի՜վ» մանկական վեպն արդեն հայերեն

«Ծի՜վ» մանկական վեպն արդեն հայերեն

«Գրական տապան - 2015» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում Հայաստանում է նաեւ հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, ով հայ հանդիսատեսին ներկայացրեց իր «Ծի՜վ» մանկական վեպի հայերեն թարգմանությունը։ «Ծի՜վ» վեպի հերոսներն անտառում գտնում են մի արտասովոր աղջկա, ով ունի նա թռչնի թեւեր: Նրանք հարազատի պես սիրում են եւ խնամում աղջկան, սակայն ապրում են այն վախով, որ ինչ-որ մեկը կնկատի աղջկա` այլ երեխաների նման չլինելը: Եվ ահա, մի օր աղջիկը թռչում, հեռանում է՝ առանց զգուշացնելու, իսկ ծնողները գնում են նրան փնտրելու: «Ծի՜վ» վեպն օգնում է հասկանալ, թե ինչ է նշանակում «տարբերվել մյուսներից», սովորեցնում է պատասխանատվություն, կապվածություն եւ միեւնույն ժամանակ՝ ազատություն: Յոկե վան Լեուվենի «Ծի՜վ» մանկական վեպի հիման վրա նկարահանվել է նաեւ ֆիլմ, որը ներառվել է 2010թ. Բեռլինի փառատոնի ծրագրում, ինչպես նաեւ արդեն ցուցադրվում է եվրոպական կինոթատրոններում: Գրքի հիման վրա բեմադրվել են թատերական ներկայացումներ:



Յոկե վան Լեուվենի ստեղծագործությունները թարգմանվել են մոտ 20 լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, դանիերեն, վրացերեն, թուրքերեն, եբրայերեն, ճապոներեն, չինարեն, ռուսերեն, արդեն նաեւ՝ հայերեն: Յոկեն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների Նիդերլանդներում` «Ոսկե գրիչ»` որպես գրող, «Ոսկյա մատիտ»` որպես նկարիչ: 2001թ. նրա բանաստեղծությունները ճանաչվել են տարվա լավագույն գործեր Նիդերլանդներում: Նաեւ առաջադրվել է «Անդերսոն» եւ Աստրիդ Լինդգրենի հիշատակի գրական մրցանակների: Նրա «Ազատ ձեւեր» վեպը բարձր գնահատականի է արժանացել հոլանդական գրաքննադատների կողմից: