Ինչո՞ւ իշխանավորների երեխեքը բանակում ինքնասպան չեն լինում

Ինչո՞ւ իշխանավորների երեխեքը բանակում ինքնասպան չեն լինում

Պաշտպանության նախարարությունը մեզ անընդհատ զգոն է պահում, վատ լուրերի սպասող։ «Ոչ աշխատանքային օրերին թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն անհանգիստ է եղել, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը... Տավուշի մարզի բոլոր սահմանային գյուղերում անհանգիստ է եղել, քաղաքացիական անձ է վիրավորվել, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս»,- հաղորդում է նախարար Օհանյանի խոսնակը, գնահատելով սա որպես «Ադրբեջանի կողմից համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացում», համարժեք պատասխան խոստանալով։ Իսկ մեր նախարարն այդ նույն քրիստոնեական տոնի կապակցությամբ, երջանիկ ժպիտը դեմքին, լուսանկարվում է իր տիկնոջ կողքին, «Կովկաս» պանդոկի մատուցողի հանդերձանքով, որը Զատկի տոնին համահունչ են ընտրել։ Տարազ հագած նախարարն այսպես է դիմավորել Զատիկը։ Երեւի, այսպես հեշտ է մոռանալ զինվորների մահերը եւ այն, որ այս տարի գիժ մարտը բարի չգտնվեց մեր զինվորների նկատմամբ։ 



Սահմաններից դարձյալ մահվան գույժեր ստացանք։ Մեկ ամսում՝ 4 մահ։ Մարտի 14-ին Տավուշի հենակետերից մեկում ինքնասպան եղավ 19-ամյա էջմիածինցի զինծառայող Կամո Մարտիրոսյանը։ Գործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Մեկ տարի առաջ այս տղան «Զինուժով» պատմում էր իր ծառայության մասին, որ իր բանակային ընկերների հետ «կարծես ախպերներ են»։ Ի՞նչ եղավ, որ «ախպերները» որոշեցին սպանել իրենց ընկերոջը կամ հասցնել նրան ինքնասպանության, դժվար էլ պարզվի։ Քննչական կոմիտեն արձանագրում է, որ զինծառայողը հայտնաբերվել է «կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով»։ Բանակային հանցագործությունների վերաբերյալ քննությունները, որոնք, թվում է, պետք է արագ բացահայտվեն, քանի տարածքը փակ է, հնարավոր սուբյեկտների շրջանակն էլ՝ սահմանափակ, սովորաբար քննվում են երկար եւ անարդյունավետ։ Իսկ արդյունքներից գոհ է լինում թերեւս միայն դատախազությունը։



Մարտի 17-ին Ղարաբաղում զոհված երկու զինվորների մասին իմացանք այստեղ՝ Երեւանում։ Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վերք է ստանում եւ մահանում է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Վարդերեսյանը, որն ամռանը տուն էր գնալու։ Նույն օրը՝ դարձյալ Ղարաբաղում, մահացավ ՊԲ մեկ այլ զինվոր՝ Արմավիրի Արեւիկ գյուղի բնակիչ Հովհաննես Հարությունյանը։ Որպես մահվան պատճառ՝ նշվում է զենքի օգտագործման կանոնների խախտումը։ Մարտի 24-ին Կապանում զոհված ժամկետային զինծառայող Սեւակ Համբարձումյանի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն։ Նրա ճակատին հրազենային վերք է եղել։ Տղան մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին։ Հանգամանքները քննում է Քննչական կոմիտեն, բայց պարզ է, որ եթե հակառակորդի կրակոցից մահը վրա հասած լիներ, վաղուց հայտարարել էին այդ մասին։



Սեյրան Օհանյանը կնոջ հետ ֆոտոսեսիա է անում Զատիկի կապակցությամբ, իսկ 2007 թվականին Կարճաղբյուրի զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, հանգստյան օրերին հիվանդանոցում էր։ Նա բարձր ճնշում է ունենում եւ սրտի ցավեր, որոնք ձեռք է բերել, պայքարելով որդու սպանության բացահայտման համար։



Պաշտոնական վարկածով՝ տղային «սպանողը» հոսանքն է, բայց Գոհար Սարգսյանը համոզված է, որ իր որդուն սպանել են Հայկազ Բաղմանյանի թիկնապահները։ Երկուշաբթի, մեռելոցին, նա գնացել է գերեզմանոց եւ կրկին վերադարձել հիվանդանոց։ Արդեն ութուկես տարի է, ինչ Գոհար Սարգսյանը մյուս մայրերի հետ մասնակցում է ակցիաների, հետեւում է բանակային լուրերին, հանդիպում է ծնողների եւ իրավապաշտպանների հետ։ «Ինձ պաշտոնական վարկածները, որ տղաները, իբր, զոհվում են զենքի օգտագործման կանոնների խախտումով կամ որ ինքնասպանություն են գործում, արժանահավատ չեն թվում,- ասում է մայրը,- առաջ շատ էին գրում՝ ինքնասպանություն։



Հետո հասկացան, որ չեն կարող կապտուկներով, ծեծի-ջարդի հետքերով այդքան ինքնասպաններ լինեն։ Որ առաջին գծում զենքի օգտագործման կանոններ չիմացող այդքան զինվորներ լինեն։ Ինչո՞ւ պետք է զինվորը զենքի հետ վարվելու կանոններ չիմանա ու գնա դիրքեր։ Սա մի նոր սցենար է, որպեսզի իրենց դեմքերը մի քիչ պարզ անեն։ Կամ՝ մի ուրիշ հարց։ Ինչո՞ւ են այդ երեխաները բոլորն անապահով ընտանիքներից։ Եթե անապահովությունն է բանակում ինքնասպանությունների պատճառը, ապա ինչո՞ւ այդ երեխաներն անապահով կյանքով ապրելու ժամանակ իրենց չեն խփում, այլ գալիս են, հասնում են բանակ՝ նոր։ Ինչո՞ւ մի իշխանավորի երեխա չի գնում ինքնասպան լինում բանակում կամ անզգույշ չի վարվում զենքի հետ։ Ես ութուկես տարի հետեւում եմ, մի անգամ նման դեպք չլսեցի։ Կամ իշխանավորների երեխեքն արդեն զենքի հետ վարվելու ձեւը գիտեն, որովհետեւ ամբողջ օրը զենքը ձեռքներին կրակելով սովորում են, կամ էլ չեն գնում բանակ»։ Գոհար Սարգսյանը շատ հարցեր ունի իշխանավորներին, բայց զոհված զինվորների մայրերին նրանք չեն լսում։ Լավագույն դեպքում միայն օգնություն են տալիս։