Հայաստանի երրորդ հանրապետության արդարադատության նախարարները

Հայաստանի երրորդ հանրապետության արդարադատության նախարարները

Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արդարադատության նախարարը եղել է Վահե Ստեփանյանը, որը պաշտոնավարել է 1991-96թ.թ.։ Նա ավարտել է Խորհրդային օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, իսկ հետո՝ դոկտորանտուրան։ 1990-95 թ.թ. Վահե Ստեփանյանը եղել է Սահմանադրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 1991, 1992, 1993թ.թ. ՀՀ նախագահի հրամանագրերով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։Այնուհետեւ, 1996թ. նա ԱԺ որոշմամբ նշանակվում է Սահմանադրական դատարանի անդամ, իսկ 1996թ. ՍԴ որոշմամբ ընտրվել է ՍԴ նախագահի տեղակալ։



1997թ. նա հրաժարական է ներկայացրել ՍԴ նախագահի տեղակալի պաշտոնից։
Խորհրդային օրենսդրության ոլորտում մասնագիտացած, անկախ Հայաստանում հաջողությամբ պաշտոնավարած արդարադատության նախկին նախարարը 2013թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ։



Համացանցային մեր որոնումներն այդպես էլ արդյունք չտվեցին, եւ մենք չկարողացանք որեւէ տեղեկություն իմանալ 1996-98թ.թ. ՀՀ արդարադատության նախարար Մարատ Ալեքսանյանի հետագա գործունեության մասին։



Իսկ ահա նրան հաջորդած եւ 1998-2007թ.թ. որպես ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարած Դավիթ Հարությունյանը բավականին բուռն գործունեություն է ծավալել թե՛ իր պաշտոնավարման շրջանում, թե՛ հետագայում։ Նա դեռ 1995-98թ.թ. եղել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1997-98թ.թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։



Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման շրջանում մամուլը բազմիցս է անդրադարձել, թե ինչպես է նա պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իր եւ իր եղբայրների բիզնես գործունեության ծավալման համար ստեղծել նպաստավոր պայմաններ։ Դավիթ Հարությունյանի անվան հետ են կապվում Երեւանի Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցի բնակիչներից իրենց տները հնարավորինս էժան եւ արագ խլելու գործը, ինչի պատճառով էլ մարդիկ հայտնվել էին անօթեւան վիճակում։ Նրա նախաձեռնությամբ են «Հողային օրենսգրքում» եւ «Քաղաքացիական օրենսգրքում» կատարվել փոփոխություններ։ Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցի տուժած բնակիչներն առ այսօր էլ շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար, քանի որ նրանցից շատերը ստացել էին ոչ համարժեք փոխհատուցում, ապրում են վարձով։



Առ այսօր էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում են Երեւանի իրացման գոտու բնակիչների դիմումները, նրանց վերաբերյալ կայացվում վճիռներ։ 2007-2012թ.թ. Դավիթ Հարությունյանին կրկին հանդիպում ենք ԱԺ-ում։ Նա նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն էր եւ իր սահուն անգլերենով ու իրավական գիտելիքներով կարողանում էր հայաստանյան իշխանություններին պարզերես ներկայացնել արտերկրում այն ժամանակ, երբ Հայաստանում կային քաղբանտարկյալներ, կոպտորեն խախտվում էին մարդու իրավունքները։ 2012-2014թ.թ. Դավիթ Հարությունյանը կրկին ԱԺ պատգամավոր էր, իսկ արդեն 2014 թվականից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է։



2007-2010թ.թ որպես ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարած Գեւորգ Դանիելյանն իր կարիերան սկսել է որպես դատախազ։ Նա 1996-99թ.թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության բաժնի դատախազ, 2000-2004թ.թ.՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, 2004-07թ.թ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Իր պաշտոնավարման շրջանում ոչնչով աչքի չընկած Գեւորգ Դանիելյանը 2010թ. ՀՀ նախագահի հրամանագրով ազատվում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Այլ մանրամասներ հայտնի չեն նրա ազատման հետ կապված, բայց 2011թ. նա նշանակվում է ՍԴ-ում խորհրդական։ 2013թ. Գեւորգ Դանիելյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվում է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։



2010-2014թ.թ. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվում է Հրայր Թովմասյանը, որը մինչ այդ ուներ լավ իրավաբանի համարում։ Նա 1996-2001թ.թ. աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում, 2001թ. ապրիլից-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։ Այնուհետեւ Հրայր Թովմասյանին հանդիպում ենք Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերությունում, որտեղ նա որպես իրավախորհրդատու աշխատում է 2001-2010թ.թ.։
Բարձրորակ իրավաբանի համարում ունեցող Հրայր Թովմասյանը, սկսած 2006 թվականից, դասախոսություններ է կարդում նաեւ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցում։



Իսկ ահա 2010թ., նշանակվելով ՀՀ արդարադատության նախարար, Հրայր Թովմասյանն ամբողջությամբ ձուլվում է գործող համակարգին։ Նա մերժում է եւ կես ճանապարհին է թողնում բանտից «Հայկական ժամանակ» օրաթերթ ուղարկվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակները, որոնք հետո տպագրվում են ուշացումներով։ Ավելի ուշ նա հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի նամակներում ոչ մի արտառոց բան չկար։ 2013թ. նա նույն կերպ խոչընդոտում էր արդեն ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը տեսակցելու էր գնում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին եւ իր ընկերներին։2014 թվականից Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար է։



Ընդամենը մեկ տարի՝ 2014-2015թ.թ., որպես ՀՀ արդարադատության նախարար, պաշտոնավարած Հովհաննես Մանուկյանը եղել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Վրաստանում։ 2005թ. Հովհաննես Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էր։ Մամուլում ժամանակին հրապարակվեցին տեղեկություններ, որ 2008 թվականի մարտիմեկյան ողբերգությունից հետո դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա գնա քաղաքական փոխզիջման եւ ազատի քաղբանտարկյալներին։ Եվ նույն՝ 2008թվականին նա հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանին։ Նման մի հրաժարականի դիմում էլ Սերժ Սարգսյանին, արդեն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց 2015թ. հուլիսին, որը նույն օրը բավարարվեց։ Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարն այդ ժամանակ գտնվում էր արձակուրդում։ Նրանից որեւէ մեկնաբանություն ո՛չ այդ ժամանակ, ո՛չ էլ ավելի ուշ ստանալ չհաջողվեց։ Փոխարենը մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, որ նա հրաժարական է տվել «սեքս-սկանդալի» պատճառով. իբր Սերժ Սարգսյանը դիտել է նախկին նախարարին վերաբերող մի տեսանյութ, որից հետո զայրացել է եւ որոշել նրան պաշտոնանկ անել։ Այժմ նախկին նախարարը «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի վարչության անդամ է։



Տեւական ժամանակ, մինչեւ սեպտեմբեր, թափուր էր մնացել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։ Բանն այնտեղ էր հասել, որ մամուլը հեգնում էր, թե այդ նախարարությունն ուրեմն պետք չէ ոչ ոքի։ ԶԼՄ-ներում միաժամանակ շրջանառվում էին տարբեր անուններ, ակնհայտ էր, որ իշխանական կուլիսներում չեն կարողանում համաձայնության գալ կոնկրետ անձի թեկնածության շուրջ։ 



2015թ. սեպտեմբերին ՀՀ արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանը մինչ այդ, 2012 թվականից, ԱԺ պատգամավոր էր, ներկայացված էր նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում։ Իսկ ՀՀ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ոմանք հիացան երիտասարդ կին նախարարի գեղեցկությամբ, ոմանք հույսեր փայփայեցին, որ նա համակարգն ավելի մարդակենտրոն կդարձնի։ Արդյունքում այսօր իշխող կուսակցության կողմից նշանակված կին նախարարը պաշտպանում է գործող համակարգի շահերը, դեմքի լուրջ արտահայտությամբ եւ իրավաբանական «խուճուճ» ձեւակերպումներով «ջրում» իրեն ուղղված լրագրողական սուր հարցադրումները եւ գոհանում ոլորտին վերաբերող տարբեր փաստաթղթեր ստորագրելով ու հանդիպումներ կազմակերպելով։



Թագուհի Հակոբյան