Օպտիմալացման մի քանի տարբերակ

Օպտիմալացման մի քանի տարբերակ

Դեռեւս անցած տարվանից խոսվում է գործադիր իշխանության կառուցվածքային փոփոխությունների, օպտիմալացման, կրճատումների մասին։ Ընդ որում, տարբեր կոնֆիգուրացիաներ են քննարկվում՝ ինչպես նախարարությունների ու տարբեր գերատեսչությունների միացման, այնպես էլ անջատման։ Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ այդքան շահարկվող կառուցվածքային փոփոխություններն սկսվելու են ոչ թե նախարարություններ միացնելուց, այլ պետական հիմնարկներում վարչություններ, բաժիններ միաձուլել-կրճատելուց, հաստիքացուցակներն օպտիմալացնելուց: Այսինքն` օպտիմալացումն առաջին հերթին իրենց կաշվի վրա կզգան շարքային պետական չինովնիկները: Առանձին նախարարությունները միացնելը տարբեր իրողություններից է կախված, իշխանական մեր աղբյուրի պնդմամբ` դա երկարատեւ քննարկումների, վերլուծությունների կարիք ունի, իսկ նախարարությունների ներսում կառուցվածքային փոփոխություններ անելն ամենահեշտ բանն է: Խոշոր կառուցվածքային փոփոխություններն էլ փուլ առ փուլ կանեն, դեռ 1-2 տարի ժամանակ կա: Փոփոխությունների մեջ ամենախնդրահարույցը, թերեւս, կառավարությանն առընթեր մարմինների ճակատագիրն է:



Քանի որ նոր Սահմանադրությամբ կառավարությանն առընթեր մարմիններ չեն լինելու, պետք է որոշում կայացվի` կամ դրանք պետք է դառնան նախարարություն, կամ կառավարությանն ու վարչապետին ենթակա մարմիններ: Ամենալուրջ խնդիրն Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության մասով է, որոնց չգիտեն՝ նախարարությո՞ւն սարքեն, թե՞ դարձնեն ենթակա կառույց: