«Հայկական ժամանակ». Սպասվում են կադրային ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ

«Հայկական ժամանակ». Սպասվում են կադրային ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մոտ տասն օրից մեկնարկելու են կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունների շուրջ բանակցությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու թերես ԲՀԿ-ի միջև։ Կոալիցիա, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի ձևավորվելու, թեև 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից առաջ քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ հանրաքվեին աջակցելու դիմաց ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագիր կստորագրվի:

Իշխանական շրջանակներում առաջին փոփոխությունները սպասվում են իրավապահ ամենավերին օղակներում: Մեր տեղեկություններով, իշխանության վերնախավում կրկին հրատապ քննարկման առարկա է դարձել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հրաժեշտ տալու և այդ պաշտոնին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին գործուղելու հարցը։ Այս պարագայում Գևորգ Կոստանյանի փոխարեն ՀՀ զլխավոր դատախազ պետք է դառնա Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը, իսկ Շահինյանի փոխարեն ՀՔԾ պետի թեկնածուներից մեկը կարող է նշանակվել կոմիտեի նախագահի տեղակալ, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Երեկ մեր թղթակիցը փորձել է կադրային այս փոխատեղումների վերաբերյալ մեկնաբանության ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գևորգ Կոստանյանի մամուլ խոսնակ Քրիստինե Մելքոնյանը փոխանցել է. «Խոսակցությունները, կուլիսային քննարկումները չենք մեկնաբանում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։