ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը մի կերպ ազատվեց լրագրողների ձեռքից

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը մի կերպ ազատվեց լրագրողների ձեռքից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ որոշվեց իրենց կողմից պետաիրավական հանձնաժողովի նիստում որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին։



Վերջինս նիստից հետո լրագրողներին ասաց, որ ինքը տվել է իր համաձայնությունը այդ կապակցությամբ։ Նրան միանգամից մի շարք հարցեր ուղղվեցին։



-Պարոն Թաթոյան, ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը՝ հաշվի առնելով, որ իշխանությունների կողմից քննադատվում են ՄԻՊ-ի զեկույցները։



-Գիտե՞ք, այս պահին դեռ նոր որոշվել է իմ թեկնածությունն առաջադրել, հանձնաժողովում դեռ քննարկումներ կլինեն, կարծում եմ, որ էնտեղ մանրամասն այդ հարցերը կքննարկվեն։



-Դուք կարծու՞մ եք, որ կարող եք անկաշկանդ, ազատ լինել, քաղաքացու կողքին կանգնել։



-Այո, ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել և քաղաքացու կողքին կանգնել՝ օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան, բայց մանրամասն հարցերը հանձնաժողովում կլինի քննարկում, ես՝ ինքս, պատրաստ եմ քննարկել լրագրողների հետ և, ընդհանրապես, բաց լինել քաղաքականության իրականացման ընթացքում և աշխատանքի ընթացքում, բայց ճիշտ կլինի, կարծում եմ, որ հանձնաժողովում սահմանված կարգով ընթանան քննարկումներ։



-Hraparak.am։ Պարո՛ն Թաթոյան, Դուք պատկերացնու՞մ եք այն ծանրությունը, թե ինչ է սպասվելու Ձեզ այդ պաշտոնում և պատկերացնու՞մ եք, որ «միջատային գրոհի» կենթարկվեք իշխանությունների կողմից։



-Ես աշխատել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և համագործակցել եմ գրեթե յոթ տարի, և, այո, պատկերացնում եմ։



Հետո Թաթոյանն ուղղակի փորձեց փախչել լրագրողների հարցերի տարափից դեպի ԱԺ նախագահի սենյակ։ Վայրկյաններ անց՝ նա դուրս եկավ այնտեղից ու նորից հանդիպեց լրագրողներին, ովքեր տարակուսեցին, թե ինչու՞ է նա խուսափում լրագրողների հարցերին պատասխանելուց, սա չի՞ նշանակում, որ նա արդեն իսկ ոտնահարում է լրագրողների իրավունքները՝ դեռ Մարդու իրավուքնների պաշտպան չդարձած։
«Ոչ, խնդրում եմ՝ նման պրովոկացիոն բաներ մի՛ ասեք, ես հարգում եմ բոլոր լրագրողների իրավունքները, և իմ գործունեությունն ընդհանրապես կապված է անձի իրավունքների պաշտպանության հետ, պարզապես այս պահին ընթացակարգային առումով կլինի ամսի 12-ին հանձնաժողովում նիստ, լիարժեք կներկայացվեն բոլոր հարցերը»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ