Ֆելիքս Ցոլակյանի հեռանալու դեպքում համայնքապետերը սպառնում են պաշտոնաթող լինել

Ֆելիքս Ցոլակյանի հեռանալու դեպքում համայնքապետերը սպառնում են պաշտոնաթող լինել

Երեկ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը խորհրդի նիստում միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն ու խորհրդի անդամներն իրենց այս քայլով թերևս փորձում են համոզել, որ Ֆելիքս Ցոլակյանը ամենապատասխանատուն է պաշտոնի հարցում: Ֆելիքս Ցոլակյանի վերընտրվելը հետաքրքիր է հատկապես նրա մոտալուտ հեռանալու լուրերի ֆոնին:



Որքան էլ տարօրինակ է, մոտ ապագայում Ֆելիքս Ցոլակյանի՝ մարզպետի պաշտոնին հրաժեշտ տալու լուրերը ծանր են տանում հատկապես համայնքապետերը: Մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները կամ անկուսակցական են, կամ ՀՀԿ-ական: Նոր՝ ՀՅԴ-ական մարզպետ ունենալու հավանական վարկածը խուճապ է առաջացրել նրանց մոտ:Շիրակցիների խոսքերով, իրենց հիշողություններում դեռ վառ է պահվել նախկին ՀՅԴ-ական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի կառավարման տարիները, երբ ամենուր գործում էին դաշնակների օրենքները: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախկին մարզպետը չի վերադառնա, փոխարենը մեկ ուրիշ թեկնածուի անուն է շրջանառվում:



Խոսքը ԱԺ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի մասին է: Սակայն համայնքապետերին այս տարբերակն էլ չի գոհացնում: «Մեր Ցոլակյանը լավն է, հետը խոսել, համաձայնության գալ է լինում...»,-ասաց համայնքապետերից մեկը: Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանի հեռանալու դեպքում համայնքապետերից շատերը սպառնում են պաշտոնաթող լինել ՝ սեփական դիմումների համաձայն:



Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետի պաշտոնը լքելու մասին խոսակցությունները նոր թափ առան, երբ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որոշեցին կոալիցիա կազմել: Ֆելիքս Ցոլակյանը 2013թ մարտին հրաժեշտ տվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից եւ նշանակվեց Շիրակի մարզպետ:



Արևիկ Հակոբյան, Գյումրի