Ո՞վ կհաղթի ընդդիմության խառնամարտում

Ո՞վ կհաղթի ընդդիմության խառնամարտում

Մինչ առանձին քաղաքական գործիչներ (Հրանտ Բագրատյան) հանդես են գալիս ընդդիմության միավորման կոչերով, աշխատում են հանրությանը ներշնչել, որ ՀՀԿ-ն 5 տոկոս չունի, իսկ Դաշնակցության հետ ավելի քիչ ունի, ստուգողական այցով Հայաստան է ժամանում Շվեդիայի արտգործնախարարը եւ խժդժություն գցում առանց այն էլ բաժան-բաժան եղած հայրենյաց ընդդիմության շարքերում: Ընդդիմության ներկայացուցիչներին ընտրողաբար ՄԲ դեսպանատուն հրավիրելն արդեն ամեն ինչ արժե:



2017 թվականի այս օրերին Հայաստանը եռացող կաթսա է հիշեցնելու: Չի բացառվում, որ ԱԺ-ն ընտրական նոր օրենսգիրքն ընդունելուց հետո դառնա միանգամայն ավելորդ օղակ եւ ցրվի ժամկետից շուտ: Իսկ դա նշանակում է, որ մենք ԱԺ ընտրություններ կունենանք ոչ թե 2017թ. մայիսին, այլ, ենթադրենք, մարտ կամ փետրվար ամիսներին: Ժամանակի առումով սա կաշխատի ընդդիմության դեմ, բայց մյուս կողմից էլ հրաշալի հնարավորություն կընձեռի Սերժ Սարգսյանին` մեկ տարի շուտ հրաժարական տալ եւ, ինչպես ինքն էր ասել, զբաղվել առավել հոգեհարազատ գործով` կուսակցաշինությամբ:



Իրադարձություններից առաջ ընկնելն անշնորհակալ գործ է, մանավանդ՝ Հայաստանում, որտեղ քաղաքական գործընթացները միշտ սկսվում են ոչ մի տեղից եւ վերջանում ոչ մի տեղում: Հակառակ դեպքում մենք արդեն այսօր կունենայինք շատ հարցերի պատասխաններ: Եվ քանի որ մեզանում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, ոչ իշխանություններն են ընկալված հանրության կողմից եւ ոչ էլ ընդդիմությունը: Երբեմն նույնիսկ անհնար է նշմարել, թե որտեղով է անցնում բաժանարարը ընդդիմության եւ իշխանության միջեւ: Եթե դեռ համագործակցեին, փոխլրացնեին միմյանց, կմտածեինք` դա է պատճառը, որ չկան հստակ սահմանազատումներ: Բայց մենք այսօր ունենք մի ընդդիմություն, որ ոչ համագործակցում է իշխանության հետ եւ ոչ էլ միավորվում իշխանության դեմ: Եվ, սրանով հանդերձ, չես հասկանում, թե ով ով է այդ, այսպես ասած, ընդդիմադիր դաշտում եւ ինչ խաղ է խաղում: Տպավորություն է, որ այստեղ տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ մրցում են մի բոլորովին այլ մարզաձեւից` չտիրապետելով դրա ոչ հնարքներին, ոչ կանոններին: Արդյունքում գզվռտոց է ստացվում, որը, թեեւ դիտարժան, բայց եւ անիմաստ է, քանզի բոլորով բոլորին խանգարում են գոնե կես քայլ առաջ շարժվել կամ ավելի ընդգծվել որպես քաղաքական ուժ:



Այսօր նոր ընդդիմադիր կուսակցություններ են ձեւավորվում, նոր ուժեր են հայտարարում իրենց լուրջ-լուրջ նպատակների մասին: Իսկ ո՞րն է լինելու նրանց հաջորդ քայլը: Ուզեն թե չուզեն, խառնվելու են ընդհանուր ծեծկռտուքին, որտեղ բոլորը բոլորի դեմ են: Ընդդիմության դաշտում բացակայում են ճահիճը շրջանցող կածանները: Եթե Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը ճահիճը հաղթահարելու հարցում ապավինում են իրենց երիտասարդական ավյունին, ապա Վարդան Օսկանյանը, որ հայտարարել է կուսակցություն հիմնելու մասին, դեռ մտածում է` արժե՞, արդյոք: Ի վերջո, նա գիտակցում է, որ ստիպված է անցնել մի տեղով, որտեղ նրան կարող են սահանկումով տապալել, ու ընդհանուր հարայհրոցի մեջ ոչ ոք չի էլ նկատի դա: Ինչ-որ հովերով տարված` Հայաստան էր ժամանել նաեւ Արա Աբրահամյանը: Իշխանությունները հրաժարվեցին նրան խաղացող դարձնել իրենց դաշտում, եւ նա անմիջապես հասկացավ, որ իրեն մնում է մեկ ճանապարհ` հաղթահարել ամենակուլ ճահիճը: Կմտնի՞: Իհարկե, ոչ:



Թե ինչպես է Շվեդիայի տիկին արտգործնախարարն այդ զանգվածային ծեծկռտուքի միջից ընդդիմադիրներ ջոկել եւ հրավիրել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, մի քիչ անհասկանալի է: Այս հարցի (իբր մեր հարցերը քիչ էին) միակ տրամաբանական պատասխանը թերեւս այն է, որ այդ հրավերով ԵՄ ազդեցիկ պետություններից մեկի ներկայացուցիչը փորձել է բոլորին, այդ թվում եւ իշխանություններին, հասկացնել, որ ԵՄ-ն առաջիկա ընտրությունների նախաշեմին արդեն տիրություն է անելու մեր ընդդիմադիրներին: Ի՞նչ ասեմ, ես հաջողություն եմ մաղթում տիկին արտգործնախարարին իր հետագա աշխատանքներում, բայց չեմ կարող երաշխիքներ տալ, որ նրան կհաջողվի գլուխ հանել մեր ընդդիմադիրներից:



Նա տեղյա՞կ էր, արդյոք, որ մարտի 1-ի պահանջատիրության հարցում ՀԱԿ-ը մրցակից ունի` ի դեմս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, որն արդեն վիճարկում է, թե ինչպիսին պետք է լինի մարտի 1-ի հանրահավաքը: Չենք կարծում, թե տեղյակ էր, այլապես ՀԱԿ-ին ու «Նոր Հայաստանին» համատեղ քննարկումների չէր հրավիրի:



Դատելով մարտի 1-ի կապակցությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հայտարարություններից` դժվար չէ հասկանալ, որ երկու ընդդիմադիր ուժերի միջեւ կոնֆլիկտ է հասունանում Ազատության հրապարակում իրենց սցենարն առաջ տանելու հարցում: Ես արդեն չեմ զարմանա, որ Հիմնադիր խորհրդարանի պնդմամբ «Նոր Հայաստանը» կարգախոս հռչակի. «Մարտի 1-ը՝ առանց ՀԱԿ-ի»: Բայց նույնիսկ նման արտառոց առճակատումն ի վիճակի չէ որեւէ բան փոխել ճահճի կյանքում եւ ինչ-ինչ վերադասավորումներ առաջ բերել այնտեղ: Ընդամենը մեկ ամիս առաջ բոլորը «ոչ» էին ասում եւ ամեն մեկը՝ իր «ուրույն» «ոչ»-ը: Իսկ դա հենց ներքին խառնամարտի ցուցանիշ է` չլինի՞ թե մեկի «ոչ»-ը մյուսի «ոչ»-ից ավելի բարձր հնչի:



Չգիտեմ, ինձ հաջողվե՞ց հասկացնել, որ ընդդիմությունն ահագին գործ ունի անելու, մանավանդ հիմա, երբ Հրանտ Բագրատյանը նոր թվաբանություն է հնարել, ըստ որի` իշխանությունների մոտ 2-ը փոքր է 1-ից: