Լեւոն Մկրտչյանը խոստացել է պատժել ընտրակեղծարարներին

Լեւոն Մկրտչյանը խոստացել է պատժել ընտրակեղծարարներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ մեծ թիմ է տեղափոխում Հրազդան` նախընտրական շրջանում տեղում լինելու, գործընթացներին հետեւելու համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ` օրերս ՔՊ-ն լուրեր է ստացել, որ Հրազդանի դպրոցների տնօրենները սկսել են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին ընտրողների ցուցակները կազմել, նրա օգտին աշխատել:



Լուրեր ստանալուն պես ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է տնօրեննների հետ, այս խնդրով զրույց է ունեցել Կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: ԱԺ ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է իրավիճակը եւ զգուշացրել է, որ նման բաներ չանեն: ՀՅԴ-ական նախարարն էլ խոստացել է, որ եթե կոնկրետ փաստ լինի տնօրենների կողմից ընտրություններին միջամտելու, ինքը խստորեն կպատժի: Ասում են` ՀՀԿ-ական տնօրենները շատ նորմալ են իրենց պահել ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ, դեռ մի հատ էլ խոստացել են, որ ամեն ինչ արդար է լինելու: 



Նշենք, որ ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար Հրազդանում առաջադրվել են Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ՀՀԿ-ական, Հրազդանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Ռաֆայել Գրիգորյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՝ Արթուր Միսակյանը, անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, «Յոթի գործով» քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը։