ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակած` «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը եւ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» պաստառների ցուցադրությունը, տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Ողջունելով ներկաներին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը թե´ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ թե´ ցեղասպանության թեմայի իրազեկման գործում, այս համատեքստում ընդգծելով Հայկ Դեմոյանի գիտական աշխատությունների նշանակությունը եւ նրա հետեւողական հասարակական գործունեության կարեւորությունը:

Աշոտ Ղուլյանի համոզմամբ, Ղարաբաղի խնդիրը նույնպես ցեղասպանության արդյունք է. թուրքական ոճրագործության ու ագրեսիայի հետեւանքով թուլացած Հայաստանն ի վիճակի չէր պայքարելու Ղարաբաղի համար: «Այսօրվա անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության պատասխանն է թուրք-ադրբեջանական նկրտումներին» - նշել է խորհրդարանի նախագահը:

Ներկայացնելով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության ստեղծման նախապատմությունը եւ աշխատության համառոտ բովանդակությունը` Հայկ Դեմոյանը ընդգծել է, որ դրա հիմքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունն է հայ-¬թուրքական հարաբերությունների եւ պանթուրքիզմի արտաքին քաղաքականության տեսանկյունից: Այս առումով հեղինակը կարեւորել է Արցախի Հանրապետության նշանակությունը համայն հայության համար` կոչ անելով յուրաքանչյուր հայի իր ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում:

Խոսելով ապագա ծրագրերի մասին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսում է Արցախի ներգրավմամբ մի շարք լուրջ ծրագրեր իրականացնել:

Այնուհետեւ Հայկ Դեմոյանը միջոցառման մասնակիցներին է ներկայացրել արտասահմանյան մամուլի առաջին էջերին Հայոց ցեղասպանությունը պատկերող պաստառները եւ հանգամանալից բացատրել բովանդակությունը:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարները, ԱրՊՀ պրոֆեսորա-դասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչներ: