ՀՀ ներկա եւ նախկին նախագահների հանդիպման մասին մանրամասների չեն տիրապետում ՀԱԿ-ում

ՀՀ ներկա եւ նախկին նախագահների հանդիպման մասին մանրամասների չեն տիրապետում ՀԱԿ-ում

Ըստ ՀՀ Նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:



«Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը»,- նշված է հաղորդագրության մեջ:



«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից փորձեցինք հավելյալ մանրամասներ իմանալ հանդիպման մասին։ ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ ինքն էլ մեզ նման ԶԼՄ-ներից է կարդացել ու իմացել հանդիպման մասին եւ ավելացնելու ոչինչ չունի։



«Ինչ տեղեկատվություն որ հրապարակվել է ԶԼՄ-ներում, այդքանն է, առայժմ այդքանը կարող ենք ասել»,- հավելյալ մանրամասներ իմանալու մասին մեր հարցին այսպես արձագանքեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։