Փափախը գլխիդ՝ պեչենու բաղերն ես ընկել...

Փափախը գլխիդ՝ պեչենու բաղերն ես ընկել...

«Գրողների միության անդամ, բազմակի մրցանակակիր Սամվել Բեգլարյանի հոդվածը՝ ի պատասխան Լեւոն Ջավախյանի հարցազրույցի, օրեր առաջ էինք ստացել եւ որոշել էինք չտպագրել, քանի որ լի է վիրավորական արտահայտություններով։ Սակայն, ի վերջո, որոշեցինք տպագրել, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի, թե ինչով է ապրում, շնչում, ինչպես է վիճում հայ ժամանակակից գրողը։ Ինչ վերաբերում է հեղինակի որոշ փաստական պնդումներին, հուսանք՝ նա ի վիճակի է դրանք ապացուցել, եթե, իհարկե, Լեւոն Ջավախյանը որոշի դիմել դատարան»։ 



Հարյուրավոր մարդիկ հրապարակավ, գրավոր կամ բանավոր կարծիք են հայտնում, բայց առանց աղմուկի, առանց վիրավորանքի, բայց, չէ, սա քո համար չէ... դու ղալմուղալի սովոր, բազարի սովոր, առուծախի սովոր, չարչիության սովոր մարդ ես: Ընդունված կարգ է՝ որ լրատվամիջոցում հրապարակում է լինում, այնտեղ էլ՝ պատասխանը կամ արձագանքը: Բայց, չէ, սա դարձյալ քո համար չէ, Մալլում (այս ձեւով մեծարվելը քեզ դուր է գալիս) Ջավախյան, մեծ աղմուկը մեծ տարածք է սիրում, ուստի դու, «Գրական թերթը» թողած, որտեղ որ տպագրվել էր եւ բուն հոդվածը, եւ իմ արձագանքը, գնացիր ու կպար «Հրապարակին»... Կպար՝ կպար, լավ արիր, բայց գոնե քննարկվող նյութից խոսեիր, ինչին որ դու կողմ էիր, ու ես դեմ էի, դրանից խոսեիր... Չէ, չէր լինի, ինչպես դու ես կարծում, գրողին ավելի լավ են ճանաչում, երբ նրա շուրջն աղմուկ է լինում, քննադատում են, ուստի, քանի որ «Հրապարակ» էիր ընկել, որոշեցիր մեյդաններում գոռացողների հանգույն նամազաձայնդ զլել մինչեւ վերջ եւ բուն թեման թողած, բազարիդ շահավետ գործը թողած, արծաթիդ գանձերը թողած, եկար ու կպար իմ եւ գործի հետ ոչ մի առնչություն չունեցող Էդվարդ Միլիտոնյանի անձերին ու տանձերին... Եվ ոչ ավել, ոչ պակաս՝ գրում ես, թե Միլիտոնյանն աշխարհի ամենածույլ մարդն է, բայց երկու պաշտոն է զբաղեցնում: Նրա ո՞ր գործի կամ ո՞ր բանի վրա աչք ունես, Լեւոն մալլում: Ո՞վ է քեզ բարոյական կամ որեւէ իրավունք տվել Գրողների միության ընտանիքի գրողների բացարձակ մեծամասնության կողմից ընտրված ղեկավարին վիրավորել: Դու գիտե՞ս կամ դո՞ւ ես որոշում նրա կատարած գործերի չափը, իսկ ի՞նչ անի, որ ծույլ չլինի... քո նման «մատնիք, մարջան, ապարանջան» ու էստի համեցեք կանչի, հա՞...



ՈՒ ԴԱՐՁՅԱԼ, բուն թեման ու խնդիրը թողած, փափախը գլխիդ, քո խոսքերով ասած՝ «պեչենու բաղերն ես ընկել» ու հիմա էլ հայտարարում ես, թե քեզ նախանձում ենք, ու դու էլ մեղավոր չես, որ շաաաաատ «հանճարեղ ես», ու ինչ էլ որ գրում ես, ըստ քեզ, «լավ է ստացվում»: Պահոոոոո, աշխարհի ու մեր ազգի տաղանդավոր գրողներին թողած՝ քեզ ու քո անեկդոտաժանր գրվածքներին ենք նախանձում, հա՞: Ի դեպ, քեզ բուժվել է հարկավոր, քանզի դու տառապում ես անառողջ, հիվանդ ու տենդագին ինքնասիրահարվածությամբ... Այդպես չլիներ, ո՞նց կգրեիր, թե ուզում ես մեեեեեծ գրող լինես, էնքան մեծ, որ Թումանյանը նկարդ կախի իր գլխավերեւում ու ասի, թե Մեծը դու ես, որ կաս... 21-րդ դարի հանճար ջան, հայրենի եզերքից փախած անճար ջան, Աստված ու Ալլահ քեզ հետ, գրի, ինչ ուզում ես, Նոբելյան մրցանակ էլ ստացի, միայն թե մեզ մորթող, մեր երկիրը զավթած, ամեն օր մեր անուշ տղերքի կյանքը խլող, այսօր էլ աչքը մեր երկրին տնկած, Երեւանն իրենց քաղաքը համարող, մեր եկեղեցիներն ու խաչքարերն ավերող ու ջարդող թուրքին մեր բարեկամը մի համարի... Ընդամենը ես այսքանն եմ ասել «Գրական թերթում» տպված իմ հոդվածում՝ քո «հանճարեղության» կամ իմ հայրենասիրության մասին եւ ոչ մի խոսք, բայց՝ չէ. դու բազարի, քուչի մարդ ես եւ որոշեցիր քուչի մարդկանցից հարցուփորձ անել իմ մասին, եւ անանուն ինչ-որ մեկն էլ իմ մասին ասաց, թե «հո չի գրում, ժարիտ է անում»... այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում քո անեկդոտային ոճին հարիր այս բառակապակցությունը, կամ քո այդ ո՞ր իթօղլի կարդաշն է որոշել իմ լավ կամ վատ լինելու չափը... Այ օղռաշ (քո սիրելի թուրքերենով է), հոդվածում գրել ու նորից եմ կրկնում՝ արի այստեղ, սահմանում, թեկուզ իմ տանն ապրի, որպեսզի ավելի լավ իմանաս իմ մարդ լինելու աստիճանը եւ մոտիկից նայես սահմանից անդին վխտացող թուրքի լամուկներին ու առնես կարոտդ ...



Արծաթածախ Լեւոն, ԴՈՒ ՔՈ ԱՌՈՒԾԱԽՈՎ ԱՄԵՆ ՕՐ ԽԱԲՈՒՄ ԵՍ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ: Այո, ես 15 տարի աշխատել եմ սոցիալական ծանրագույն բնագավառում, ու քանի որ դու ու քո նմանները խուսափում եք հարկեր վճարելուց, բնականաբար, հնարավոր չէր, որ բոլորին էլ «նպաստ» հասներ, ուստի «փարոսակեր» մի քանիսն էլ կարող են դժգոհ լինել, բայց, կրկնում եմ նորից ու նորից. դա ի՞նչ կապ ունի արծարծվող խնդրի հետ: Չի եղել, որ որեւէ մտավորական, գրող, նկարիչ կամ դերասան գա մեր տարածաշրջան ու չբացի իմ տան դուռը... մեկ-մեկ անաղուհաց քրդի շներ էլ են եկել, ինչպես քո ինկեր իջանցի Ռուբենը... Պատահում է, հետո իմացա, որ քաքեբեից են «կպցրած» եղել։ Հիմա էլ դու մի քանի օրով արծաթավաճառքդ թող, տերերիդ «ինֆորմացիա» տալդ թող ու արի մեզ մոտ... ես քայլեմ փողոցներով, ու դու, քո բնավորության համաձայն, թաքուն հոտոտի ու հետեւի ու տես, թե մարդիկ ինչպես են խոսում ինձ հետ, ինչպես են ջերմորեն զրուցում, ընդունում ու վերաբերվում։ Ինչեւէ, ես չափազանց ուրախ եմ, որ քո նման չարչին, Ռուբոյի նման քաքեբեիստն ու էլի մի քանի վիժվածք չեք հավանում ինձ։ Ինչպիսի վիրավորանք կլիներ ինձ համար ձեր գնահատման չափանիշներին համապատասխան լինելը....



Լավ, խնդրից խոսենք, թե չէ քիչ է մնում ես էլ քո նման «պեչենու բաղերն ընկնեմ»: Ասում եմ՝ խոսենք, ու գիտեմ, որ անիմաստ է: Ի՞նչ խոսես մի մարդու հետ, ով, ինչպես ինքն է ասում, «ձեռքի հետ գրող է» ու գտնում է, որ «հինգ դար շարունակ թուրքի հետ հաշտ ու խաղաղ ապրել ենք, ու, ռուսի դրդմամբ, բոռի բունը մենք բզբզեցինք»... Այս մասին խոսի, Լեւոն քիրվա, որ կրկնում ու բարբաջում ես ճիշտ այն, ինչ թուրքերն ասում են 100 տարի... Ի դեպ, մի շարք առաջադեմ թուրքեր վերջերս դատի են տվել Դավութօղլուին, նման խոսքերի համար, չիմանալով, որ նրա ջրաղացին ջուր լցնող մեկն էլ Հայաստանում կա... Ու այսքանից հետո էլ գրում ես, թե «Հայաստանը գողի ու բոզի երկիր ա, գյոթերին էլ չհաշված...»։ Հասկացանք, որ գյոթերին չես հաշվում, որովհետեւ քեզ է վերաբերում, իսկ ո՞ւմ ես «գող ու բոզ» համարում, այ չաթլախ (քո սիրելի թուրքերենով է): Ես չգիտեմ, թե աշխարհում կգտնվի՞ մեկ այլ վիժվածք, ով, որքան էլ նեղացած ու վիրավորված, իր երկրին այդպես անվանարկի... Այս երկրում ենք ապրում մենք բոլորս, մեր մայրերն ու քույրերը, մեր երեխաները, այնպես որ, հավաքիր նամազահոտ ռեխդ...



Դա էլ չլինի ախմախ «փիլիսոփայությունդ» Արցախի խնդրի շուրջ, երբ գրում ես. «Այդ հարցում խիստ կարեւորում եմ մարդու իրավունքների գերակայությունը»:
Հիմա արցախցի մարդիկ որոշել են ազատվել շղթաներից եւ ապրել ազատ ու անկախ, բայց քո սիրելի թուրք մարդիկ էլ դեմ են, չեն թողնում, կռվում, սպանում են... Հիմա դու ո՞ր մարդկանց կողմն ես, Մալլում Լեւան քշի... Հիմա ճիշտն ասա, «Քիրվայի» համար թուրքերից մեդալ ստանալուց հետո քանի՞ մանաթ են տվել, որ քսի են տվել հայ ժողովրդի դեմ:
Քո մեկ այլ «փիլիսոփայությանը» դառնամ, մալլում Լեւոն... Գրում ես. «Եթե անգամ թուրքը որպես ազգ թշնամիս է, ապա, որպես մարդ՝ բարեկամս»: Չգիտեմ, թե ով ինչ կհասկանա այս զառանցանքից, միայն թե դու ինձ ասա. Եղեռնը թուրք ա՞զգն է արել, թե՞ թուրք մարդը, մեր երկիրն ո՞ւմ երախում է՝ թուրք ազգի՞, թե՞ թուրք մարդու, ո՞վ է այսօր խլում մեր ջահել տղերքի կյանքը... թուրք ա՞զգը, թե՞ թուրք մարդը, ո՞վ է սահմանակող իմ տունը գնդակոծում ամեն օր... թուրք ա՞զգը, թե՞ թուրք մարդը... Քեզ ո՞վ է մեդալ շնորհել՝ թուրք ա՞զգը, թե՞ թուրք մարդը...
Ախր ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողնեմ, բայց նրա այս մի միտքը հաստատ «հանճարեղ է»... ասում է. «Մարդը ծնվել է, որպեսզի ապրի ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով եւ ոչ թե հերոսական կյանքով անմահանալու համար... Հերոսները բարբարոսական դարաշրջանի ծնունդ են եւ 21-րդ դար չեն հասել»:



Հարգելի իմ ժողովուրդ, հիմա ինչպե՞ս անենք, որ լոռե-երեւանցի էս մարդն ուզում է «ազատ ու անկախ ապրել», բայց թուրք մարդն էլ չի ուզում, չի թողնում... Հիմա, եթե հերոսների ժամանակն անցել է, էս «բոզի ու գողի երկրում» ո՞վ կռվի, կանգնի սահմանին ու, եթե պետք լինի, նաեւ զոհվի, որպեսզի մալլում Լեւոնն ազատ ապրի ու ազատ ու անկաշկանդ արծաթի առեւտուր անի... ու հարկեր էլ չվճարի... ու երբ նման բաներ ես տեսնում, մտածում ես, որ էս երկիրը ոչ թե «բոզի ու գողի երկիր է», այլ, ավաաաղ, այս բազմաչարչար երկրում նաեւ բոզեր, գողեր ու պլյուս՝ գյոթեր են ապրում...
Մալլում Լեւոն, կարծում եմ՝ քննարկումն ավարտված է... Տեսնում ես, որ միայն քո սուպերգաղափարներին եմ անդրադառնում եւ ոչ նախանձում եւ ոչ էլ խոսում եմ քո «հանճարեղ» ստեղծագործություններից:
Ստիպված էի պատասխանել քո վիրավորանքներին, եւ այսուհետ ու միշտ ականջիդ օղ արա. տաշաղս կուտի նա, ով ինձ «քսի տված» կամ գեշ մարդ կհամարի։ Հրավերս ուժի մեջ է. արի ապրի այստեղ, ու պարզ կլինի, թե ովքեր են քո սիրելի թուրքերը, եւ մեզնից ով ով է...



Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ



ՀԳՄ անդամ