Կառավարության դիմաց այսօր թեժ էր, էլ հայհոյանքներ, էլ ճանապարհ փակել, էլ ՀՀԿ տատի (լուսանկարներ)

Կառավարության դիմաց այսօր թեժ էր, էլ հայհոյանքներ, էլ ճանապարհ փակել, էլ ՀՀԿ տատի (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին բազմաթիվ մարդիկ: Կոնդենցիները, նորաշենցիները, Բուզանդի փողոցի, Եկմալյան 4-16 շենքերի տասնյակ նախկին բնակիչները պահանջում էին, որ իրենց հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում հատկացվի։ Նրանք նաև պահանջում էին, որ վարչապետն իջնի ներքև և հանդիպի իրենց հետ։ Կրքերն այս անգամ բավականին թեժ էին, հավաքվածները պնդում էին, որ չեն հեռանալու մինչև այսօր վարչապետը իրենց չընդունի:



Hraparak.am-ի հետ զրույցում Եկմալյան շենքի բնակիչներից մեկն ասաց, որ 12 տարի է, ինչ գտնվում են դրսում, նրա պնդմամբ` ոչ հողակտոր են տալիս և ոչ էլ անգամ գումար, որպեսզի կարողանան ապրել. «Որպես տուժածներ ասացին, որ Դալմայի մոտակայքում բնակարաններ կտան, բայց այդպես էլ չտվեցին, Պապոյան Գագիկը վերցրել ա մեր բնակարանները ու վաճառել: Ես ապրում եմ քրոջս բնակարանում, ո՞նց կարամ 10 տարի վարձ տամ: Մեզ ոչ մի փոխհատուցում չի եղել»:



«Էս ժողովրդին էդ դատական ատյանից էնտեղ են ուղարկում, էնտեղից` էնտեղ: Վերջին խուժանությունն են անում, վաշխառուներին արդարացրին, մաքուր գնորդներ հանեցին, բայց բոլոր ցուցմունքները իրենց դեմ էր: Շենքի կառուցողների հետ հանցավոր համաձայնության են եկել ու մեզ շենքից հանել, ընդամենը պահանջում եմ` գոնե հողատարածք տան»,- պատմում է 8 տարի դրսում հայտնված Արուսյակ Վանյանը:



Հավաքվածներից մի կին, ով նույնպես իր երեխաների հետ հայտնվել էր դրսում, պահանջում էր վարչապետին դուրս գալ. նա անգամ հայհոյում էր: «Վարչապետ, դուրս արի, թե ինձանից վախենում ես»: Նրա խոսքերով` իրեն 3 անգամ են տան և կոմունալ ծախսերը մուծելու համար գումար տվել, իսկ այժմ չգիտի` ինչ անել. «Իմ էրեխեքը ինքնասպան կլինեն սենց, թող ինձ մերժեն՝ կգնամ Թուրքիա, հենց հիմա էլ փողը կուղարկեն»: Կառավարության շենքից դուրս եկած Զարուհի Փոստանջյանը զրուցեց հավաքվածների հետ, որոշ չափով ծանոթացավ խնդիրներին և հրավիրեց իրենց գրասենյակ՝ տեղում ամեն ինչ պարզաբանելու և լուծումներ գտնելու համար:



Մինչ դրսում հայտնվածները պահանջում էին վարչապետի ներկայությունը, քիչ հեռու հավաքված նաիրիտցիները պահանջում էին, որ գործարանը վերագործարկվի: Հավաքի մասնակիցները փորձեցին փակել ճանապարհը, դա իրենց մոտ ստացվեց ընդամենը մի քանի րոպեով: Ոստիկանների ջանքերով մայրուղին բացվեց:



Բողոքավորների շարքում իր ակտիվ մասնակցությունն էր ունենում նաեւ հայտնի ՀՀԿ-ական տատին, ով ընդդիմանում է ընդդիմացողներին և գովաբանում կառավարության անդամներին ու նախագահին։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ