Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

Լաչինի միջանցքը նոր էր բացվել: Գյուղի ջոկատը Սրխավենդից ռազմավար «ԿամԱԶ» էր վերցրել: Հրամանատարն ասաց. «Դեպուտատ ես, մի բանով օգնիր»: Ինքս էլ չիմանալով, թե ինչպես եմ օգնելու, համաձայնեցի, որ Երեւան գնանք:
Առաջին անցակետում կանգնեցրին, տնտղեցին փաստաթղթերը, խոժոռ ասացին, որ չի թույլատրվում: Ինչո՞ւ: Պատասխանեցին, որ «կարմիր ստորագրությունը» չկա: Ի վերջո, պարզ-պարզ հայտարարեցին.



- Սյամոյի «պոդպիսը» չկա, չի կարելի:



Սամվել Բաբայանը նոր էր նշանակվել Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ: Ինչպես հեքիաթում է ասված՝ անունը լսել էի, իրեն չէի տեսել: Մի կերպ ձեռք բերվեց նաեւ «կարմիր» ստորագրությունը:



Հաջորդ անցակետում տերուտնօրինություն էին անում «կոմենդանտի» տղերքը: Նրանք էլ պահանջեցին ցույց տալ «կոմենդանտի պոդպիսը»: Ոչ մի բացատրություն չօգնեց: Մեր բախտից քիչ անց նա եկավ: Մոտեցա, ցույց տվի փաստաթղթերը:



- Ի՞նչ եք բերելու,- հարցրեց:



- Դեռ չգիտեմ:



Պատվիրեց, որ բեռն անպայման պիտի հանձնվի «կոմենդատուրային», որ գալուց Գորիսից մի երկու արկղ գարեջուր բերենք տղերքի համար, եւ փաստաթղթերը վերադարձրեց:



Հաջորդ օրը Հատուկ ծրագրերի կոմիտեում Էռնեստ Ղեւոնդյանը տվեց 10 տ ալյուրի բեռնագիր: Ալրաղաց կոմբինատից ապրանքն ստացանք:



Վերադարձին «կոմենդանտի» անցակետն արդեն չկար: Բայց մեկ է, նա մեզ գտավ: Վեճ, աղմուկ: Պահանջում էր բեռնաթափվել «կոմենդատուրայի պահեստում», ես ցույց էի տալիս ապրանքագիրը, ըստ որի՝ ալյուրը պետք է հանձնեի Առաջաձորի գյուղխորհրդին: Ի վերջո, բարձած մեքենան քշեցինք գյուղ՝ ուշադրություն չդարձնելով «յոթհարկանի» սպառնալիքներին:



…Մի քանի օր առաջ պատահաբար տեսա՝ նախկին «կոմենդանտը» խանութի դռանը ձմերուկ էր ընդունում: Բանվորները բեռնաթափում, կշռում էին, ինքը ծոցատետրում գրում էր քաշերը: Ինձ նկատեց՝ դեմքը շուռ տվեց: Շուրջ երկու տասնամյակ նա ԼՂ քաղաքական դաշտի դերակատար էր, գաղափարախոս: Եվ անընդմեջ խոսում էր բարոյականությունից, ցիտում հայտնի փիլիսոփաներին, որոնց, ինչպես ասում էր, կարդացել է «բանտում եղած տարիներին»:



Հայրենիքը վարձահատույց է եղել, մարդը սեփականություն ունի, քաղաքական անցուդարձին այլեւս չի խառնվում: Իր համար էլ՝ լավ, երկրի համար էլ:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ