Տեղի է ունեցել ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում. «Նոր Հայաստանը» հայտարարություն է տարածել

Տեղի է ունեցել ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում. «Նոր Հայաստանը» հայտարարություն է տարածել

Ազատության հրապարակում այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր քաղաքացիական հերթական հավաքն էր հրավիրել:



«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը հավաքի սկզբում ընթերցեց սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի վերաբերյալ «Նոր Հայաստան« ճակատի քաղաքական խորհրդի պաշտոնական հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված էր. «Հանրաքվեի կեղծումը ոտնահարում է հայ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը վերլուծելով նոր սահմանադրության ընդունման գործընթացը և ամփոփելով դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում գրեթե բոլոր ընտրատեղամասերում կատարված բազմաթիվ կոպիտ ու բացահայտ ընտրախախտումների վերաբերյալ ընդդիմության միասնական շտաբի, քաղաքական և հասարակական այլ կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների, լրագրողների և քաղաքացիների տրամադրած արժանահավատ փաստերը, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական հանրաքվեի անվան տակ իրականում տեղի է ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում»:



Իր խոսքում «Նոր Հայաստան» փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը  անդրադարձավ լրատվամիջոցներում կրկին արծարծվող հարցին՝ կապ ունի՞ արդյոք Ժիրայր Սեֆիլյանը Երևանում բացահայտված հանցավոր խմբի հետ:



«Այսօր տեսնում ենք որոշ լրատվամիջոցների միջոցով նորից արծարծվում է այդ հարցը, արդեն անվանապես՝ փորձելով ինչ-որ կապ գտնել Շուշիի ազատագրման գործում մեծագույն ներդրում ունեցած ազգային գործիչ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Սա ուղղակի հերթական փորձն է արդեն իսկ ամրագրված ընտրակեղծիքներից հետո ժողովրդի ազատ կամարտահայտության ոտնահարումից հետո, որը կոչվում է սահմանադրական հեղաշրջում»,- ասաց նա և հերթական անգամ պնդեց, որ ընդունվածը ոչ թե լեգիտիմ Սահմանադրություն է, այլ ժողովրդին մատուցած ինչ-որ թղթի կտոր:



Ելույթ ունեցավ նաև Ազատամարտիկ Պավել Մանուկյանը, ով մեղադեց ազատամարտիկներին՝ դեկտեմբերի 6-ի ապօրինությունների հեղինակների ձեռքը չբռնելու համար:



«Սահմանի եզրին խփվում են մեր դեղնակտուց արծիվները, իսկ թիկունքում մեռնում են զառամյալ արծիվները՝ շատ խայտառակ ձևի»,-ասաց Մանուկյանը:



Նա նաև նշեց, որ Հայաստանը՝ հանրապետությունից փորձում են վերածել աշիրեթության, իսկ ժողովրդին՝ վայրի ցեղերի: Ազատամարտիկը կոչ արեց իր ընկերներին՝ ասելով, որ ժողովրդի առջև իրենք պարտք ունեն կատարելու և այսօր նրանք պետք լինեն հրապարակում: