Հայաստանը չունի «անվտանգության բարձիկ»

Հայաստանը չունի «անվտանգության բարձիկ»

Եվ այսպես, ո՞ւմ հավատալ։ Հայաստանը որպես կողմ Իրանից Վրաստան մատակարարվող գազի շուրջ բանակցություններում կա՞, թե՞ ոչ։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, հավատալ պետք է ռուսներին։ Նա Ռուսաստան-Իրան-Վրաստան-Հայաստան քննարկման օրերին հետեւել է ռուսական արձագանքներին եւ նկատել, որ Հայաստանը դրանցում որպես խաղացող ու դերակատար չէր ներկայացվում։ «Նրանք դիտարկում էին, որ, օրինակ, հաշվարկները ռուսական ռուբլու ու պարսկական ռեալի միջոցով կլինեն։ Մեխանիզմը հետեւյալն է․ ՌԴ-ից գազը կմատակարարվի Վրաստան, բայց դա կդիտարկվի որպես Իրանից մատակարարում, եւ Իրանը նույն ծավալով գազ կմատակարարի Հայաստանին։



Այս ողջ մեխանիզմում ռուբլու եւ ռեալի փոխադարձ հաշվարկների գաղափարն էր դրվում»,- ասում է վերլուծաբանը։ Վրաստանը, լինելով անկախ երկիր, որը դիվերսիֆիկացրել է իր գազի շուկան, անընդհատ փնտրտուքի մեջ է։ «Նա մտածում է, թե ոնց անի, որ իր ազգի համար փորձի էներգակիրների գները նվազեցնի։ Իրանը նրա համար մի հնարավորություն է, Ռուսաստանը՝ մեկ այլ։ Աշխարհում գազի գներն անկում են ապրում, նա էլ ասում է՝ ով ինձ էժան գազ է մատակարարում, նրանից էլ կվերցնեմ, եւ որոշումը կախված է Վրաստան-Ռուսաստան եւ Ռուսաստան-Իրան բանակցություններից եւ ոչ Հայաստանից, որը ոչինչ էլ չի կարող ոչ ակնկալել, ոչ էլ պահանջել»։ Գազի սպառողական գների նվազման հնարավորությունն Արտակ Մանուկյանը եւս կապում է քաղաքական կշռի հետ։ «Ռեալությունը եւս պայմանավորված է քո քաղաքական կշռով, շուկան դիվերսիֆիկացնելու հնարավորություններով, բանակցելու հմտություններով։ Այս երեք գործոններով էլ Հայաստանը, մեծ հաշվով, չունի այն անվտանգության բարձիկը, որ կարողանա հավասարը հավասարի հետ խոսել Ռուսաստանի հետ»։ Նա հիշեցրեց, որ ԵՏՄ երկիր հանդիսացող Բելառուսը գազը Ռուսաստանից ստանում է 142 դոլարով եւ դեռ բանակցում է գինն իջեցնելու համար։ «Մեր 165 դոլարը, որը գործելու է մինչեւ ապրիլի մեկը, համադրելի չէ այս գնի հետ։ Ինչո՞ւ։ Այս հարցը հենց այն արժեքն է, որը կոչվում է հավասարը հավասարի հետ բանակցել»։ 



ՀԳ. Մեր տեղեկություններով, շուտով հայտարարություն կարվի սպառողների համար ապրիլի 1-ից գազի գնի նվազման մասին։ Չի բացառվում, որ այդ հայտարարությունն անելու է անձամբ ՌԴ վարչապետը, որի Հայաստան այցի մասին արդեն պաշտոնական հայտարարություն է արվել։