Մեծ հայրենականից մինչեւ Մեծ Շուշի

Մեծ հայրենականից մինչեւ Մեծ Շուշի

Հաղթանակի այգին այս Մայիսի 9-ին այնքան մարդաշատ չէր, որքան անցյալ տարիներին։ Առհասարակ, գնալով մարում է Հայրենական մեծ պատերազմին ուղղված ոգեւորությունը, եւ Մայիսի 9-ն ավելի ու ավելի է վերածվում Շուշիի հաղթանակի տոնի։ Պատճառը թերեւս այն է, որ տարեցտարի քչանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանները։



Այս տարի էլ, նախորդ տարիների նման, մեր վետերաններն արձանագրեցին, որ ոչ մի դրական վերաբերմունք չեն տեսել պետությունից։ Էլի նույն համեստ թոշակն ու պարգեւավճարներն են։ Ուշադրությունը սահմանափակվել է շնորհավորանքներով ու պաշտոնական հաղորդագրություններով։ Մի քանի տարի անց նրանք էլ չեն լինի, եւ հայրենի կառավարությունը այդ մի դարդից էլ կազատվի։ Բայց քանի դեռ նրանք կան, մեր բարձրաստիճան այրերն ստիպված են ամեն տարի այս օրը գալ Հաղթանակի այգի։ Թիկնապահներով շրջապատված, պաթետիկ դեմքերով՝ նրանք մտնում են վետերանների համար բացված վրանները, ճաշում նրանց հետ, նրանց կենացը խմում ու լրագրողներից մի կերպ ճողոպրելով՝ հեռանում։



Այս անգամ բարձրաստիճան պետական ապարատից Հաղթանակի այգի էր այցելել երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ Սերժ Սարգսյանը։ Ամեն տարի վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր այստեղ լինում, բայց այս տարի վարչապետը մի քանի նախարարների հետ մեկնել է Արցախ։ Անվտանգության աշխատակիցները մի քանի մետր շառավղով ուղղակի կաթվածահար էին արել անցուդարձը տարածքում, չէին թողնում լրագրողներն ազատ աշխատեին։ Մենք սկսեցինք ազատ շունչ քաշել, երբ Սերժ Սարգսյանը վրանների հետեւից աննկատ մոտեցավ ծառերի խորքում կանգնած մեքենային ու հեռացավ։ Նախագահի հետ էին նաեւ կաթողիկոսը, արքեպիսկոպոս Կճոյանն ու այլ հոգեւորականներ։ Նրանք եւս չխոսեցին։



Այգում Շուշիի եւ Հայրենական մեծ պատերազմի մասին հաղթական երգեր էին հնչում, սակայն հին ոգեւորությունը չկար, Սերժ Սարգսյանի եւ այլ բարձրաստիճանների ներկայությունն էլ որեւէ ոգեւորություն չառաջացրեց՝ բացի արհեստական իրարանցումից։ Նախագահի գնալուց հետո լրագրողների հետ մի քանի բառ փոխանակեցին նախարարներ Սեյրան Օհանյանը, Էդվարդ Նալբանդյանը։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոչինչ չասաց։ Ինչ-որ բան փորձեց ասել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, բայց նրա մոտ դա այնքան էլ լավ չստացվեց։ Մասնավորապես, պատերազմի վերսկսման հավանականության մասին նա ասաց. «Քիչ կա, բայց շատ չկա»։ Ամենաերկարը խոսեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ կրկին հիշեց, որ «այսօր այդ օրը չէ», հետո հայտնեց իր ավանդական շնորհակալությունն ու խնդրեց մեզ ճանապարհ տալ, որ հեռանա։ «Դուք արդեն խցանում եք ստեղծում»,-եղավ նրա պատասխանը։



Կեսօրին զբոսայգի ժամանեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրան ուղեկցում էին ՀԱԿ անդամ իր թիմակիցները՝ Զուրաբյան, Դեմիրճյան, Ջհանգիրյան, նաեւ իր թոռնուհին՝ Լուսյան։ Տեր-Պետրոսյանն անցած տարիների նման, լուռ ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ ու հեռացավ՝ կրկին չպատասխանելով որեւէ հարցի։ Այստեղ էին նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ՌԱԿ անդամ, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը եւ այլ գործիչներ։ Եկել էին նաեւ դեսպաններ։



ՌԴ դեսպան Վոլինկինը, օրինակ, հիշեց, որ այսօր տոն է, պետք չէ քաղաքական հարցեր տալ։ Իսկ երբ նրան հիշեցրինք, որ այսօր նաեւ պատերազմ է, եւ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել այս պատերազմում մեզ հակառակորդ Ադրբեջանին, ՌԴ դեսպանը պահանջեց փաստաթղթեր ցույց տալ, որ իսկապես այդպես է։ Նրա փոխարեն ավելի ուշագրավ մի միտք հայտնեց դեսպանի օգնականը։ «Ի՞նչ եք ուզում, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը: Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ»,-ասաց նա՝ խնդրելով անջատել տեսախցիկները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ