3 երկրների միջեւ համաձայնություն կա, որ կոնֆլիկտի դեմն առնելը դրված է Ռուսաստանի վրա

3 երկրների միջեւ համաձայնություն կա, որ կոնֆլիկտի դեմն առնելը դրված է Ռուսաստանի վրա

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Արամ Կարապետյանի հետ



- Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից, ի՞նչ դրսեւորում կունենա այն քաղաքական-դիվանագիտական հարթությունում։



- Ադրբեջանի չորսօրյա ռազմական ավանտյուրան որեւէ ռազմական նշանակություն չունեցավ, եւ այն խնդիրները, որ Ադրբեջանն իր առջեւ դրել էր բլից-կրիգով՝ Սարսանգ հասնելու եւ մյուս հատվածից էլ հասնելու մինչեւ Հադրութ, երկու ուղղություններով էլ տապալվեց։ Քաղաքական առումով թե ինչ է անելու Ադրբեջանը, բնական է, որ բոլոր կողմերի հետ վերաբերմունքն ավելի կոշտանալու է։ Ադրբեջանը հիմա ասելու է, որ վիճակն անկառավարելի է դառնում, ու այս ամեն ինչը վերածվելու է մեծ պատերազմի։ Նա չի ասելու, որ ինքն է սկսել, այլ հորդորելու է շուտափույթ լուծում գտնել, որպեսզի հարցը չհասնի պատերազմի։ Ադրբեջանի բանակը 94 թվականինը չէ եւ կարող է Ղարաբաղին շատ մեծ վնաս հասցնել. սա, Ադրբեջանի կարծիքով, քաղաքական այն դիվիդենտներն են, որոնք կարծրացնելու են իրենց դիրքորոշումը։ Հայաստանի վերաբերյալ պետք է ասել, որ ռազմական տեսակետից մենք կարողացանք կանգնեցնել ագրեսիվ գործողությունները։ Ադրբեջանի շանտաժը, որ ռազմական ճանապարհով կարող է խնդիրներ լուծել, այլեւս միջազգային հանրության համար կոտրվել է։ Նախահարձակ եղավ, Ստեփանակերտը հրետակոծելու շանտաժ արեց, հետո հրադադար պայմանավորվեց։ Այս տեսանկյունից կա մեկ արգումենտ, որ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ կարգավորման գործընթացով։ Իսկ գեոքաղաքական հարթությունում կատարվող իրադարձությունների վերլուծությունից, կարծում եմ, կարգավորման ձեւաչափի փոփոխություն չի լինի, ինչին ձգտում էր Ադրբեջանը։ Ադրբեջանը ցանկանում էր Մինսկի խմբի համանախագահների փոփոխություն կամ համալրում՝ ի դեմս Թուրքիայի ու ինչ-որ տեղ՝ Իրանի, որքան էլ զարմանալի է։ ՄԽ անդամներից են նաեւ Բելառուսը եւ Ուկրաինան, պատահական չէ, որ սահմանային իրավիճակին նրանց գնահատականին մենք առանձնահատուկ արձագանքեցինք, որովհետեւ ռոտացիոն սկզբունքով նրանք կարող են ստանձնել ՄԽ համանախագահություն՝ ըստ ՄԽ ստեղծման փաստաթղթի, համաձայն որի՝ համանախագահությունը ռոտացիոն սկզբունքով է։ Այսինքն՝ դրա համար էլ ադրբեջանական կողմը նրանց հետ ակտիվ աշխատանք է տանում։ Չի բացառվում, որ Ադրբեջանը պահանջի ռոտացիա, դրա համար էլ Մինսկի խմբի համանախագահողները եւ հատկապես Ռուսաստանը հայտարարեցին, որ դեմ են ֆորմատի փոփոխությանը։



- Բայց չէ՞ որ ստատուս քվոն էլ կայուն վիճակ չի ենթադրում, ՄԽ-ն լուծում չի տալիս, ու սահմանների անդորրը մշտապես խախտվում է, ունենում ենք զոհեր։



- Այո, Ադրբեջանը, սրելով իրավիճակը, դա էլ էր ուզում ցույց տալ, որ դուք կոնֆլիկտը չեք կարողանում լուծել, ուրեմն եկեք փոփոխություն կատարենք կամ համալրենք համանախագահողների կազմը, ու թող գան նրանք, ովքեր կարող են լուծել։ Այս ամենը հաջողվեց հայկական կողմին կանգնեցնել, կանգնեցնել բանակի գործողությունների, կամավորների շնորհիվ։



- Ինչպե՞ս եք գնահատում մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքն այս օրերին՝ Պուտինի հավասարության նշան դնող հայտարարությունը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ ժամանակավոր հրադադարի միջնորդություն ստանձնեց հենց Ռուսաստանը։



- Դա, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պահվածքը, ռացիոնալ պահվածք է։ Հարցն ուրիշ բանի մեջ է, չեմ կարծում, թե քննադատելով, քննարկելով կամ հայհոյելով որեւէ ուղղությամբ՝ խնդիր կլուծվի, բայց կարեւոր խնդիր, որի դեմ պայքար պետք է տանել։ Մեկը՝ Ռուսաստանն ահռելի քանակությամբ զենք-զինամթերք է վաճառել Ադրբեջանին, որն այսօր կրակում է մեր տղաների վրա։ Եվ երկրորդը՝ եկեք ամեն ինչ մի կողմ դնենք ու մի հարց տանք. հրադադարի պայմանագիրը ո՞ր երկրում են պայմանավորվում՝ Մոսկվայո՞ւմ, ինչո՞ւ ոչ Վաշինգտոնում կամ Փարիզում, չէ որ Քերրի-Լավրով խոսակցությունից հետո է այդ հանդիպումը կազմակերպվել։ Ինչո՞ւ չեք կարծում, որ ամեն ինչ փոխհամաձայնեցված ու փոխպայմանավորված է։ Հենց այդ հեռախոսազրույցի ընթացքում է որոշվել, որ ամեն ինչն անելու է Մոսկվան։ Ինչո՞ւ թուրութվանքն ուղղել միայն Մոսկվայի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ երեք երկրների մինիմում համաձայնություն կա, ըստ որի՝ կոնֆլիկտի դեմն առնելու հարցերը դրված են Ռուսաստանի վրա։



- Խոսակցություններ կան, որ «լավրովյան պլանն» են ցանկացել իրագործել՝ տարածքների հանձնում անվտանգության դիմաց, ռուսական խաղաղապահների տեղակայում սահմանի ողջ երկայնքով։



- 1996 թվականից այդ խաղաղապահների մասին խոսվում է, արդեն 20 տարի է անցել՝ այնտեղ խաղաղապահներ չկան․ ներկայիս ձեւաչափում, առանց կողմերի համաձայնության, դա հնարավոր չէ։ Եթե մինչեւ անգամ հրադադարի ռեժիմի հետ կապված չեն պայմանավորվում, ինչպե՞ս են խաղաղապահներ տեղակայելու։



- Ասացիք, որ ձեւաչափի փոփոխություն, ըստ Ձեզ, չի լինի, իսկ հրադադարի նոր պայմանագի՞ր։



- Չեմ կարծում, թե նոր պայմանագիր կլինի, կլինի այն, ինչ եղել է, բայց հարց կա, որ մենք հիմա ներկայումս Ղարաբաղի հարավում հենակետային կորուստներ ունենք։ Այս հարցում բանակցություններ են ընթանում, եւ համանախագահող երկրները հերթով հանդիպում են ունենում կողմերի հետ։ Այս համատեքստում հետաքրքիր է, թե զինադադարի պայմանագիրը ռազմաճակատի որ գծով կանցկացվի, այն, ինչ կար մինչեւ ապրիլի՞ 1-ը, թե՞ նորը պետք է գծվի։ Սրա պատասխանը դեռեւս որեւէ մեկին հայտնի չէ, բանակցությունները դեռ ընթացքի մեջ են։ Չնայած հենակետային կորուստներին, մենք, ինչպես նշեցի, ռազմական առումով ատավելություններ ունենք ու կարող ենք այժմ որոշ պահանջներ առաջ քաշել։ Առաջինը՝ ԼՂՀ-ն դարձնել բանակցային կողմ, երկրորդ՝ բոլոր տիպի կոմպրոմիսները հնարավոր դարձնել, բացառությամբ ԼՂ անկախության ճանաչման դիմաց։ Որովհետեւ այս պարագայում, ինչ արեց Ադրբեջանը, որեւէ գիտակից մարդ չի կարող առաջարկել, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ու խաղաղ ապրի Ղարաբաղի բնակչությունը։ Եթե գիշերով մինչեւ ատամները զինված ադրբեջանցին գալիս է ու, ըստ իր դոկտրինի, հարձակվում է իր քաղաքացիների վրա (չէ որ իրենք Ղարաբաղը դիտարկում են Ադրբեջանի անքակտելի մաս), սպանում ու գլխատում է իր քաղաքացիներին, մարդկանց տները քանդում-ավերում, տեղահան անում, հետո ասում՝ եկեք խաղաղ ապրենք։ Սա պիտի դառնա մեր գլխավոր մեխը։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ