Խոսակցությունների թեման մեկն է՝ հեղափոխություն (լուսանկարներ)

Խոսակցությունների թեման մեկն է՝ հեղափոխություն (լուսանկարներ)

Ազատության հրապարակ. ոմանց համար զբոսնելու, ոմանց համար գիշերելու հրապարակ, չնայած կեսօրին Ազատության հրապարակն այնքան էլ մարդաշատ չէր, սակայն թեժ զրույցներն ու քննարկումները չէին դադարում: Աստիճանների կողքին «տնավորված» մարդիկ թեյ են խմում, հոգ տանում միմյանց՝ ծածկոցներով փակում քնած ընկերոջը, աստիճաններին դրված ինքնաեռից դեռ ծուխ դուրս չի գալիս, դեռ տաք է եղանակը: Իսկ հարթակին մարդիկ գեղեցիկ դասավորել են իրենց «հեղափոխական» պաստառները, հիմա դեռ խաղաղ է, երեկոյան կվերսկսվի պայքարը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղյալ համարելու և ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տապալելու փորձերը:



«Առհասարական անվավեր ճանաչելու պահանջը կապված չէ միայն իրավական գործընթացի հետ, քանի որ այստեղ ուղղակի քաղաքական որոշումներով են այդ հարցերը լուծվում, ուրեմն՝ կարող են նաև բավարար ճնշման դեպքում քաղաքական որոշումներով ինչպես խախտել են, այնպես էլ հետ գնան: Անշուշտ, անհրաժեշտ է, որ բավարար կրիտիկական զանգված առաջանա ժողովրդի, որպեսզի կարողանա իր քաղաքացիական անհնազանդությամբ հասցնել այն վիճակին, որ ռեժիմը հրաժարվի».- մեզ հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:



Երեկ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց թվաքանակը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին չի բավարարում, թե այսօր որքան մարդ կհավաքվի, դեռ հարցական է, սակայն Վարուժան Ավետիսյանի խոսքով իրենք տևական պայքար են մղելու, մարդկանց ոտքի են հանելու. «Մեր պայքարի հիմնական ուղղություններն այս պահին այս երկուսն են, առաջին՝ մեր ժեղովրդին համախմբենք և ոգևորենք, ավելի մեծ զանգված բերելով կրիտիկական այդ վիճակին, և մյուսը՝ կարողանանք ճնշումներ իրագործել այն աստիճան ռեժիմի վրա, որ այն ընկրկի և հանձնվի»:



Սահմանադրական հանրաքվեի մասով էլ Վարուժան Ավետիսյհանը զարմանքի, կամ բարկության նշաններ ցույց չի տալիս. «Ամբողջ համակարգն է գործում, ԿԸՀ-ն հանցավոր համագործակցության մեկ բաղադրիչն է ընդամենը: Այդ համակարգը գործում է մեր պետության, մեր ժողովրդի դեմ»:



Հրապարակում խումբ-խումբ հավաքված մարդկանց խոսակցությունների թեման էլ կարծես դուրս է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, բոլորի մտքին մեկ բան է՝ հեղափոխություն, ինչպես իրագործել: Ցուրտ եղանակը մարդկանց չի վախեցնում. «Էնքան տաք եմ հագնվել, որ գիշերը գետնին պառկեմ քնեմ, չեմ հիվանդանա».- կատակեց մի տղամարդ:



Տեղեկացնենք, որ այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը կսկսվի ժամը 16.00-ին: