Արցախում սահմանադրությունը կփոխեն, որ Արկադի Ղուկասյանը չվերադառնա՞

Արցախում սահմանադրությունը կփոխեն, որ Արկադի Ղուկասյանը չվերադառնա՞

Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու մտադրություն կա նաեւ Արցախում: Վարչապետ Արա Հարությունյանն է նման հայտարարություններով պարբերաբար հանդես գալիս: Վերջինս գլխավորում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ իր հարցազրույցներում պարբերաբար շեշտում է, որ ինքն ու իր կուսակցությունը կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն եւ ապագայում այդ հարցով կդիմեն նախագահ Բակո Սահակյանին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում այս հարցի շուրջ միանշանակ դրական կարծիք չկա։ Այստեղ նշում են, որ երբ Արցախը կորցրեց ԼՂ տարածքի 40 տոկոսը, եղել է հենց խորհրդարանական կառավարման ժամանակահատվածում՝ 1992-ին, եւ միայն Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումից հետո հնարավոր եղավ շրջադարձ կատարել ու հաղթանակ տանել պատերազմում:



Բայց փոփոխությունները, թերեւս, անխուսափելի են, քանի որ այդ հարցում շահագրգռված են նախեւառաջ Հայաստանում: Արցախի իշխանությունները ոչ այնքան նպատակ ունեն հավերժացնել վարչապետ Արայիկ Հարությունյանի կամ Բակո Սահակյանի իշխանությունները, որքան կանխել «անցանկալի» քաղաքական զարգացումները: Վերացնելով նախագահի ինստիտուտը՝ հնարավոր կլինի կանխել ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վերադարձը, նա համարվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մարդը», իսկ Հայաստանի եւ Արցախի իշխանափոխությունները վերջին տարիներին սերտորեն շաղկապված են իրար:



Ամենայն հավանականությամբ, եկող տարեսկզբից կսկսվի գործընթացը, Արցախի իշխանական ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունը կողմ է այդ փոփոխություններին:



- Հիմա կուսակցությունների կարծիքներ կան, բայց դեռ որոշում չկա: Մենք միանշանակ կողմ ենք, որ փոխվի Սահմանադրությունը: 1918 թվականից սկսած, եթե նայում ենք մենք, խորհրդարանական կառավարման ժամանակ ավելի շատ հաջողություններ ենք գրանցել, քան նախագահականի:



- Բայց պատերազմական վիճակում ինչքանո՞վ է նպատակահարմար, այն էլ Արցախում, անցում կատարել խորհրդարանական համակարգին, մանավանդ որ պատմական դեպքեր կան:



- Պատերազմական երկրում խորհրդարանական կառավարումն ավելի կարեւոր է, քան կենտրոնացված իշխանությունը: Ամեն մեկն ունի իր ֆունկցիաները, պատերազմի ժամանակ Ղարաբաղը եղել է խորհրդարանական պետություն եւ միայն 1995 թվականին է անցել նախագահական պետության, եւ դա մեզ չի խանգարել, որ հաղթենք, ընդհակառակը՝ պառլամենտական պետությունում բազմակարծությունը միայն կարող է օգնել: Այստեղ ես վտանգ չեմ տեսնում: Ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հն է լինելու առաջին դեմքը, թե՞ վարչապետը:



Գեորգի Պետրոսյանի, Արթուր Մկրտչյանի ժամանակ, երբ մենք մեծամասնություն էինք, պառլամենտական հանրապետություն էր, մեծ հաջողություններ ունեցանք, պատերազմի ժամանակ կառավարությունն ուներ ավելի շատ լիազորություններ եւ Պաշտպանության պետական կոմիտե:



- Իսկ ե՞րբ կլինի քննարկում, ե՞րբ է նախատեսվում ԼՂՀ հանրաքվեն:



- Ճիշտն ասած՝ նման քննարկումներ դեռ չկան: Նախաձեռնողների մասին էլ չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ կոնկրետ բան չկա դեռ: Բայց Հայաստանի սահմանադրության կոպիան չի լինի, իմ կարծիքով. քննարկումների ժամանակ կփոխվի, բայց հիմքը կլինի պառլամենտական համակարգը:



- Իսկ հնարավո՞ր է, Հայաստանի օրինակով, դա անձի, իշխանության վերարտադրման խնդիր է հետապնդում:



- Մենք այդպիսի մտավախություն չունենք, եթե անձը եւ իշխանությունը փորձում է վերարտադրվի, կարող է գործող Սահմանադրությամբ էլ վերականգնվի: Նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ չվերարտադրվի (նկատի ունի Հայաստանի՝ Լ. Շ.), Սահմանադրությունն անձերի համար չէ, այնպես որ, ես հայրենիքն ու անձը նույն նժարի վրա չեմ դնում: Այդ փոփոխություններով կուսակցական կառույցներին հնարավորություն կտրվի կայանալ, ոչ թե մեկ անձը խաղա դրսի վրա եւ ներսում եւ այդ անձը դառնա երկրի թիվ մեկ դեմքը՝ չունենալով քաղաքական հենարան, եւ հետո սկսի խաղալը ու արհեստական հենարաններ ստեղծի։ Դա պետք է ներքեւից գա, կուսակցությունները կայանան, հասարակությունը կայանա:



- Նաեւ տեսակետ կա, որ իրականում այդ փոփոխություններն արվելու են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վերադարձը կանխելու համար:



- Ինձ համար անձերի տակտիկական հարցերը շատ փոքր են, ինձ համար հայրենիքի զարգացման խնդիրն է, առանձին անձերը ցանկացած էտապում էլ կարող են ցանկացած խաղեր անել:



- Հայաստանում ՀՅԴ-ն աջակցեց իշխանությունների փոփոխություններին, բայց կոալիցիան կարծես թե ուշանում է, ինչո՞ւ:



- Հարցը ճիշտ չեք դրել, այս իշխանությունները դեռ ծնված չէին, որ Դաշնակցությունը պառլամենտական հանրապետության կողմնակից էր՝ եւ 1918-ին, եւ երրորդ հանրապետության ժամանակ։ Ուրիշ բան է, երբ ուրիշներն են պաշտպանել Դաշնակցության քաղաքականությունը: Իսկ Դաշնակցությունն էլ հաշվարկ չի արել, որ իր քաղաքականությունը փոխի:



- Իսկ Դուք կո՞ղմ եք, որ Հայաստանում ՀՅԴ-ն իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմի:



- ՀՅԴ-ն յոթ կետ է դրել, եւ մեր նպատակը դաշնակցելն է, ազգին միասնական պահելը, մարդ կա՞, որ միասնությանը դեմ է: