Նախկին նախարարը ստել է, քաղաքապետարանն էլ զարգացրել այդ սուտը

Նախկին նախարարը ստել է, քաղաքապետարանն էլ զարգացրել այդ սուտը

Անցյալ տարվա հոկտեմբերին հոդված էինք հրապարակել «Բենզալցակայանն ընդլայնվում է բնակելի շենքի քթի տակ» վերնագրով։ Դրանում նկարագրել էինք, թե ինչպես է Երևանի Աջափնյակ համայնքում՝ Շինարարներ-Արզումանյան փողոցում գտնվող մի բենզալցակայան ընդլայնվում, ինչից էլ դժգոհություններ էին եղել հարակից շենքերի բնակիչներից։



Մեր տեղեկություններով՝ տվյալ բենզալցակայանը պատկանում է 1995-96թթ․ Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարար, դրանից հետո նաև Հարկայինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած Արսեն Քամալյանին։ Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը․ «Չէ, էդ իմը չէ, Ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»։



Քաղաքապետարանից էլ մեր հարցմանն ի պատասխան ասաց ին, որ Շինարարների փողոցի 11/1 հասցեի բենզալցակայանը` սեփականության իրավունքով, ներկայումս պատկանում է քաղաքացի Դավիթ Սասունի Առաքելյանին (վկայական հ. 21072015-01-0217) և տեղեկացրին, որ շինաշխատանքների թույլտվություն տրվել է իրենց կողմից։
Ամիսներ անց, սակայն, մեր ձեռքի տակ ընկավ մի փաստաթուղթ, որով փաստացի հերքում են նախկին նախարարի հերքումներն ու քաղաքապետարանի տրամադրած պաշտոնական պատասխանի իսկությունը։ Փաստաթուղթը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում։



Այս փաստաթուղթն իրենից ներկայացնում է 10.06.2015 թվականին հրապարակված1777-Ա համարակալմամբ որոշում, որում նշված է, որ Շինարարների փողոցի Հ.11/1 հասցեում գտնվող հողամասի (որի վրա այդ բենզալցակայանն է կառուցված) վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը, պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին․



«Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա Կուտոյանի և Արսեն Քամալյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 1998 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1199 որոշման հիման վրա, Շինարարների փողոցի հ.11/1 հասցեում, սեփականության իրավունքով իրենց պատկանող բենզալցակայանի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 08.10.2002թ. հ.428448 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին»։



Այնուհետև սույն որոշմամբ սահմանվում է լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Նաիրա Կուտոյանի և Արսեն Քամալյանի հետ կնքել համաձայնագիր`Շինարարների փողոցի հ.11/1 հասցեում գտնվող բենզալցակայանի զբաղեցրած՝ 93.5 քմ մակերեսով հողամասի համար, 08.04.1999թ. կնքված վարձակալության հ.ՓԲ-2723 պայամանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայամանգրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները։



Մեր տեղեկությամբ՝ Նաիրա Կուտոյանը Արսեն Քամալյանի կինն է, այսինքն՝ այս բենզալցակայանը ամուսինների համատեղ բզինեսն է։ 



Փաստորեն, ստացվում է, որ Արսեն Քամալյանն ուղղակի ստել է՝ ասելով, որ այդ բենզալցակայանն իրեն չի պատկանում։ Իսկ քաղաքապետարանից էլ պաշտոնապես զարգացրել են այդ սուտը՝ ինչ-որ անհայտ մեկի անունը տալով, թե իբր տվյալ բենզալցակայանը ոմն Դավիթ Առաքելյանին է պատկանում։



Հ․Գ․ Նախկին նախարարը երևի նույն «ճշմարտախոսությամբ» էլ ժամանակին նախարար է աշխատել, հետո Հարկայինում է նման «անհերքելի ճշմարտություններ» ասելով պաշտոն զբաղեցրել, հիմա էլ նույն ոճով բիզնես է անում՝ օրը ցերեկով բացահայտ խաբելով մամուլին ու հասարակությանը։ Քաղաքապետարանն էլ շտապել է լուրջ դեմքով պաշտոնական պատասխան ուղարկել ու ինչ-որ անհայտ անվան տակ «վավերացնել» նախկին չինովնիկի սուտը։ Երևի մոռացել էին, որ ստի լեզուն գուցե երկար է՝ իրականությունը թաքցնելու հարցում, բայց ոտքը, ամեն դեպքում, կարճ է։