Դատավոր Արմեն Բեկթաշյանը խախտում է բոլոր ժամկետները

Դատավոր Արմեն Բեկթաշյանը խախտում է բոլոր ժամկետները

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դատական խնդիրները շարունակվում են։ Այժմ նա հայտնվել է դատավարական նորմերի խախտումների հորձանուտում։ Նման խախտումների մասին, սովորաբար, ընդունված չէ գրել, եւ դատավորներն օգտվում են նրանից, որ այդ խախտումներն անտեսանելի են։ Խոսքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Արմեն Բեկթաշյանի գրասենյակի վատ աշխատանքի մասին է, որի համար պատասխանատու է հենց ինքը՝ դատավորը։ Ինչպես հայտնի է, Սուրենյանցին այդ դատավորի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ այն բանի համար, որ բնակարաններ տալու գործընթացն արագացնելու խոստումներ էր տվել մի քաղաքացու, մեծ գումար շորթել դրա համար՝ չկատարելով խոստումը։ Սուրեն Սուրենյանցը, համարելով, որ հանիրավի է դատապարտվել, վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ այժմ «Նուբարաշենում» սպասում է իր բողոքի քննությանը։ Սուրենյանցին դատավարության ընթացքում գրավի դիմաց թողել էին ազատության մեջ, սակայն դեկտեմբերի 22-ին դատարանի դահլիճում դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ փոխվեց նրա խափանման միջոցը՝ նույնը օրը հրապարակելով դատավճիռը։ Գրավը՝ մեկ մլն. դրամի չափով, չեղյալ համարվեց եւ մինչ օրս չի վերադարձվել Սուրենյանցի հարազատներին։ Նրա կնոջ հավաստմամբ, իրենց նկատմամբ արդեն բազմաթիվ դատավարական ժամկետներ են խախտվել։ «Հաջորդ իսկ օրը մոտենում ենք դատարան, որ գրավը ետ վերցնենք։ Մեզ մերժում են՝ պատճառաբանելով, որ մինչեւ վերաքննիչ դատարանը որոշում չկայացնի, չենք վերադարձնի։ Սուրենն արդեն ասել էր բողոքարկելու մասին դատավճիռը կարդալուց հետո,- ասում է Սուրենյանցի կինը՝ Արփին,- դատավճիռը կարդալուց 5 օր հետո իրենք պարտավոր էին այն ուղարկել եւ Սուրենին, եւ դատապաշտպանին, սակայն դա ուղարկում են իմ բազմաթիվ զանգերից հետո՝ հունվարի 20-ին միայն»: Առաջին ատյանի դատարանը խախտել է նաեւ Սուրեն Սուրենյանցի գործը վերաքննիչ ուղարկելու ժամկետները։



Դատավճռի հրապարակման օրը Սուրենյանցը բողոքարկում է այն, եւ երկու օր անց վերաքննիչ բողոքը հասնում է դատական երկրորդ ատյան։ Վերաքննիչ քրեական դատարանից անմիջապես տեղեկացնում են Կենտրոնի դատարանին եւ պահանջում գործը, սակայն մինչ օրս այն չի ուղարկվել։ «Ամեն օր զանգում եմ Արմեն Բեկթաշյանի ընդունարան։ Ասում են՝ այսօր կուղարկենք, հաջորդ օրը զանգում եմ, ասում են՝ վայ, այսօր կուղարկենք... ու չեն ուղարկում։ Այսօր նորից եմ զանգում՝ ասելով. ի՞նչ եղավ, ուղարկեցի՞ք։ Պատասխանում են՝ առավոտ հանձնվել է գրասենյակ։ Զանգում եմ գրասենյակ, ինձ ասում են, որ Սուրենյանցի բողոքը կա, բայց Բեկթաշյանի մոտից չի ուղարկվում գործը, որ իրենք էլ հատուկ փոստով ուղարկեն վերաքննիչ: Նորից եմ զանգում, ասում եմ՝ ինչո՞ւ եք ստում։ Ամուսնուս վիճակը շատ վատ է, մեզ համար մեկ ժամն էլ կարեւոր է։ Հեռախոսն անջատեց ու էլ զանգերի չպատասխանեց»,- պատմում է Արփին։ 



Իրավիճակ, որն իսկապես արդարադատության խորհրդում քննելու ենթակա է։ Սուրեն Սուրենյանցը պարբերաբար հացադուլ ու ջրադուլ է անում՝ պայքարելով դատավարական անարդարությունների դեմ։ Իսկ լրագրողներն ու քաղաքական գործիչները, նաեւ թերթ կարդացող հանրությունը, ափսոսանքով են հիշում, թե ինչ փայլուն ուղեղ ուներ այդ տղան եւ ինչ ափսոս էր։