Ամերիկյան տանկերը արդեն Վրաստանում են

Ամերիկյան տանկերը արդեն Վրաստանում են

Ամերիկյան ծանր զինտեխնիկան, որը պետք է մասնակցի վրաց-ամերիկյան համատեղ Noble Partner 2016 («Արժանի գործընկեր-2016») զինավարժություններին, արդեն մուտք է գործել Վրաստան: Դրանք են M1A2 «Աբրամս» տեսակի տանկերը եւ «Բրեդլի» ռազմական ավտոմեքենաները, որոնք այս պահին ուղեւորվում են Վազիանիի զորավարժարան: Այս մասին հաղորդում է Грузия Онлайн-ը: Ռազմական այս տեխնիկան Վրաստան է բերվել Բուլղարիայով` բեռնվելով Վառնայի նավահանգստում: 



Հիշեցնենք, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» համատեղ զորավարժությունները արդեն տեղի են ունենում երկրորդ անգամ եւ հանդիսանում են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման զորախմբերի զորավարժությունների մի մասը, որի նպատակը վրացական զինված ուժերի պատրաստականությունը բարձրացնելն է: Զորավարժությունների սցենարը կայունության պահպանումն է, գրոհի ձեռնարկումը եւ պաշտպանության կազմակերպումը: Զորավարժություններին մասնակցում է 1300 զինվորական, որոնց շարքում 650-ը ԱՄՆ եվրոպական հրամանատարության զորախմբից են, 500-ը վրացական զինուժն են ներկայացնում, իսկ 150-ը բրիտանացի զինվորականներն են: