Մի բան էլ որ էն չլինի, եռատոնը գլուխներին քառատոն կսարքենք

Մի բան էլ որ էն չլինի, եռատոնը գլուխներին քառատոն կսարքենք

Այս տարի Շուշիի ազատագրման օրն Արցախում տոնում են ասկետիկ, զուսպ եւ առանց ավելորդ ճոխությունների, ինչպես ընդունված է պատերազմի ժամանակ։ Բայց փոքր կոլեկտիվներով, իհարկե, ավելի ուրախ են տոնում։ Գործարար, նախկին պատգամավոր Նելսոն Մինասյանի տոնը շնորհավորեցինք, երբ նա բաժակը ձեռքին պատրաստվում էր հաղթանակի կենացը խմել։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Նելսոն Մինասյանը Ստեփանակերտի պարետն է եղել։ «Լոխ լավ ա։ Տրամադրությունը՝ 100 տոկոս, շատ բարձր ու միշտ պատրաստ։ Մի բան էլ որ էն չլինի, եռատոնը գլուխներին քառատոն կսարքենք»։



Ընդդիմադիր ուժերը, թեեւ դրանք Արցախում ավելի հարաբերական կատեգորիա են, քան Հայաստանում, իշխանության հետ միասին են։ Արցախի պատգամավոր, ընդդիմադիր համարվող «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդիկ Աղաբեկյանն ասում է․ «Էլ ի՞նչ գաղափարներ, ի՞նչ կուսակցություն, ի՞նչ թայֆայականություն։ Կա մի իրականություն՝ դիրքեր։ Երբ մի ընդհանուր սուր է կախված, ընդհանուր վտանգի պայմաններում բոլորը միավորվում են։ Իշխանությունը՝ մի կողմ, պետությունն է անկյունաքարը»։



Ըստ նրա, Մայիսի 9-ը սովորական օրերից քիչ է տարբերվում։ «Շուշիի տոնն է, ի վերջո, չէ՞» ռեպլիկին պատասխանում է, որ նոր է վերադարձել սահմանամերձ գյուղերից եւ չի հասցրել տեսնել Ղարաբաղ ժամանած բարձրաստիճան հյուրերին։ «Տոնական միջոցառումներն ընթանում են սովորական հունով։ Բայց, ի տարբերություն մյուս տարիների, մարդիկ վերջին դեպքերից հետո ավելի հասունացած են։ Հուսով եմ, որ այս հասունությունը բոլորին կհասնի։ Որ ոչ միայն շարքայինները հետեւություններ կանեն, այլեւ մյուսները»։ Թե ում նկատի ունի, պատգամավորը չցանկացավ մանրամասնել։



Վարչապետի կուսակցության՝ «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչ, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը եւս նախօրեին Հայաստանից ժամանած պատգամավորների հետ շրջել էր գյուղերով։ «Այսօր էլ տոնական միջոցառումներով ենք զբաղված։ Հատուկ միջոցառումներ չեն եղել, Հայրենական պատերազմի հուշարձանին, մեր զոհված ազատամարտիկների գերեզմաններին ենք ծաղկեպսակներ դրել՝ ամեն Մայիսի 9-ի գրաֆիկով։ Նախորդ տարիների տրամադրությունը չունենք, կապված մեր զոհերի հետ, բայց մարդիկ մարտական են տրամադրված»։



«Այս գիշեր շա՞տ են կրակել» հարցին պատգամավորը պատասխանեց․ «Սովորական գիշեր էր, ինչպես մնացած գիշերները, այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է։ Հյուրեր ունենք արտասահմանից։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե, բայց այս տարի արտասահմանցիներն ավելի շատ են»։ Հարցին, թե ովքեր են եկել Ղարաբաղ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը եկե՞լ է, Ռուսլան Իսրայելյանը չցանկացավ պատասխանել, խորհուրդ տալով հետեւել պաշտոնական լրահոսին․ «Եկել է Հայաստանի վարչապետը, ցույց են տվել հեռուստացույցով, եկել են հյուրեր տարբեր երկրներից, ինչպես միշտ։ Պարզապես, նախկին տոնական շուքը չի եղել, կապված վերջին դեպքերի հետ»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ