Իրավունք չունենք

Իրավունք չունենք

Եթե ուշադիր հետեւենք ընդդիմության քայլերին ու խոսքին, այնքան ուշադիր, որքան հետեւում ենք իշխանություններին, հարյուրավոր-հազարավոր վրիպումներ, զավեշտներ, հակասություններ կգտնենք։ Այս խմբում մարդիկ չգիտեն իրենց անելիքը, իսկ ասելիքը հակասական է ու անհամոզիչ, քայլերը՝ չպատճառաբանված ու կասկածելի։ Էլ չենք խոսում պառակտվածության, միմյանց նկատմամբ կուտակած բացասական լիցքերի, ֆինանսների բացակայությամբ բացատրվող պասիվության, պետական պատժամեքենայի հանդեպ վախի, իշխանության հետ գործարքների գնալու պատրաստակամության մասին։



Անշուշտ, կարելի է ծաղրել ընդդիմադիր կուսակցությունների ԱԺ խմբակցություններին՝ հինգ հոգով յոթ երգ երգելու կամ 2 հազար ընտրատեղամասերում մեկական անդամ չունենալու համար։ Կարելի է ընդդիմության տարբեր խմբերին կասկածել ծախվածության մեջ եւ նրանց ելույթների ամեն տողը վերլուծել՝ այնտեղ Բաղրամյան 26-ի մատը տեսնելով։ Այնպես, ինչպես կարելի է զենք ձեռքը չառնողներին մեղադրել անվճռականության, հեղափոխության կոչ անողներին՝ ազգը պառակտելու, պառլամենտական ընտրություններին նախապատրաստվողներին՝ ժողովրդին դավաճանելու մեջ։ Այնպես, ինչպես կարելի է բոլոր անհատականությունների մեջ թերություններ գտնել ու մեղադրել․ Զառային՝ շիզոֆրենիայի, Նիկոլին՝ պոպուլիզմի, Րաֆֆուն՝ աղոթելու, Լեւոնին՝ մի կողմ քաշվելու, Ժիրայրին՝ խառնակչության, երիտասարդ ակտիվիստներին՝ փիառվելու, ազատամարտիկներին՝ լռելու մեջ։



Մեղադրելը, մանավանդ տաք տանը, բազմոցին հարմարավետ նստած, համակարգչի էկրանի առաջ, սուրճի բաժակը ձեռքիդ, ամենահեշտ բանն է։ Ամենաանվտանգ։ Մինչդեռ նա, ով ինչ-որ բան փոխելու պատասխանատվություն չի ստանձնում եւ հետույքը բազմոցից կտրելու համարձակություն չունի, նաեւ մեղադրելու իրավունք չպետք է ունենա։