Սենսացիոն պատասխաններ էինք ակնկալում, ստացանք տրաֆարետներ

Սենսացիոն պատասխաններ էինք ակնկալում, ստացանք տրաֆարետներ

Երեկ, տեւական դադարից հետո, լրագրողները կրկին հնարավորություն ունեցան շփվելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Իհարկե, նա որեւէ հարցի հստակ պատասխան չտվեց, բայց տարբեր հարցերի շուրջ խոսեց։ Այն հարցերը, որոնց չէր ցանկանում պատասխանել, հմտորեն խուսափում էր բուն պատասխանից։ Հովիկ Աբրահամյանը շատ լավ տիրապետում է այդ հնարքին, թե ինչպես պատասխանել միայն իր համար ցանկալի հարցերին։ Բայց զրույցն ընթանում է մտերմիկ ու բարյացակամ մթնոլորտում՝ այնպես, որ լրագրողները հեռանում են գոհ ու բավարարված։



Միակ քիչ թե շատ սպառիչ պատասխանը գազի գնի շուրջ էր։ «Գազի գնի հետ կապված որոշում չկա, բայց քննարկում կա։ Հանրապետության նախագահը որ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել են, հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիան» գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ»,- ասաց վարչապետը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տարեվերջին հայտարարեց, որ գործադիր համակարգի օպտիմիզացիայի են գնալու, բայց Սերժ Սարգսյանն իր քայլերով կարծես հերքում է իրեն, վարչապետն ասաց․ «Մենք կատարում ենք օպտիմիզացիա, եթե Դուք նկատի ունեք մեկ նախարարության ավելացումը, ապա մենք հիմա արդեն համագործակցության մեջ ենք ՀՅԴ-ի հետ եւ այդ քննարկումների արդյունքում մենք այդ որոշումը կայացրել ենք։ Դա քաղաքական որոշում էր։ Իսկ մենք օպտիմալացում իրականացնելու ենք, այսինքն՝ հաստիքների կրճատում, ինչպես ասել ենք՝ մեքենաների, եւ հիմա պատկան մարմիններն զբաղվում են այդ հարցով»։



Մեր հարցին, թե դաշնակցական նախարարները ՀՀԿ-ականներից ավելի լա՞վ են աշխատում, վարչապետն ասաց․ «Դեռ վաղ է գնահատական տալ, կաշխատեն՝ կտեսնենք»։ Դիտարկմանը, թե Ընտրական նոր օրենսգրքով բավականին բարդանալու է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործը, ինչպե՞ս են ապահովելու անհրաժեշտ ձայների քանակը, Աբրահամյանն ասաց, որ Հանրապետականի համար միշտ եղել է բարդ, բայց հաղթահարելի։ Երբ փորձեցինք մի երկու լրացուցիչ հարց տալ Ընտրական օրենսգրքի եւ ՀՀԿ խնդիրների մասին, պարոն վարչապետը որոշեց, որ չարաշահեցինք հարցեր տալու իրավունքը, եւ ընդհատեց, որոշելով պաշտպանել «համեստ մարդկանց» իրավունքները․ «Համեստ մարդիկ ձեր շարքերում տեղ չունեն, մի քիչ էլ նրանց հերթ տանք հարց տալու»։
Հարց հնչեց ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության առանձնացման մասին, թե լավ չէի՞ն աշխատում միասին, որ առանձնացրիք, մեկն էլ հավելեց նրա եւ Գագիկ Խաչատրյանի հարաբերությունների պահը։ Վարչապետը հապաղեց. «Հիմա ո՞ր հարցին պատասխանեմ․․․ լարված չեն, ընդհանրապես որեւէ նախարարի կամ վարչապետի հարաբերությունները չի կարող լարված լինել, դա միշտ հիշեք, բոլորիդ խորհուրդ եմ տալիս»։ Չգիտես ինչու, այս «կարեւոր» խորհուրդը որոշեց տալ պարոն Աբրահամյանը։



Իսկ ինչո՞ւ։ «Որովհետեւ վարչապետը վարչապետ է, նախարարը՝ նախարար», ապա հավելեց, որ նմանատիպ խոսակցություններն ու բամբասանքները պիտի ավարտվեն, արդեն ժամանակն է։



Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու եւ դրանով Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ապահովելու մասին հարցին էլ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ողջունում է յուրաքանչյուրին, ով կուսակցություն կորոշի բացել։ Իսկ Քոչարյանի կառավարման տարիներին արտգործնախարար աշխատած եւ Քոչարյանի թիմակիցը համարվող Վարդան Օսկանյանի, նրա ապագա կուսակցության եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կապի մասին Հովիկ Աբրահամյանն ասաց․ «Որեւէ կապ ես չգիտեմ պարոն Քոչարյանի հետ, եւ, ընդհանրապես, ինձ չի էլ հետաքրքրում։ Ուղղակի մենք ուրախ ենք, որ քաղաքական դաշտում եւս մեկ կուսակցություն կա, եւ ինչքան թվով շատ կուսակցություններ մասնակցեն ընտրություններին, այնքան լավ կլինի մեր երկրի, մեր ժողովրդի համար»։



Իսկ երբ փորձեցինք խոսակցությունը նորից տեղափոխել Ընտրական օրենսգրքի թեմային, Հովիկ Աբրահամյանը կրկին ցրեց մեր հարցը․ «Ես շնորհակալ եմ ձեզանից, ես ուղղակի ձեր հետ որ շփվում եմ, շատ լավ եմ զգում, տրամադրությունս բարձրանում է»։ Հաջորդ հարցերն ԸՕ-ի հետ կապ չունեին, ուստի հաճույքով պատասխանեց։ Ի վերջո, փորձեցինք ճեղքել դիմադրությունը եւ հարց ուղղեցինք՝ ցուցակները կհրապարակվե՞ն, թե՞ ոչ, ընդդիմության պահանջները կբավարարվե՞ն, արդյոք։ «Դուք դրա պատասխանը գիտեք․․․ պահանջներ չի կարելի ձեւակերպել, դա առաջարկներ է, հարգելիս, առաջարկում են, քննարկում ենք, քննարկման փուլում են գտնվում, փորձեք սպասել մի քիչ, համբերությամբ զինվեք․․․»,-ասաց վարչապետը։ Իսկ Դուք ինքներդ կո՞ղմ եք ցուցակների հրապարակմանը։ «Ինչ որոշում որ կկայացնեն, ինձ համար ընդունելի կլինի»,-ասաց նա։ Դուք կառավարության ղեկավարն եք, Ձեր անձնական դիրքորոշումը չունե՞ք այս հարցում։ «Եթե Դուք ուզում եք ինչ-որ մի բան սենսացիոն ինձանից ստանաք, ուղղակի իզուր չարչարվում եք»,- հարցը հետ վերադարձրեց Հովիկ Աբրահամյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ